«Իզմիրլյան» ԲԿ տնօրենի մասնակցությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ․ նյութեր են նախապատրաստվում․ Factor.am

ՀՀ Գլխավոր դատախազությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՔԾ-ից։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ձայնագրության հրապարակման հետ կապված նյութեր են նախապատրաստվում»։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել»,- հրապարակված ձայնագրությունում ասում է Արմեն Չարչյանը։

Աղբյուր՝ Factor.am