Միանգամից` երեք աղջիկ. Երևանում եռյակ ծնած Աննան սիրում է, երբ «տանը շատ երեխաներ են լինում»

Միանգամից` երեք աղջիկ. Երևանում եռյակ ծնած Աննան սիրում է, երբ «տանը շատ երեխաներ են լինում»
Միանգամից` երեք աղջիկ. Երևանում եռյակ ծնած Աննան սիրում է, երբ «տանը շատ երեխաներ են լինում»

Տիկնիկի չափսերի Մարգարիտան, Յանան և Նունեն դեռևս բժիշկների հսկողության տակ են, սակայն մի քանի օր առաջ եռյակ քույրիկների լույս աշխարհ գալը իսկական տոն է դարձել ոչ միայն երջանիկ ծնողների, բարեկամների ու ընկերների, այլև բուժաշխատողների համար:
Փոքրիկ, դեռևս ոչինչ չգիտակցող ու անկանոն շարժումներով հրաշալի եռյակը 27-ամյա Աննա Քարտաշյանի առաջին զավակներն են:
«Երջանիկ եմ, որ միանգամից երեք աղջիկների մայր եմ դարձել»,- «Մեդիալաբին» ասում է սեպտեմբերի 7-ին Էրեբունի հիվանդանոցում մայրացած երիտասարդ կինը:

«Երկուսին տատիկների անուններն ենք տվել, իսկ Յանան իմ սիրած անունն է: Մեր գերդաստանում եռյակի լույս աշխարհ գալը այնքան էլ զարմանալի չէ, քանի որ եռյակ տղաներ ունենք: Բայց ես չէի կարծում, թե ինձ էլ նման բախտ կվիճակվի: Մտածում էի, որ երևի զույգ կծնվի: Հղիությունս 12-14 շաբաթական էր, երբ իմացա, որ երեք բալիկի ենք սպասում, ու շատ ուրախացա: Միանգամից երեք բաբախ ու երեք սիրտ»,- պատմում է Աննան:

Նա նշում է, որ ամուսինը նույնպես ուրախ է, որ իրեն երեք աղջիկ է պարգևել.

«Հետագայում նորից կուզենք երեխա ունենալ, մի տղա էլ, ու վերջ: Ես ընդհանրապես սիրում եմ, որ տանը շատ երեխաներ են լինում: Շատ ուրախ եմ, որ երեքն էլ աղջիկ են, նրանք ինձ ընկերուհի կլինեն, ամեն հարցում կօգնեն»,- ուրախ-զվարթ ասում է նա:

Աննան և ամուսինը Իջևանից են, արդեն 5 տարի է, ինչ ամուսնացած են ու ապրում են Երևանում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանն ուրախությամբ նշում է, որ երեխաներն առողջ են ծնվել, թեև երեքի քաշն էլ պակաս է. առաջինը՝ 1540 , երկրորդը՝ 1290, երրորդը՝ 1260 գրամ: Սակայն բժիշկը նշում է, որ այս դեպքում փոքր քաշը բնականոն է:

«Եռյակի դեպքում քաշերը մի փոքր պակաս են լինում, քանի որ ժամանակից շուտ են ծնվել` 31 շաբաթական հղիությունից: Իսկ ժամանակից շուտ ծնվելը նաև շնչառական խնդիրներ է առաջացնում, որի համար մանկաբույժները հիմա հետևում են, որ ավելի բարվոք վիճակի գան»,- ասում է գինեկոլոգը:

Հովհաննիսյանը հավելում է, որ նման դեպքերում, ինչպես և ընդունված է, ծննդաբերությունը կեսարյան հատումով են արել. «Այժմ մոր վիճակը կարելի է բավարար գնահատել, իսկ երբ երեխաների վիճակը լավ եղավ, արդեն հիվանդանոցից դուրս կգրենք: Հնարավոր է` 15 օր մնան, հնարավոր է` մեկ ամիս, ընթացքը ցույց կտա»:

Աննան պատմում է, որ հղիության ողջ ընթացքում իրեն շատ լավ է զգացել, միայն վերջին 10 օրում է ճնշման խնդիրներ ունեցել. «Արդեն բավական այտուցվել էի, վատ էի զգում»:

Լուսանկարը Փիրուզա Խալափյան«Վիրահատությունից հետո երկու օր էլ վերակենդանացման բաժանմունքում մնացի, ճնշման խնդիր դեռ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Ամեն օր բարձրանում եմ վերևի հարկ, նայում երեխաներիս, երկուսն իրար շատ նման են,- ասում է Աննան:- Ու հասկանում եմ` ի~նչ երջանիկ եմ»:

Երիտասարդ մայրը պատրաստակամ է միաժամանակ երեք դուստրերին խնամելու և ոչ մի դժվարություն չի տեսնում. «Ամեն ինչ դեռ նոր պետք է գնենք` օրորոցից սկսած: Ամուսնուս մայրը, ով մեզ հետ է ապրում, կօգնի ինձ աղջիկներիս պահելու, իսկ եթե շատ դժվարանանք, դայակ կկանչենք»,- ասում է Աննան և հավելում, որ բոլոր մայրերին մաղթում է շատ զավակներ ունենալ:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am