Ժամանակակից կինոարվեստ. այսօր մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը

Ժամանակակից կինոարվեստ. այսօր մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը
Ժամանակակից կինոարվեստ. այսօր մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը

Այսօր Մոսկվա կինոթատրոնում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը: Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ֆիլմեր` Երեւանում Բրիտանական խորհուրդի, Բրիտանական դեսպանատան և BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպած փառատոնի շրջանակներում:

Կանանց միամսյակին ընդառաջ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը կսկսվի նախորդ դարի 60-ական թվականներին սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմով:

Կցուցադրվի վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի», որոնք վեր են հանում կենսական կարեւորության խնդիրներ` աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար:

«Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց և համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են»,-նշված է Երեւանում Բրիտանական խորհուրդի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, բացման հանդիսավոր արարողությանը նախատեսվում է  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի և BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանի խոսքը:   Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը:

© Medialab.am