Համաշխարհային գրքի մայրաքաղա՞ք. գիրք կարդալու մշակույթը` հայաստանցիների «օրակարգից» դուրս

Մինչ շատ հեռուստաալիքներով փորձում են հավատացնել, որ Հայաստանում 5 մարդուց 4-ը գիրք է կարդում, իրականում, գիրք կարդալու մշակույթը հետզհետե դուրս է մղվում հայաստանցիների «օրակարգից»:
Երեւանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելը նույնիսկ չի կարող նպաստել, որ գրատպության 500 տարվա պատմություն հայաստանցիներն ավելի շատ կարդան, ու, առավել եւս, գիրք գնեն:
Ընթերցանության սիրահարների մեծ մասն այլեւս նախընտրում է գիրք կարդալ համակարգչի, հեռախոսի ու ժամանակակից այլ կրիչների միջոցով, իսկ նրանք, ովքեր անտարբեր են գրքի հանդեպ, դժվար կլինի հեղափոխել միջազգային գրքի տոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներով:
Միջազգային հրատարակիչների ընկերակցությունը, Միջազգային գրավաճառների ֆեդերացիան և Գրադարանների ընկերակցության միջազգային ֆեդերացիան Երեւանն այս տարի հռչակել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք:

Ապրիլի 22-ից մեկնարկել են «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ի, ինչպես նաեւ հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները: Ցուցահանդեսները, համաժողովները, շրջիկ գրախանութները, գրքի տպագրության, վաճառքի ու ընթերցանության վերաբերյալ քննարկումները միտված են բարձրացնելու գրքի եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը:

Սակայն, թե որքանով դա կհաջողվի, դժվարանում են ասել անգամ ոլորտի ներկայացուցիչները: «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է՝ գրախանութ մտնելու մշակույթը մարդկանց մոտ վերանում է.

«Միայն 40 հազար անուն գիրք է վաճառվում մեր գրախանութում տարբեր տարիքային խմբերի համար թե մասնագիտական, թե գեղարվեստական եւ հազարավոր գրքեր վաճառվում են նաեւ գետնանցումներում ու այլ գրախանութներում, բայց գեղարվեստական գրականություն կարդացող չկա: Հիմնականում վերցնում են մասնագիտական ոլորտի գրքեր կամ դասագրքեր»:

Վարդանյանի կարծիքով՝ խորհրդային տարիներից հետո արժեհամակարգը փոխվել է՝ փոխելով նաեւ գրքի հանդեպ վերաբերմունքը. «Մարդիկ գումար ունեն նստելու սրճարաններում դատարկաբանելու, բայց նրանցից շատերը նշում են, թե գումար չունեն գրախանութից գիրք գնելու»:

Երեւանում խորհրդային տարիներին կար 67 գրախանութ, որից այսօր մնացել են 15-ը: Միեւնույն ժամանակ ավելացել է հրատարակչությունների թիվը՝ խորհրդային տարիներին գործող 8 հրատարակչությունների փոխարեն այսօր գոյություն ունի 300 հրատարակչություն ու տպագարտուն, որից 50-ը մասնագիտացած են գեղարվեստական ստեղծագործություններ տպագրելու մեջ:

1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին սոցիալական ծանր պայմաններից դրդված մարդիկ ցրտից տաքանալու համար հաճախ վառում էին իրենց տան գրադարաններում եղած գրքերը, ոմանք էլ այդ գրքերը շատ էժան գներով հանում էին փողոցներում վաճառքի իրենց ապրուստը հոգալու համար:

Մինչ օրս էլ Երեւանի կենտրոնական փողոցների մի շարք գետնանցումներում եւ Վերնիսաժում կարելի է տեսնել վաճառքի դրված գրքերի շարքեր:

Երիտասարադական մետրոյի գետնանցումի գրավաճառները նշում են, որ խորհրդային միության տարիներին բոլորը համատարծ գիրք էին կարդում, իրենց տներում ունեին նույնիսկ անձնական գրադարաններ, իսկ այսօր ընթերցողները շատ քիչ են, գեղարվեստական գրքեր հիմնականում գնում են 40-50 տարեկանները, իսկ գնորդների մեծ մասին հետաքրքրում են դասագրքերը:

Գրախանութներից ու դրսում վաճառվող գրականությունից չօգտվելու պատճառներից մեկը, ըստ Ֆեյսբուքի օգտատեր 23-ամյա Արսեն Թավադյանի, ինտերնետային ազատ ռեսուրսներն են, որոնք հնարավորություն են տալիս բեռնել կամ համակարգչով առցանց կարդալ գիքեր:

«Գրեթե ամեն օր գիրք եմ բեռնում և առնվազն 2-3 ժամ նվիրում եմ ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական ինտերնետային գրականությանը»,- ասում է նա:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ասպիրանտի համար գիրքը թանկ հաճույք է, իսկ ինտերնետային ռեսուրսները ազատ են: Բացի այդ գրախանութներում ոչ բոլոր գրքերն են առկա, իսկ պատվիրելն, ըստ նրա, շատ երկար է տեւում:

«Եթե համեմատենք գիրքը համակարգչով ընթերցելու հետ, ապա այն ավելի հարմար է, զուտ աչքերի համար, ինչը համակարգչի մոնիտորի դեպքում հարմար չի: Սակայն այժմ շատ են տարածված գիրք կարդալու համար հատուկ սարքերը` reader-ները: Դրանք շատ հարմար են, որովհետև չեն ցավացնում աչքերը, հնարավորություն են ստեղծում շատ փոքր չափսերի մեջ տեղավորել մեծ քանակությամբ գրականություն»,-ասում է Թավադյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` www.mskh.am