«Ես չեմ կարող ասել՝ եկեք արգելենք աբորտները, որպեսզի ընդհատակյա աբորտներ լինեն, ու կանայք մահանան ներքին արնահոսությունից»․ Գայանե Ավագյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ

Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում վերջերս հանրագիր-պահանջ էր ներկայացվել հղիության արհեստական ընդհատումները օրենքով արգելելու մասին։ Դուք այդ քննակմանը ներկա էիք, արդ նախաձեռնությունը համարեցիք միջնադարյան քայլ ․․․

– Այո, հիմա էլ եմ ասում՝ դա միջնադարյան քայլ է։ Այդ առաջարկը չունի որևէ կենսական հիմք և նշանակություն։ Դա կարող է նպաստել ընդհատակյա աբորտների, կանանց հաշմանդամության, կանանց մահացության բարձրացման, լքված երեխաների թվի աճի, մանկասպանության։ Կինը եթե չի ուզում երեխա ունենալ, ուրեմն ունի չէ՞ դրդապատճառ, ու այդ դրդապատճառը նրան կստիպի, որ այդ աբորտը անի։

Եթե հիմա ամեն ինչ կարգավորված է, թույլատրվում է մինչև 12 շաբաթական ժամկետը հղիությունը ընդհատել, որն առավել ապահով է ու անվտանգ առողջության համար, ինչո՞ւ ներմուծել նոր ու անընդունելի կարգ, ինչո՞ւ բարդացնել մարդկան կյանքը։ Հղիության արհեստական ընդհատումների արգելքը չի կարող բարձրացնել ծնելիությունը, դա միֆ է, որովհետև երկրների փորձ կա՝ Սովետական Միությունը 36-56 թվականներին արգելել էր աբորտը, բայց դա հո ծնելիություն չբարձրացրե՞ց։ նույնը Ռումինիան։

Տիկին Ավագյան, այդ քննարկումից ժամեր անց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ առաջիկայում հղիության արհեստական ընդհատումներն արգելելու մասին նախագիծ կդնեն շրջանառության մեջ։ Նա շեշտել էր, որ չծնված երեխան կյանքի իրավունք ունի։

– Ոչ, նման բան չկա։ Մինչև 22 շաբաթականը, եթե հղիությունը ընդհատվում է, դա վիժում է, իսկ 22-ից հետո եթե երեխան ծնվում է, կենդանության նշան ունի, ապա ունի նաև ապրելու իրավունք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ կյանք տանք իրեն։ Բայց եթե կենդանության նշաններ չունի, ի՞նչ անել այդ պարագայում, նրան ասել՝ ա՞նձ է։ Նրան անձի իրավունք տա՞լ։

Ըստ Ձեզ՝ անհի՞մն է այդ պնդումը։

Միանգամայն։ Առնվազն պետք է դիլետանտ լինի մարդը, որ չհասկանա՝ ինչ բան է հղիություն, ինչ բան է պտղի զարգացում։ Առաջներում մանկաբարձ-գինեկոլոգներն ասում էին, որ պտուղը մոր ֆիզիոլոգիական նոր օրգան է, որն առաջացել է հղիության ընթացքում, որովհետև այդ պտուղը առանց մոր գոյություն ունենալ չի կարող։ Էլ ի՞նչ իրավունք, եթե ինքը ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող։

– Հայաստանի մասով ցուցանիշներն այդքան վա՞տ են, որ դարձյալ նման խնդիր է առաջացել։

– Ոչ։ Վերջին տասը տարում մենք մայրական մահ չենք ունեցել աբորտից, և դա շնորհիվ այն բանի, որ մենք ունենք թույլտվություն՝ հղիությունը ընդհատել մինչև 12 շաբաթական ժամկետը։ Չես ուզում երեխա ունենալ, անցանկալի հղիությո՞ւն է, կամ բռնաբարությո՞ւն է տեղի ունեցել, աբորտ արա մինչև 12 շաբաթական ժամկետը։ Իսկ այդ նախագծում անգամ բռնաբարության դեպքում էր արգելվում հղիության արհեստական ընդհատման դիմել։

Ովքե՞ր են նման պահանջ ներկայացնում, այդ հարցի պատասխանը շատ լավ տվել է IPPF-ը (International Planning Parenthood Federation)։ Նրանք շատ տիպիկ էին բնութագրել նման պահանջ ներկայացնող խմբին և ասել էին՝ «Հղիության արհեստական ընդհատման և անհրաժեշտ խնամքի բազմաթիվ խոչընդոտներ դեռևս պահպանվում են։

Ավելին, որոշ երկրներում, որտեղ առկա են պոպուլիզմի և կտրուկ ազգայնականության աճ, աբորտների իրավիճակը կտրուկ վատթարանում է։ Ուլտրապահպանողական ուժերը, որոնք ունեն կանանց ինքնավարության և նրանց վերարտադրողական առողջության վերահսկման օրակարգ, փորձում են ստիպել իրենց ֆունդամենտալիստական տեսակետը գենդերային դերերի վերաբերյալ։

Նրանց մարտավարություններից մեկն այն է, որ աբորտների արգելքների միջոցով ստիպեն կանանց դիմել հղիության ընդհատակյա ընդհատման՝ նպաստելով աբորտների խնամքից հրաժարվելու և սպառնալ կանանց կյանքին, վերարտադրողական առողջությանը, հանգեցնել հաշմանդամության և մահվան, ինչպես նաև մեծացնել մանկասպանության և մանկալքության դեպքերը»։

Սա 2020-ին հրապարակված զեկույցից հատված է, որը 42 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կատարված հետազոտության արդյունք է։ Եվ իմ մեջբերած հատվածը հենց վերաբերում էր Հայաստանին։

Այդ նախագծի հեղինակ պատգամավորներն իրենց նախաձեռնությունը հիմնավորում էին պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների աճով։

Այո, շատ կարևոր հարց է։ Պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ, ինչպես գիտեք, լայն, մասսայական քարոզչական արշավներ կազմակերպվեցին՝ առողջապահության նախարարության և բազմաթիվ կազմակերպությունների համագործակցությամբ։

Արդյունքում օրենսդրություն ենք փոխել, և այժմ 12 շաբաթականը գերազանցող պտղի սեռով պայմանավորված աբորտներն արգելվում են։ Հիմա արյան միջոցով են նույնիսկ պտղի սեռը որոշում։ Մարդը որոշում է հղիությունն ընդհատել և ասենք՝ ութ շաբաթականում գալիս է հղիությունը ընդհատելու, ինչպե՞ս չընդհատես։ Հակառակ դեպքում կգնա ինքնուրույն կընդհատի, դեղ կխմի, կսկսի արյունահոսություն ու հիվանդանոց կգա արյունահոսությամբ, և հղիությունը կընդհատի՝ իր առողջությանը վնաս տալով։

Նաև տեսակետ կար, որ նման նախագծի ընդունման արդյունքում մանկատներում երեխաների թիվը կաճի։

Անպայման։ Եթե օրինակ արատավոր երեխաներին մենք չհայտնաբերենք ու ժամանակին չհեռացնենք, ծնողները կհրաժարվեն և արդեն ծնված երեխան կգնա մանկատուն։ Արդյունքում պետության բեռը կավելանա, իսկ երեխաներն էլ դաժան կյանքով են շարունակելու ապրել։ Ով աբորտներին դեմ է, թող գնա Խարբերդի մանկատուն, տեսնի՝ այնտեղ ինչ երեխաներ կան ու վերցնի այդ երեխաներից մեկին խնամի։

Ի սկզբանե, փաստորեն, նախարարությունը դեմ է այս նախաձեռնությանը։

Դա ոչ միայն նախարարության դիրքորոշումն է, դա միջազգայնորեն ընդունված պնդում է։ Բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնք Հայաստանը վավերացրել է։ Մենք կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականության վերացման մասին կոնվենցիաներ ենք ստորագրել և երեք-չորս տարին մեկ ՄԱԿ-ին հաշվետվություն ենք տալիս՝ ինչ ենք արել, ինչ չենք արել։ 7-րդ զեկույցը, որի մի մասը աբորտներին է վերաբերում, արդեն ներկայացնում ենք ՄԱԿ և պետք է պաշտպանենք։

Այդուահանդերձ, տիկին Ավագյան, դաշտում փոփոխությունների կարիք չի՞ զգացվում, չէ՞ որ 12 շաբաթականից բարձր աբորտներ ևս արվում են և հսկողությունը այդ առումով թույլ է։

– Այո, պետք է մշտական մոնիտորինգ անենք, որ 12-ից բարձր շաբաթականում հղիությունը չընդհատվի, որ պտղի սեռով հղիություն չընդհատվի։ Այո, միայն այդ առումով եմ կողմ, որ արգելքներ դրվեն, մնացած բոլոր դեպքերում դա կնոջ իրավունքն է։ Իսկ արգելքները կարող են արտահայտվել մշտական մոնիտորինգով, որպեսզի պարզվեն՝ արդյոք 12 շաբաթականը գերազանցող ժամանակահատվածում աբորտներ արվե՞լ են, թե ոչ։ Եթե արել են, ինչու են արել։  Բայց արգելքով ոչնչի չես հասնի։

Հնդկաստանում գիտե՞ք՝ ինչպես էր, եթե հղին իմանում էր սեռը ու որոշում էր գնալ աբորտի, և բժիշկն էր դատվում, և հղին։ Մենք պետք է միայն ու միայն աշխատենք ստերեոտիպերի փոփոխության վրա, պետք է աշխատենք, որ կանայք անցանկալի հղիություն չունենան, օգտագործեն հակաբեղմնավորիչներ և հղիանան այն ժամանակ, երբ ցանկանում են երեխա ունենալ։

Ես էլ որպես մասնագետ դեմ եմ աբորտին, բայց ես չեմ կարող ասել՝ եկեք արգելենք աբորտները, որպեսզի ընդհատակյա, անօրինական աբորտներ լինեն, ու կանայք մահանան ներքին արնահոսությունից ու այլ խնդիրներից։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am