Ռաուֆ Միրքադիրովը, ում Թուրքիան հապճեպորեն արտահանձնել է Ադրբեջանին, մեղադրվում է պետական գաղտնիքներ մատնելու մեջ, սակայն գործընկերները պնդում են, որ նման տեղեկություններն անգամ հասանելի չեն եղել լրագրողին:
Հայտնի ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը Թուրքիայից արտաքսվել է Բաքու, որտեղ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Միրքադիրովը, ով ռուսալեզու «Ayna-Zerkalo» թերթի թղթակիցն է, 2010 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Թուրքիայում:
Ապրիլի 19-ին լրագրողին ձերբակալում են թուրքական ոստիկանության աշխատակիցները, երբ վերջինս պատրաստվում էր Վրաստան ուղեւորվող ավտոբուս բարձրանալ, եւ տեղափոխելով նրան օդանավակայան`ստիպում են նստել Ադրբեջան մեկնող օդանավը:
Բաքվի օդանավակայանում Միրքադիրովին դիմավորում են Խորհրդային ՊԱԿ (КГБ) հիշեցնող Ազգային անվտանգության նախարարության գործակալները, որից հետո դատարանը նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրում 3 ամիս ժամկետով կալանքը:
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն`Ռաուֆ Միրքադիրովը 2008 թվականից լրտեսություն է իրականացրել Հայաստանի օգտին, որի հետ Բաքուն այդպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված վերջնական խաղաղ համաձայնագիր չի ստորագրել:
«Հայերից ստացած հրահանգներով`նա բազմիցս հանդիպել է նրանց հետ Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում: Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրել երկրում տիրող սոցիալական, քաղաքական եւ ռազմական իրադրության մասին, ինչպես նաեւ փոխանցել է հայերին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, լուսանկարներ եւ նախագծեր, որոնք կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ թշնամական գործողությունների իրականացման նպատակով», – նշվում է Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:
Մեղադրող կողմը պնդում է, որ Միրքադիրովը կապ է պաշտպանել հայ ակտիվիստ եւ Երեւանում գործող «Ռեգիոն» հետազոտության կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ, որին, ըստ ադրբեջանական կողմի, լրագրողը գաղտնի տեղեկություններ է տրամադրել, ինչը կարող է սպառնալ Ադրբեջանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ պաշտպանական կառույցներին:
Միրքադիրովի փաստաբան Ֆուադ Աղաեւը, ով հանդիպել է վերջինիս հետ ազգային անվտանգության նախարարության կալանավայրում ապրիլի 21-ին, հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ իր պաշտպանյալը մեղադրանքներն աբսուրդ է համարում եւ հրաժարվում է ցուցմունք տալ քննիչներին: Փաստաբանը նշում է, որ Գլխավոր դատախազության տարածած լուրերը Լաուրա Բաղդասարյանի մասին, ում ղեկավարած կազմակերպությունն զբաղվում է հետազոտական լրագրությամբ, արդեն իսկ ապացուցում են, որ մեղադրանքները մտացածին են:
Նրա կարծիքով, Միրքադիրովի դեմ առաջադրված մեղադրանքները հավանականորեն կեղծվել են`հիմք ընդունելով հայ եւ ադրբեջանցի լրագրողների միջեւ պահպանվող կապերը, որոնք արտացոլում են ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը նպաստող փոխըմբռնմանը հասնելու փորձերը:
«Բոլորն էլ գիտեն նրա մասին, – ասում է փաստաբանը`ակնարկելով Բաղդասարյանին, – վրացի, ադրբեջանցի եւ հայ իրավապաշտպան ակտիվիստներն ու լրագրողները համատեղ նախագծեր են իրականացնում`միջազգային հիմնադրամների ֆինանսավորմամբ: Լաուրա Բաղդասարյանը նույնպես մասնակցում է այս նախագծերին: Մեղադրանքների համաձայն`Ռաուֆը նրան տեղեկություններ է հաղորդել, ինչը պարզապես աբսուրդ է»:
Էլչին Շիխլին`«Ayna-Zerkalo» թերթի խմբագիրը, նույնպես անհասկանալի եւ անսպասելի է համարում իր գործընկերոջ ձերբակալությունը:
«Ոչ մի լրագրող այնպես չի վերլուծում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը կամ իրադրությունը Հայաստանում, ինչպես Ռաուֆը: Իր յուրաքանչյուր հոդվածում նա հիմնավորում է, թե ինչու են բանակցություններն անարդյունավետ անցել եւ ամեն անգամ էլ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը», – ասում է Շիխլին IWPR-ի հետ զրույցում:
Ինչ վերաբերում է լրտեսության մասին մեղադրանքներին, ըստ խմբագրի. «Պետական գաղտնիքները կարող է մատնել միայն նա, ում հասանելի է նման տեղեկատվությունը: Ռաուֆը պետական պաշտոնյա չէ, գաղտնիքներն էլ նրա համար անհասանելի են, հետեւաբար, այս ամենը պարզապես անըմբռնելի է ինձ համար»:
Ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունն արդեն իսկ միջազգային հնչեղություն է ստացել:
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Միրքադիրովին`ընդգծելով թուրքական իշխանությունների դերը նրա արտահանձնման հարցում:
«Ապօրինաբար աքսորելով Միրքադիրովին`Թուրքիայի իշխանություններն այս լրագրողի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հալածանքների մասնակից են իրենց դարձնում: Միրքադիրովի դեմ ներկայացված ծանր մեղադրանքները պարզապես աբսուրդ են եւ ոչ ոքի չեն կարող խաբել», – հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Յոհան Բիրը:
«Նա պարզապես Ադրբեջանի կառավարության`մամուլի ոլորտում իրեն քննադատողների դեմ սկսված արշավի վերջին զոհերից մեկն է: Ինչպե՞ս կարող էր այս լրագրողը պետական գաղտնիքներ մատնել, եթե այդ տեղեկություններն անհասանելի էին նրա համար», – տարակուսում է Բիրը:
Նմանատիպ մտահոգություններ են արտահայտել Եվրոպայի Խորհրդի, Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի մի շարք առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները:
Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը, այնուամենայնիվ, հերքում է կառավարության կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները: Հուսեյնովը նաեւ ակնարկում է, որ այսպես կոչված «պահուստային դիվանագիտությունը»` հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ այլ գործիչների ստեղծած ոչ պաշտոնական կապերը, այսուհետեւ անօրինական են համարվելու:
«Որոշ իրավաբաններ եւ իրավապաշտպան ակտիվիստներ փորձում են բացատրել, որ Ռաուֆ Միրքադիրովը, ով ձերբակալվել եւ մեղադրվում է պետական դավաճանության մեջ, մասնակցում էր «ժողովրդական դիվանագիտությանը: Սա սխալ է: Հասարակությունը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ ներկայիս ռազմական դրության պայմաններում, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր բանակցությունները պետք է վարել բացառապես պաշտոնական ուղիներով», – նշում է Հուսեյնովը իշխանական «APA» լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
Թուրքիայի կողմից Միրքադիրովի կամայական արտահանձնումը բազում հարցեր է առաջացրել այդ երկրում դատական ընթացակարգերի վերաբերյալ:
Փաստաբան Աղաեւը նշում է, որ դեռեւս ապրիլի 9-ին իր պաշտպանյալին Թուրքիայի արտգործնախարարությունում հայտնել էին, որ երկրում վերջինիս եւ նրա ընտանիքի կացության թույլտվությունն այլեւս անվավեր էր:
Այս ամենը տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Բաքու կատարած այցից մի քանի օր անց: Աղաեւի խոսքով`հենց սա է ստիպել Միրքադիրովին ենթադրել, որ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնության էին եկել երկու երկրներում բնակվող անցանկալի անձանց ցուցակների փոխանակման մասին, եւ այս ցուցակներում լրագրողի անունն էլ է ընգրկված եղել:
Միրքադիրովը Թուրքիայից արտաքսված արդեն երկրորդ ադրբեջանցի լրագրողն է: Փետրվարին Անկարայից ստիպեցին մեկնել Մահիր Զեյնալովին`«Todays Zaman» պարբերականի թղթակցին: Զեյնալովը մեղադրվում էր Էրդողանին եւ թուրքական կառավարությանը քննադատող հոդվածներ գրելու մեջ:
Ի տարբերություն Միրքադիրովի, Զեյնալովին հնարավորություն տրվեց չվերադառնալ Ադրբեջան, եւ այսօր նա այլ երկրում է բնակվում:
Երբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ստիպեցին Միրքադիրովին Թուրքիայում իջնել ավտոբուսից, նրա կինը`Ադելյան իրենց փոքր դստեր հետ մեկնեց Վրաստան, որտեղ եւ շարունակում է ապրել մինչ օրս: Միրքադիրովների 12-ամյա դուստր Սուադան դեռեւս Անկարայում է:
IWPR թղթակցի հետ զրույցում լրագրողի կինն ասաց, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրենց սպասվում հետագայում, սակայն հույս հայտնեց, որ իր ամուսնուն շուտով ազատ կարձակեն, քանի որ նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ակնհայտորեն զուրկ են որեւէ հիմքից:
Իդրակ Աբբասով
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (iwpr.net)