Պատերազմի հետո տեղափոխվեցինք, ամուսնուս վիճակը գնալով վատացավ. Սարգսյանները՝ Շահումյանից Արմավիրի մարզ՝ բազմաթիվ հոգսերով

«Ինչ էստեղ տեղափոխվեցինք, ամուսինս գնալով ավելի վատացավ, երևի մի ամիս հետո միանգամից թուլացավ, ու անցանք արդեն դեղերի, իր բժշկի նշանակած նշանակումների վրա»,- մտահոգ նշում է 32-ամյա Արևիկ Նազարյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղից տեղափոխվել է Արմավիրի մարզի Աթարբեկյան գյուղ։

Արևիկի ամուսինը՝ 32-ամյա Արտակ Սարգսյանը, զինծառայող է, ծառայության ժամանակ վիրավորում է ստացել, երկրորդ խմբի հաշմանդամ է։ Կնոջ խոսքով՝ տեղահանումն ու տան ու հայրենիքի կորուստը կտրուկ վատթարացրել են ամուսնու առողջական վիճակը:

«Ամուսինս էնտեղ ավելի լավ էր զգում իրեն, էնտեղ էլի աշխույժ էր, ինչ-որ մի բան փորձում էր անել, բայց պատերազմից հետո օր օրի իր վիճակն ավելի ա վատանում։ Ներուղեղային կիստա ունի, երկու վիրահատություն ա տարել, դրսից մաքրում են, բայց ներսը մնում ա»,- նշում է կինը։

Արևիկ Նազարյանը նշում է, որ մինչև պատերազմը հանգիստ ապրում էին, ունեին տուն, հողամաս, անասնապահությամբ էին զբաղվում: Այսօր տանը ոչ ոք չի աշխատում, քանի որ ամուսնու վիճակն էլ վատ է, փորձում են ընտանիքի անդամներով խնամքը կազմակերպել։ 

«Հիմա ոչ մեկս չենք աշխատում, աշխատանք կար, բայց սկեսուրս չկարողացավ գնալ, մնաց, որ ինձ օգնի։ Ես՝ երեք երեխեքով, չորրորդին եմ սպասում, ամուսնուս հարցն էլ կա, ես չեմ հասցնում, ինքն ինձ ա օգնում»,- ասում է նա։

Նշում է, որ ապրուստը հոգում են պետական աջակցության ստացած գումարով, սակայն ընդգծում է, որ բնակության վայրում սնունդ և հագուստ մինչև օրս չեն տրամադրել:

«Մենք պատերազմի նույն օրը դուրս եկանք տնից՝ երեխաներս, ամուսինս, սկեսուրս: Հիմա վարձով ենք մնում, էստեղ օգնություններ չկան, ինչ եկել եմ էստեղ, ո՛չ սնունդով, ո՛չ հագուստով չեն օգնել։

Մինչև պատերազմը, չէի ասի՝ ճոխ էինք ապրում, բայց գիտեինք՝ մեր տունն ա, անասնապահությամբ էինք զբաղվում, հող էինք մշակում։ Ամուսինս էլ ավելի լավ էր։ Հիմա ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,- ասում է կինը:

Արևիկն ասում է, որ ժամանակ չունի անգամ մտածելու վաղվա օրվա մասին, պատկերացում չունի՝ ինչ է լինելու ապագայում։

Նշում է, որ Արցախը շատ են սիրում ու կարոտում, եթե անվտանգ լինի և տուն տրամադրեն, կվերադառնան:

«Արցախը շատ ենք սիրում, օդն ենք կարոտում, տունը, էնտեղ ապրած տարիները, ամեն ինչը։ Մեր տունն անցել ա թշնամուն, եթե ապահով լինի, տուն տան, կվերադառնանք։ Կարևոր է նաև, որ տունը հիվանդանոցին մոտ լինի, որովհետև ամուսինս պետք է բժշկական հսկողության ներքո լինի։ Հիմա ամենաշատը մենք երազում ենք, որ խաղաղություն լինի, մնացածը կամաց-կամաց կլինի»,- ասում է Արևիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am