Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում

Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում
Ինչի՞ց են վախենում իշխանությունները. Պայքարի ու կրակող ատրճանակների արանքում

Հայաստանի իշխանությունները վախենում են, որ տարբեր խնդիրների լուծման նպատակով ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունները կարող են ավելի մասսայական դառնալ: Իշխանությունը վստահ չէ իր միասնականության վրա,  հետեւաբար փորձում է բիրտ ուժի կիրառմամաբ կանխարգելել այդ հնարավորությունը:  «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ վերջին օրերին տեղի ունեցած բախումներին, նման կարծիք է հայտնում  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Հիշեցնենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ՀԾԿՀ առջեւ հունիսի քսաներեքին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառեց՝ ֆիզիկական բռնություն, բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ: Նույնը կրկնվեց Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի ժամանակ՝ հունիսի քսանչորսին: Հիշեցնենք, Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը, որը ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների շարքում, ոչնչացման վտանգի առաջ է կանգնած, որի դեմ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքին միացել են բազմաթիվ քաղաքացիներ:

«Ոստիկանությունը Հայաստանում չի փոխվել: Իշխանությունը եւ ոստիկանությունը, հաշվի առնելով որոշակի միջազգային ճնշումներ կարող են ձեւ անել, թե փոխվել են, բայց երբ կրիտիկական կետին հասնի, իշխանությունը պատրաստ է ամեն ինչի, կարող է մարտի 1-ը կրկնել, կարող է մարտի 1-ը  ոչ թե 10, այլ 100 զոհերով լինել եւ ոստիկանությունն այդ քայլերին կգնա»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ  Հայաստանի նման երկրում, որը եւ սոցիալական խնդիր ունի եւ քաղաքական, այսինքն, ոչ լեգիտիմ իշխանություն, ցանկացած նման շարժում շատ վտանգավոր է իշխանության համար:  

«Մենք տեսել ենք մի քանի շարժումներ, որոնք հասել են լուրջ արդյունքների, մասնավորապես, 2010 թվականին՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանությանն ուղղված շարժումը, որն իսկապես շատ կազմակերպված էր եւ բավականին ուժեղ հակազդեցության հանդիպեց ոչ միայն իշխանության այլեւ եկեղեցու կողմից: Դրանից հետո ավելի կազմակերպված եւ ավելի լայն ընդգրկում ուներ հանուն Մաշտոցի պուրակի ձեւավորված շարժումը, որը հաջողության հասավ, բայց այդտեղից արդեն , իշխանությունը սովորեց զարտուղի ճանապարհներ գտնել, այսինքն,քաղաքացիական պայքարից հաջողության պտուղներ քաղել նաեւ իր համար», -«Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:

Հիեցնենք, 2010 թվականին կառավարությունը հանրային ճնշման տակ հրաժարվեց  «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ նրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան եկեղեցի կառուցելու գաղափարից, իսկ 2012 թվականի մայիսին, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ» թեւավոր խոսքերով հորդորեց Երեւանի քաղաքապետին ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարները:

Զառա Հովհաննիսյանի խոսքով, իշխանությունը հենց այդ ժամանակվանից քաղաքացիական պայքարը փորձեց իր օգտին ծառայեցնել եւ այդ առումով այժմ ավելի է հմտացել:

«Հիմա իշխանությունը շատ լավ սովորել է շարժումներն իր  օգտին օգտագործել, տարբեր դիվիդենտներ շահել, շարժումների ներսում մանիպուլյացիաներ անել: Հիմա իշխանությունը հասկացել է, որ հասարակությունը կարող է առանց լիդերի, առանց կուսակցութան պայքար մղել եւ մի կողմից ուժեղացրել է ոստիկանական բիրտ ուժը, մյուս կողմից մանիպուլյացիաների միջոցով խնդիրը հօգուտ իրենց լուծելու փորձ են անում, այնպես , ինչպես պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում ՍԴ որոշումը եղավ»,-ասում է Զառա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  նման գործելակերպով իշխանությունը պարզապես  փորձում է ժամանակ ձգել ու պարպել հասարակության  մեջ կուտակված կրքերը:

Ակտիվիստի խոսքով, ժամանակն  է, որ  քաղաքացիական շարժումներն էլ նոր փուլ մտնեն եւ պայքարի նոր պայքարի ձեւեր գտնեն:

«Օրեր կան, երբ քաղաքը տարբեր կողմերից պայթող արկերի է նմանվում, որովհետեւ տարբեր շարժումներ անընդհատ քաղաքը ողողում են եւ ոստիկաննեը լցված են ամեն տեղ. Մի կողմից Աֆրիկյանների ակումբի տան պայքարը, մյուս կողմից` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Կարծում եմ,  կգա պահ, որ բոլոր այս շարժումները կինքնակազմակերպվեն եւ պայքարը լրիվ այլ ուղղւությամբ կտանեն եւ կհարվածեն ոչ թե կոնկրետ թիրախային խնդիրներին, այլ անմիջականորեն իշխանությանը»,- «Մեդիալաբին» ասում է Զառա Հովհաննիսյանը:

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը նույնպես կարծում է, լոկալ բնույթ կրող  քաղաքացիական շարժումներով իշխանափոխություն հնարավոր չէ կատարել, քանի որ այդ շարժումները չունեն իշխանափոխության վերջնանպատակ եւ քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժումների միջեւ անվստահություն կա, բայց, Ստեփան Դանիելյանի խոսքով, կարող է տեղի ունենալ իշխանության համար վտանգավոր այլ երեւույթ:

«Մենք երկու օրինակ ունենք՝ Շանթ Հարությունյանը եւ  Հայկ Կյուրեղյանը, որը ցուցադրաբար կրակեց ոստիկանների վրա: Այս դեպքերն իշխանությունների համար ավելի մտահոգիչ պետք է լինեն, որովհետեւ երբ չկա լուծում, չկա իշխանության փոփոխության եւ քաղաքական պրոցեսները զարգացնելու ցիվիլ եղանակ, նման դեպքերը կարող են շարունակվել եւ հաջորդ անգամ կարող է լինել ոչ թե օդամղիչ ատրճանակ, այլ իսկական : Կան անհավասարակշիռ մարդիկ, որոնք տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, արող են նման քայլների գնալ: Այս սա լուրջ վտանգ է իշխանության համար»,-ասում է Ստեփան Դանիելյանը:

Վերլուծաբանը նաեւ նշում է, որ  թեեւ քաղաքացիական  շարժումները լոկալ խնդիր են, այդուհանդերձ, փոխում են հասարակության վերաբերմունքը ոչ միայն կոոնկրետ խնդրի, այլեւ քաղաքական դաշտում կատարվող նմանատիպ երեւույթների նկատմամբ: 

«Այս առումով ինչ–որ ժամանակ հետո քաղաքացիական շարժումնեը կարող են հաղթանակի բերել»,-կարծում է Ստեփան Դանիելյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am