Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»

Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»
Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 18-ի դատական նիստում հրապարակվում էին քրեական գործում առկա ապացույցները : Լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միջնորդեցին, որ դատարանում յուրաքանչյուր ապացույցի հրապարակումից հետո կատարվի դրա հետազոտությունը, հետո անցում կատարվի այլ ապացույցների հրապարակմանը: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ այդ հարցն իր իրավասության շրջանակում է, որ ինքը որոշել է բոլոր ապացույցների հրապարակումից հետո միայն անցնել դրանց հետազոտությանը:
Դատարանում հրապարակվեց Արտակ Նազարյանի ծոցատետրից պոկված, Արտակ Նազարյանին վերագրված գրության դատական փորձաքննության եզրակացությունը: Ծոցատետրից պոկված թերթում գրված է հետեւյալը. «Այս քայլին ես դիմել եմ ստիպված, հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց: Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք, միայն ես ու իմ ծնողները»:

Նշենք, որ նոթատետրը եւ գրությունը Արտակ Նազարյանի գրպանից հանել է գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը, այն տվել գումարտակի շտաբի պետի պաշտոնակատար Միհրան Նաջարյանին, վերջինս փոխանցել է գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին, վերջինս էլ հանձնել է քննիչներին: Արտակ Նազարյանի ինքնաձիգի,պարկուճի դատական փորձաքննության եզրակացությունը հրապարակելու ժամանակ մեղադրող Հարություն Հարությունյանը սկսեց բացատրել, որ պարկուճի համարը մյուս կողմից կարդալիս դրա համարը համընկնում է քրեական գործում եղած պարկուճի համարի հետ: Դրանով նա փորձում էր ցույց տալ, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հիմնավորումները,թե քրեական գործում առկա պարկուճը դատական փորձաքննության փուլում փոխվել է, չեն համապատասխանում իրականությանը: Դատախազի բացատրությունը առաջացրեց տուժողի իրավահաջորդ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի դժգոհությունը, քանի այդ փուլում դատավորը թույլատրել էր միայն ապացույցների հրապարակումը, եւ ոչ` հետազոտումը: Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին հարցրեց, թե ինչու է նա դատախազին թույլ տալիս բացատրություններ ներկայացնել: Դատավորի եւ Ռուբեն Մարտիրոսյանի միջեւ վեճ բորբոքվեց: Դատավորը դատական սանկցիա կիրառելով` իրավապաշտպանին դահլիճից դուրս հրավիրեց: Մեղադրող Հարություն Հարությունյանը սխալմամբ կարծում էր, թե այդ պահին դատարանում ապացույցները ոչ միայն հրապարակվում, այլ նաեւ հետազոտվում են: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը զայրացած հայտարարեց, որ դատարանն ամեն ինչ անում է, որ տուժող կողմը մեկուսացվի այս գործից եւ հավելեց. « Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»:

Կարդալ ավելին