Ադրբեջանի շահերը հստակ են, Հայաստանի ստանալիքը՝ ոչ. ԹՐԻՓՓ-ի շուրջ մտահոգությունները խորանում են․Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Ազգային ժողովի լիագումար նիստում ԹՐԻՓՓ համաձայնագրի քննարկման ընթացքում ընդդիմությունը պնդում է, որ այս նախագծում հստակ արտացոլված չեն Հայաստանի օգուտները, փոխարենը հստակ երևում են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի օգուտները, այդ իսկ պատճառով իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: Արդյոք ընդդիմության պնդումները ճի՞շտ են, թե՞ ոչ:


– Այս պահի դրությամբ՝ ԹՐԻՓՓ-ի հարցը մտել է վճռորոշ ու, ըստ իս, նաև մտահոգիչ փուլ, որովհետև այս շրջանակային համաձայնագրի քննարկումը խորհրդարանում արդեն նշանակում է, որ կողմերը հաղթահարել են քաղաքական պայմանավորվածությունների փուլը, ու հիմա պետական մարմինների կողմից իրավական պարտավորությունների ստանձնման փուլն է: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հետևանքներ կունենա այդ փաստաթղթի վավերացումը, որովհետև դա կախված է համաձայնագրի կոնկրետ դրույթներից ու իրականացման հետագա պայմաններից: 

Պայմանագրի վավերացման փուլն ամենևին էլ չի նշանակում, թե այս նախագծի հետ կապված մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ինքնիշխանության, երկարաժամկետ անվտանգության ու այլ հարցերի, վերանում են, որովհետև վավերացումն ու այդ ռիսկերի չեզոքացումը նույն բանը չեն: Նախարար Միրզոյանն ասում է, որ նախագծի հիմնական դրույթներն արդեն ներկայացվել են, այսինքն՝ ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, հաստատվել են ընկերության բաժնեմասերը՝ 74 տոկոսը պատկանելու է ԱՄՆ-ին, 26 տոկոսը՝ Հայաստանին՝ նախնական 49 տարվա դեպքում, երկարաձգման պարագայում բաժնեմասերը փոփոխվելու են: Սա նշանակում է, որ քննարկվել է ոչ միայն այդ ճանապարհի հարցը, այլ նաև երկարաժամկետ տնտեսական կառավարման, ենթակառուցվածքների շահագործման ու որոշումների կայացման մեխանիզմը: 

Իմ հիմնական մտահոգությունները շարունակում են մնալ չփարատված. ինքնիշխանության մասին հայտարարությունը դեռ փաստ չէ, որ այդպես է լինելու, ես դեռ չեմ տեսել բոլոր հնարավոր վեճերի դեպքում կիրառելի մանրամասն իրավական մեխանիզմը: Պետք է հստակեցվի, թե ո՛ր որոշումներն են պահանջում Հայաստանի համաձայնությունը, ի՛նչն է համարվում Հայաստանին վերապահված որոշում, ի՛նչ իրավունքներ ունի Հայաստանը, եթե, օրինակ՝ ընկերության առևտրային շահը հակասում է Հայաստանի պետական շահին: Վերահսկողության մասով առկա մտահոգությունն է շարունակում մնալ, որովհետև դետալային մանրամասներ չեն ներկայացվում: 

– Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է ստանում այս նախագծից:

– Մեծ-մեծ խոսում են փոխադարձության մասին. Ադրբեջանը ստանում է ուղիղ, անխոչընդոտ ցամաքային երթուղի դեպի Նախիջևան ու հակառակ ուղղությամբ, իսկ Հայաստանը դրա դիմաց որևէ սահման, ճանապարհ Ադրբեջանի հետ այլ հատվածներում, ցամաքային առավելություն չի ունենում: Մենք միջնորդավորված լոգիստիկ միջանցք ենք ստանում Ադրբեջանից մինչև այս պահը, որովհետև ռուսական բեռները գալիս են Ադրբեջան, Վրաստան, հետո նոր՝ Հայաստան: 

Անհրաժեշտ է հասկանալ, թե տվյալ դեպքում ի՛նչ երաշխավորված ուղիներ, փոխադարձ իրավունքներ, եկամուտներ ու գործնական առավելություններ է ստանում Հայաստանը: Խաղաղության պայմանագրի այդ անվտանգության հարցն է մնում առկախված, ո՞վ է վերահսկելու այդ հարցը, որովհետև ԹՐԻՓՓ-ի շրջանակներում ընդգծվում է, որ տարածաշրջանային խաղաղության, հաղորդակցությունների բացման նպատակը, հաջողության գրավականը Հայաստանում ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդումն է, որ կայունություն կլինի, ես խիստ վերապահում ունեմ այստեղ: 

Տրանսպորտային նախագծի հաստատումն ինքնին չի երաշխավորում խաղաղության պայմանագրի ստորագրումը կամ ապագայում ռազմական ռիսկերի բացակայությունը: Եթե այդ երաշխիքները իրավական փաստաթղթերով ամրագրված չեն, ապա այս բոլոր մտահոգությունները չեն կարող փարատված համարվել: Կան բազմաթիվ կարևորագույն հարցեր, որոնց հստակ պատասխան չկա, ու չպետք է հիմնվել պաշտոնական լավատեսության կամ կենացային մակարդակի հայտարարությունների վրա: ԹՐԻՓՓ նախագծի վավերացումը պետք է դիտարկենք որպես նոր փուլ, այլ ոչ թե՝ մտահոգությունների լուծում, հակառակը՝ հիմա ավելի լուրջ մտահոգություններ են երևան գալիս, նախկիններն էլ՝ չփարատված մնում:

– Պարո՛ն Կարապետյան, բայց այդ մտահոգությունները չպե՞տք է փարատվեին մինչև նախագիծը կհասներ լիագումար նիստ:

– Փակ նիստերի ժամանակ իբր իրենք իրենցով քննարկել են, որոշել են, որ եզրակացությունը պատրաստ է, ու ըստ օրենքի ներկայացրել են Ազգային ժողով: Հիմա մտածում եք, որ նրանք էլի չե՞ն գալու ու գեղեցիկ, պաթետիկ բառերով ներկայացնեն, որ սա բխում է բացառապես մեր պետական շահից: Բայց իմ, ընդդիմության ներկայացուցիչների այս մտահոգությունները հնչելու են ձայն բարբառո հանապատի, որովհետև նրանք չունեն մեր մտահոգությունների պատասխանը: Նրանք ևս չեն տիրապետում այս ամենին, նրանք տվել են միակողմանի զիջումների խոստումներ, որ ապահովելու են Նախիջևանի ցամաքային կապը դեպի Ադրբեջան: Խոսք չկա ընդհանրապես այն մասին, որ Նախիջևանով նմանատիպ երկաթուղային, ավտոմոբիլային կապի սպասարկման տրամադրումը Հայաստանին կապահովվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am