«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, հարևան Վրաստանում բողոքի ակցիաները նոր թափով շարունակվեցին, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել տեղի ունեցող գործընթացներից։
– Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ընդհանուր առմամբ կանխատեսելի էր, հաշվի առնելով նախընտրական լարվածությունը, ու այն մասին, որ հետընտրական գործընթացներ կլինեին, խոսվում էր շատ բաց։ Իհարկե շատ բարդ է ասել, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթեր ոչ թե Թրամփը, այլ՝ Դեմոկրատները, որովհետև ակնհայտ է, որ Վրաստանի կառավարող ուժը՝ «Վրացական երազանքը», իր պատկերացումների, արժեքային ու գաղափարական նարատիվներով ավելի շատ համարժեք է թրամփական մոտեցումներին, բայց ի՛նչ կլինի հետագայում, ինչպիսի՛ հանգուցալուծում կլինի հետագայում՝ բավական բարդ է ասել, որովհետև մի կողմից, ընդդիմությունն իհարկե փորձում է իրավիճակը ապակայունացնել այնքան, որ իշխանության համար անելանելի խնդիրներ ստեղծի, բայց մենք տեսնում ենք, որ այդ ջանքերը, մեղմ ասած, չունեն բավարար արդյունավետություն, չեմ բացառում նաև հենց ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի պատճառով։
Անկասկած է, որ, այդուհանդերձ, Վրաստանում այս ընդդիմության ընդվզումը ներառում է ոչ այնքան սոցիալական բողոքի տարրեր, որքան պարզապես պայմանավորված է առավելապես արևմտյան ֆինանսական հոսքերով շահառու շրջանակների շահագրգռությամբ, այսինքն՝ մեծ հաշվով, վրաց հասարակությունը չէ, որ այս հետընտրական զարգացումների մեջ է ներգրավված, այլ առավելապես քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, որոնք բավական մեծ թիվ են կազմում:
Վրաստանում կա գրեթե 10 հազարին մոտ կազմակերպություն, որոնք այս կամ այն կերպ տարբեր ոլորտներում ֆինանսավորվում են Արևմուտքից, ու, բնականաբար, այստեղ կա այդ շահերի, հետաքրքրությունների խնդիրը, ու հասկանալի է, որ Արևմուտքն էլ փորձում է դա օգտագործել իր քաղաքական նպատակների համար, բայց, դարձյալ կրկնեմ, իմ գնահատմամբ, Վրաստանի այդ բաժանարար գիծը ոչ թե Արևմուտք-Արևելք տրամաբանության մեջ է, այլ՝ավելի շատ ներարևմտյան։ Վրաստանով անցնում է արևմտյան տարբեր բևեռների պայքարը, ավելի շատ հենց սրանցով են պայմանավորված վրաստանյան իրադարձությունները:
Բնական է, շահառուները շատ են. Ռուսաստանի մասին, իհարկե, ավելորդ է ասել, Չինաստանը բավականին մեծ ներգրավվածություն ունի Վրաստանում, հետևաբար մեծ շահագրգռություն ունի իրավիճակի այս կամ այն կերպ լինելով: Առանձին քննարկման առարկա է, թե ի՛նչ շահեր ունի Չինաստանը, բայց այն, որ կա ու առանցքային շահառուներից մեկն է՝ անկասկած, Թուրքիան բնականաբար, Իրանը, որ հարևան չէ Վրաստանին, բայց դարձյալ կարևոր հարց է Իրանի համար։
Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ իրենք սպասում են Թրամփի պաշտոնամուտին ու ամեն ինչի մասին կխոսեն Թրամփի հետ, ու, ինչպես նշեցի, նրանց մոտեցումները ավելի շատ Թրամփի ոգով են: Նույնիսկ չեմ բացառում, եթե, այդուհանդերձ, մյուս թևին հաջողվի ճգնաժամը շարունակել, որպես հանգուցալուծման միջոց կարող է քննարկվել անգամ նոր ընտրության տարբերակը ու այդկերպ արդեն իրավիճակը հանգուցալուծվելու հնարավորությունը, կրկնեմ՝ եթե մյուս կողմին հաջողվի երկար պահել ճգնաժամը:
Սա բարդ խնդիր է լինելու, որովհետև մենք տեսնում ենք, որ դինամիկան այդքան մեծ չէ, ու այս տեսանկյունից հարց է՝ ընդդիմությունը կկարողանա՞ պահել, թե՞ չէ, առավելևս, ինչպես նշեցի, հասարակական մեծ ներգրավվածություն որպես այդպիսին չկա։
– Իսկ եթե Վրաստանում այդ ճգնաժամը երկար շարունակվի, ապա ի՞նչ հետևանք դա կունենա Հայաստանի համար։
– Բնականաբար, Հայաստանի համար առանցքային է կայուն Վրաստանը, ու մեր գլխավոր խնդիրներից մեկն է չունենալ լոգիստիկայի խնդիրներ, առանց այդ էլ հիմա այն սեզոնն է, երբ Վերին Լարսում մենք բնական պայմաններից ելնելով խնդիրներ ենք ունենում, դրան չավելանան նաև խնդիրներ Վրաստանի ապակայունացմամբ պայմանավորված: Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, ու Վրաստանում իրավիճակը տեսանելի ապագայում կկայունանա: Անշուշտ,
ոչինչ երաշխավորված չէ, բայց դա է մեր շահագրգռվածությունը։
Ավելի լայն իմաստով՝ Հայաստանի համար նպաստավոր է այն Վրաստանը, որը ո՛չ Ռուսաստանի թշնամին է, ո՛չ Արևմուտքի թշնամին, այսինքն՝ երկու ուղղությամբ էլ կարողանում է դրական հարաբերություն կառուցել, որովհետև հասկանալի է՝ դեպի Սև ծով մեր ճանապարհն է ու Սև ծովով դեպի Եվրոպա ու մյուս կողմից՝ դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան մեր ճանապարհն է: Եթե, օրինակ՝ Վրաստանը կարողանա Ռուսաստանի հետ իր հարաբերությունը դրական հունով զարգացնել, ապա Հայաստանի համար հնարավորություն կստեղծվի իր տարածքով ձևավորել նաև Հյուսիս-հարավ երթուղու էական, գործուն այլընտրանք Ադրբեջանին։
Այս հարցում, կարծում եմ, շահագրգռվածություն ունեն նաև Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, այսինքն՝ չմնալ միայն Ադրբեջանի ցամաքային հնարավորությունների հույսին։ Բայց հասկանալի է, որ տեսական այդ պատկերը գործնականի վերածելը շատ ավելի բարդ է լինելու, այս փուլում թերևս ամենակարևորն այն է, որ Վրաստանը մնա կայուն ու կարողանա բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել՝ չդառնալով ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի դեմ դիրքավորված պետություն։
– Պարո՛ն Բադալյան, ձեր գնահատմամբ՝ Վրաստանի նորընտիր իշխանությունը կկարողանա՞ այդ բալանսավորված քաղաքականությունը վարել, թե, ինչպես ասում են որոշ վերլուծաբաններ, այս իշխանությունը ռուսամետ է ու հակաարևմտամետ։
– Ես համաձայն չեմ այդ դիտարկումներին, որովհետև, ինչպես ասացի, խնդիրը Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը չէ, առանցքայինն այստեղ ներարևմտյան բաժանման հարցն է: Բնականաբար, կա նաև Արևմուտք-Ռուսաստան այդ դիմակայության շերտը, բայց այդ գնահատականները՝ ռուսամետ են, Ռուսաստանի պատվերով են գործում, կարծում եմ՝ պարզապես հայաստանյան քարոզչական նարատիվներ են, որ օգտագործվում են ավելի շուտ հենց հայաստանյան էֆեկտի ակնկալիքով, ու այս տեսանկյունից ես չեմ համարում, թե այդ գնահատականներն իրապես արտացոլում են Վրաստանում տեղի ունեցողը։
«Վրացական երազանքը» փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել ու փորձում էր, բայց դա, եթե, օրինակ՝ Ռուսաստանի համար օգտակար է, այսինքն՝ եթե Ռուսաստանին պետք է, որ Վրաստանը դիրքավորվի Արևմուտքի դեմ ու իր հետ կառուցողական ու դրական հարաբերություն զարգացնի, իսկ արևմտյան այն շրջանակներին, որոնք մինչ այժմ կամ առնվազն մինչև նոյեմբերի 5-ը կառավարում էին ԱՄՆ-ում ու հիմա իշխանությունը պետք է փոխանցեն Թրամփին, հետաքրքիր չէ բալանսավորված քաղաքականություն վարող Վրաստանը, այլ այն Վրաստանը, որը պատրաստ է աշխատել Ռուսաստանի դեմ ու խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։
Այստեղ է, որ «Վրացական երազանքը» չի վայելում Արևմուտքի մինչև հիմա եղած այդ գերակա շրջանակների աջակցությունը, իսկ ինչ կլինի Թրամփից հետո՝ դեռ կտեսնենք, բայց նաև տեսնում ենք, որ «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ վարչապետ Կոբախիձեն բավական դրական է տրամադրված Թրամփի հետ ամեն ինչի մասին խոսելու վերաբերյալ, այսինքն՝ նրանք սպասում են, որ իշխանության գա Թրամփը, ու իրենց վրա եղած ճնշումը նվազի։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















