Անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները կկրճատվեն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ  78 «կողմ» ձայն:

Նախագծով կրճատվում են անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով: Գործող Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այս նախագծով սահմանվում է. «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»:

Գործող քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից 2 տարի հետո: Ներկայացված նախագծով մահացած ճանաչելու ժամկետը 2 տարուց դառնում է 1 տարի՝ ռազմական գործողությունների սկսելու պահից:

Կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չեն կատարվել: