Մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար
Մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2010-2017 թթ.։

Այսպես՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, չունենալով կարգադրիչ լիազորություններ, սակայն օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու համար իրեն դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, այսինքն` իրականացնելով պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի գործառույթներ, իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ, ինչի դիմաց իր՝ թվով 4 համագյուղացիներից  պահանջել և ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն:

Մասնավորապես՝ համագյուղացիների օգտին հանրային ծառայողի՝ իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու` ընտանեկան նպաստ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ժամանակին հաշվառելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները հաշվառելիս ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով  և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Որոշում է կայացվել՝ վերջինիս անվամբ հաշվառված շարժական գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև 4 անձի. նրանցից 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` համաներման ակտի ուժով:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: