Սյուզաննա Գոգչյանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում է բնակվում, ունի տեսողության խնդիր, զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ։ Ասում է՝ արհեստական բանականության գործիքների ի հայտ գալը շրջադարձային եղավ ոչ միայն իր կյանքի, այլև իր շահերի պաշտպանության գործում։ Սյուզաննան սովորեց լիարժեք օգտվել սմարթֆոնից, համակարգչից։ Այսօր նրա հետաքրքրությունների շրջանակն անհամեմատ ընդլայնվել է։
«Եթե նախկինում տեսողության խնդիր ունեցողները չէին կարողանում տեսնել լուսանկարների բովանդակությունը կամ ստիպված էին հաղորդակցվել միայն ձայնայինով, ապա այսօր ԱԲ-ն վերլուծում է պատկերներն ու ձայնը վերածում տեքստի։ Սա լայն հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցելու առցանց քննարկումների, բարձրաձայնելու խնդիրներն ու պաշտպանելու սեփական իրավունքները»,- ասում է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը։
Թեև թվային տեխնոլոգիաներն ընձեռում են լայն հնարավորություններ, շատերի համար դրանք դեռևս հասանելի չեն, իսկ նոր գործիքներն իրենց հետ բերում են նաև որոշակի մարտահրավերներ։ Այս խնդիրների հասցեագրման, թվային գրագիտության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակով իրականացվել է վեցամսյա «Թվային կայծ» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է «Մետամորֆոզիս» հիմնադրամի, «ԹեքՍուփ»-ի և «Սիվիկուս» միջազգային դաշինքի համագործակցությամբ՝ որպես Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աջակցության մեխանիզմի մաս։
Նախաձեռնության շնորհիվ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ, նախաձեռնող խմբեր և անհատներ իրականացրել են ծրագրեր՝ ուղղված մեդիագրագիտությանը, փաստերի ստուգմանը, երիտասարդների թվային անվտանգությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում արհեստական բանականության պատասխանատու կիրառմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց թվային հմտությունների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում «Լոռի շահերի պաշտպանություն» ՀԿ-ի կողմից, օրինակ, կազմակերպվել է եռամսյա դասընթաց՝ NVDA և TalkBack էկրանընթերցիչների վերաբերյալ։ Դասընթացներին մասնակցել է տեսողության խնդիր ունեցող 8 անձ։ Արդյունքում՝ նրանք ոչ միայն զարգացրել են թվային հմտությունները, այլև ձեռք բերել փոխադարձ աջակցության կապեր ու վստահություն՝ թվային և հանրային կյանքին ինքնուրույն մասնակցելու համար։
«Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությամբ քաղաքացիական մասնակցության կենտրոն» ծրագրի ենթադրամաշնորհառու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն էլ պատրաստել է փոդքասթաշար։ Այն մեկ սեղանի շուրջն է միավորել պետական կառույցների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց՝ միասին քննարկելու ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Մանկական ուղեղային կաթված ունեցող 25-ամյա Էդմոն Չիլինգարյանը երազանքների մասին խոսելիս անդրադառնում է ոչ թե նյութական ցանկություններին, այլ հանրային տարածքների ու բուժհաստատությունների մատչելիության խնդրին։
Նա մեծ ոգևորությամբ է պատմում Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի հետ փոդքասթ-քննարկման մասին, որի ընթացքում բարձրաձայնել է միջավայրի անմատչելիության պատճառով այն խնդիրները, որոնց ինքն է բախվել։
«Պոլիկլինիկայում ինձ հետազոտություն էր պետք, բայց սարքը երկրորդ հարկում էր։ Ու շատ մեծ դժվարությամբ սարքն իջացրեցին առաջին հարկ։ Իմ՝ պոլիկլինիկա այցելելը միշտ էլ խնդիր է լինում, որովհետև սայլակով երկրորդ հարկ բարձրանալ չեմ կարող. ոչ վերելակ կա, ոչ թեքահարթակ, ստիպված առաջին հարկում են սպասարկում»,- ասում է նա։
Միջոցառմանը մասնակցել են Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, նախաձեռնող խմբերի անդամներ և անհատներ, որոնք ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները։
Ամփոփելով քննարկումը՝ մասնակիցները մշակեցին միասնական առաջարկ. քանի որ արհեստական բանականության ոլորտը նոր է, անհրաժեշտ է աշխատանքներ կատարել երկու ուղղությամբ՝ ապահովել օրենսդրական կարգավորումներ և զուգահեռաբար ընդլայնել հանրային ուսուցման ու վերապատրաստման ծրագրերը՝ ԱԲ-ից անվտանգ և արդյունավետ օգտվելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
















