ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին որևէ որոշում. Պեսկով

Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում:    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները»  ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահներին, ապա այդ առումով, որքան, որ հասկանում ենք, որևէ որոշում չի եղել, և պաշտոնական խողովակներով մեզ ոչ ոք այդ որոշումների մասին չի հայտնել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես ԱՊՀ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում», – նշել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր և կշարունակեն իրականացնել դրանք հետագայում ևս:

Ավելի վաղ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել մասին, որ ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան»,-ասել էր Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է: