Զինվորների հիմնադրամին ուղղվող 1000 դրամները 3000 դարձնելու անհրաժեշտություն կա. Վարուժան Ավետիքյան

Հեղինակ MediaLab

Զինվորների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական 1000 դրամները բավարար չեն շահառուների հատուցման համար: Այդ 1000 դրամները 3 հազար դարձնելու անհրաժեշտություն կա:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Չեմ կարծում, թե կա անձ, ով այս պահին կարող է հստակ տվյալ ասել հիմնադրամի շահառուների թվի ավելացման հետ կապված: Անհայտ կորածների հետ կապված դեռ իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան: Վիրավորները դեռ շահառու չեն, նրանք  պետք է հաշմանդամության կարգ ստանան, որը ժամանակ է պահանջում: Դեռ չգիտենք, թե վիրավորներից որքանը կստանան առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: Այդուհանդերձ, փաստն այն է, որ շահառուների թիվն ավելանում է, և որ այս 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի կատարել հատուցում»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: 

Անդրադառնալով քննարկման դրված օրենքի նախագծին, ըստ որի, առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվող պարտադիր վճարները 1000 դրամից դարձնել 3000 հազար դրամ, Վարուժան Ավետիքյանը նշեց, որ տարբեր մոդելներ են քննարկվում: Մեկն այն է, որ բոլորի համար 3 հազար դրամ լինի, ըստ մյուս տարբերակի, գանձումը լինի պրոգրեսիվ եղանակով՝ կապված աշխատավարձի չափի հետ:

«Այստեղ կարևորն այն է, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ այդ բեռը անհրաժեշտ է ավելացնել: Մենք բարոյական և ֆինասնական պատասխանատվություն ունենք մեր բանակի առջև, նրանց առջև, ովքեր մեր անվտանգությունն են ապահովել այս պատերազմի ընթացքում, դրանից առաջ: Առաջիկայում էլ շարունակելու են դա անել: Պետք է ապահովենք, որ զոհեր, անհայտ կորածներ, հաշմանդամ դարձած զինվորներ ունեցող ընտանիքները չմնան առանց ֆինանսական եկամտի: Եթե մենք այդ ուղղությամբ գործուն քայլեր չանենք և հիմնադրամի մուտքերը չավելացնենք, ապա այդ ընտանիքների ֆինանսական, սոցիալական խնդիրներն ազդելու են ամբողջ հասարակության վրա»,- հավելեց Վարուժան Ավետիքյանը:

Գործադիր տնօրենն ընդգծեց, որ հիմնադրամի աշխատանքները թափանցիկ են: Ցանկացողները կարող են դա տեսնել իրենց կայքում, որտեղ պարզ ներկայացված են մուտքերն ու ելքերը: Հիմնադրամը շահառուներին հատուցելուց բացի, այլ ծախսեր չի անում: