Անհայտ կորածների տարածվող թիվը չի համապատասխանում իրականությանը. նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ փաստաթղթի մասին. 

«ՀՀ Կառավարության որոշմամբ՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։ 

«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհայտ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։

Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»։