«Փորձել են ճեղքել շրջափակումը, բայց ԱԹՍ-ն խփել ա»․ Սաղաթելյանների ընտանիքում Արտյոմի կորուստը գունազրկել է կյանքը

19-ամյա Արտյոմ Սաղաթելյանը Շիրակի մարզի Ձորագետ գյուղից Հայաստանի զինված ուժեր է զորակոչվել 2019-ի դեկտեմբերի վերջին, մեկ տարի չանցած՝ 2020-ի սեպտեմբերին ստիպված է եղել 22 օր ծանր ու կատաղի մարտեր մղել թշնամու դեմ Ջրականում, Իշխանաձորում, Կուբաթլուում: 

Արտյոմի եղբայրը՝ 28-ամյա Արթուր Սաղաթելյանը, ցավով է հիշում պատերազմի թեժ կետերում եղբոր հետ վերջին զրույցը. «Հոկտեմբերի 16-ն էր, զանգեց, ասեց՝ ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացեք: Գառնեցի ընկեր ուներ, սեպտեմբերի 30-ին էր զոհվել, ասեց՝ նրա վրեժը պիտի լուծեմ, պիտի առաջ գնամ»։

44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին՝ հոկտեմբերի 18-ին, Արտյոմը զինակից ընկերների հետ գնացել է մարտական խնդիր կատարելու: Եղբայրը պատմում է՝ ամեն ինչ բարեհաջող կատարել են, բայց վերադառնալիս տղաները հայտնվել են շրջափակման մեջ։ Հենց այդ ժամանակ էլ մահացել է Արտյոմը.

«Մի քանի մեքենայով են եղել, փորձել են ճեղքել, դուրս գալ շրջափակումից: ԱԹՍ-ն խփել ա հենց առաջին մեքենային, որի մեջ Արտյոմն է էղել»: Նույն մեքենայում 3 զինծառայողները ծանր վիրավորվել են, 2-ը՝ զոհվել։

Արտյոմի զանգերին երկար սպասելուց, նրանից որևէ լուր չստանալուց հետո հարազատները սկսել են փնտրել նրան: «Ես թեժ գիծ զանգեցի ու իմացա, որ Արտյոմը զոհվածների ցուցակում է․․․»,- առաջինը հենց եղբայրն է իմացել նրա մահվան մասին:

Սաղաթելյանների ընտանիքում Արտյոմի կորուստը գունազրկել է կյանքը, դժվար դարձրել ապրելը: Գյուղում պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարը դարձել է Արտյոմի հետ զրուցելու, նրան իրենց ծրագրերի մասին տեղեկացնելու վայրը: Իսկ կյանքն այս ընտանիքում շարունակվում է: Արթուրն ասում է՝ ինքն ամուսնացել է, շուտով մյուս եղբորն էլ կամուսնացնեն:

«Ճիշտ է, ընտանիքում առիթներ են եղել, ես ընտանիք կազմեցի, մյուս եղբայրս շուտով կամուսնանա, բայց ցավը միշտ մեր սրտում է»։ Արտյոմը տան կրտսեր որդին էր, եղբոր պատմելով՝ համարձակ էր, իր տարիքից ավելի հասուն էր, հավասարակշռված, նպատակասլաց։ 

«Ծանրակշիռ դատողություն ուներ, իր տարիքի համար շատ լավ էր հասկանում ամեն ինչ։ Շփվում էր իրենից գրեթե միշտ մեծ մարդկանց հետ, իր շրջապատը էդպիսին էր»,- Արտյոմի մասին պատմում է Արթուրը: Նրա խոսքով՝ եղբայրը շատ էր սիրում իրենց գյուղը, համայնքը, այդ իսկ պատճառով որոշել էր այնպիսի մասնագիտություն ընտրել, որ կարողանա իր համայնքին օգնել, զարգացնել․

«Քաղաքականությամբ էր հետաքրքրվում, որոշել էր բանակից գալ և քաղաքագիտություն ուսումնասիրել: Ասում էր՝ մեր գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու, շատ էր սիրում ու ուզում էր իր գյուղի համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Ինքը կազմակերպչական ջիղ ուներ, աչքի էր ընկնում լիդերությամբ ու ինչ մտքին դներ՝ հասնում էր․․․»- ասում է եղբայրը։

Արտյոմ Սաղաթելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am