Խանութներում հերթեր են, մարդիկ՝ խուճապի մեջ. «Պետք էր քաղաքացուն նախապես տեղեկացնել սպասվող շոկերի մասին»

Այս օրերին Երևանի սուպերմարկետներում խուճապային տրամադրություններ են, իրարանցում. մարդիկ առաջնային ապրանքների հնարավոր պակասի ու դրա հետևանքով թանկացման վախից մեծ քանակությամբ գնումներ են կատարում: Հիմնականում գնում են ալյուր՝ պարկերով, շաքարավազ, ձեթ: 

«Մեզ ասել են, որ էս ապրանքներն էլ չեն ներկրելու Ուկրաինայի պատերազմի պատճառով, դրա համար էլ հիմա սկսել ենք գնել, պահեստավորել, բա որ թանկանա՞ն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է սուպերմարկետներից մեկում առևտուր անող քաղաքացիներից մեկը՝ ձեռքով ցույց տալով սննդամթերքով լի զամբյուղը:

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պարենային անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրների մասին փորձագետները արդեն մեկ շաբաթ է՝ բարձրաձայնում են: 

Հիշեցնենք, որ մարտի 10-ին ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը որոշել է արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ: Հացահատիկի արգելքի ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է։ Այն վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարուն, եգիպտացորենին։ 

«Հայաստանում հիմա բնական խուճապային տրամադրություններ են. հասարակ մի բան, եթե քաղաքացին մտնում է մի խանութ, տեսնում, որ, օրինակ՝ շաքարավազի հերթեր են, ու շաքարավազ չի վաճառվում, հետո փորձում է ձեռք բերել մի փոքր ավելի, քան սովորականի պես կգներ: Մենք այս քաղաքացուն մեղադրելու իրավունք չունենք»,- «Մեդիալաբին» ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: 

Նրա խոսքով՝ դեռևս պատերազմի մեկնարկին կամ գուցե դրանից մի քանի օր անց պետք էր կանխատեսել նման տրամադրությունները և կանխել՝ հաշվի առնելով, որ պատերազմող երկրներից, հատկապես ՌԴ-ից, իրականացվում են շատ կարևոր ապրանքների ներմուծումներ: «Արտաքին ազդակները և հնարավոր ցնցումները հաշվի առնելով պետք էր քաղաքացուն նախապես տեղեկացնել, որ այս շոկերին մենք պատրաստ ենք, ունենք բոլոր պաշարները, որովհետև եթե քաղաքացին տեսնում է դեֆիցիտ, ինչքան ուզում ես նրան համոզել, որ պահեստում դրված է, չի հավատալու»,- ասում է մասնագետը:

Բնակչության շրջանում խուճապային տրամադրությունները խորացել էին, երբ կառավարությունից որոշեցին հանգստացնել հանրությանը: 

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»,- իր հայտարարության մեջ ընդգծել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ լրացրել էր. «Այսօր առավոտյան հեռախոսազրույց ունեցա ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ, որը հավաստիացրեց, որ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են սահմանափակելու ռեէքսպորտը, հետևաբար ցանկացած սահմանափակման դեպքում Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն»:

«Պետք է ոչ թե սպասել ու վերջին րոպեին նման հայտարարություններ անել, երբ արդեն գնացքը գնացել է, այլ միանգամից խնդրի մասին խոսել, նախօրոք, որովհետև «զատիկից հետո կարմիր ձու ոչ մեկին հարկավոր չէ»»,- կառավարական օղակներից հնչած տարբեր հավաստիացումներին ի պատասխան արձագանքում է Պիպոյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am