Զբաղվածության ապահովման ծրագրերին կարող են դիմել նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները

 Հայաստանի Հանրապետության կառավարության՝   գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում»  ծրագրից կարող են օգտվել նաև  Արցախի Քաշաթաղի շրջանի  Բերձոր ,  Աղավնո  և Ներքին Սուս համայնքներից  տարհանված բնակիչները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:

«Չնայած նշված բնակավայրերը չեն գտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի՝ բացառությամբ Արցախում աշխատանք ունեցողների և աշխատավարձ ստացողների՝  ընդունվեն նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դիմումները:  Դրանք պետք է ներկայացվեն առձեռն եղանակով»,-մանրամասնեց Վիրաբյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Բերձորի բնակչուհի Մարիամ Թևանյանը հայտնել էր, որ անձամբ փորձել է առցանց եղանակով  դիմել՝  «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից  օգտվելու համար, սակայն, մերժում է ստացել:

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից  օգտվելու նպատակով  լրացրել եմ առցանց դիմում, որը  Առցանց  մերժվել է: Որպես հիմնավորում նշվում է, որ Բերձորը ընդգրկված  չէ   ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերի ցանկում»,-ասաց Բերձորի բնակչուհին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը «Արմենպրես»-ի հարցմանն  ի պատասխան՝  հայտնեց, որ  վերջին փոփոխությամբ  շահառուների ցուցակն ընդլայնվել է:  «Նախկինում գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման  այս  ծրագրերից կարող էին օգտվել միայն  ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները: Նոր փոփոխությամբ՝   շահառու են հանդիսանում նաև նրանք, ում տները հայկական վերահսկողության ներքո են, սակայն պատերազմի հետևանքով վնասվել են և բնակության համար պիտանի չեն», -հայտնեց  Մանուչարյանը: