«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, ներքաղաքական կյանքի ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, խորհրդարանական ընդդիմությունը իշխանափոխության հասնելու շանսեր ունի՞:
– Մեր կուսակցությունը չի աջակցում տեղի ունեցող ցույցերին, որոնք, մեր կարծիքով, չեն կարող հաջողության հասնել:
– Հաջողության չեն հասնելու՝ դրա՞ համար չեք աջակցում, թե՞ այլ պատճառ կա:
– Այս շարժումը նախաձեռնած ուժերի դեմ մենք պայքարել ենք տարիներ շարունակ, դրա համար գնացել բանտ ենք նստել և այսօր մենք չենք ընդունում նրանց առաջնորդությունը, չենք վստահում ու չենք հավատում:
Մարդիկ, որոնք տարիներ շարունակ իշխանության մոտ են գտնվել, խախտել են Սահմանադրություն, օրենքներ, անձնական շահերը գերադասել են ազգային ու պետական շահերից, այսօր ուզում են համախմբել մեր ժողովրդին, բայց նրանք այն մարդիկ չեն, որոնք պետք է դա անեն:
– Թեև դուք խորհրդարանական ընդդիմության հաջողությունը հավանական չեք համարում, նրանք վստահորեն պնդում են, որ հաշված օրեր են մնացել իրենց պայքարին ու գործող իշխանության հեռացմանը: Այնուամենայնիվ, ինչո՞վ կավարտվի այս ամենը, ներքաղաքական այս լարվածությունն ինչպե՞ս է հանգուցալուծվելու:
– Խորհրդարանական ընդդիմության աջակիցների թիվը մնացել է այնքան, որքան էր արտահերթ ընտրությունների ժամանակ: Հանրահավաքներ ու ակցիաներ էլի ենք տեսել, ու չեմ կարծում, թե սա ինչ-որ փոփոխություն կբերի:
Խորհրդարանական ընդդիմությունը կարող էր վայր դնել մանդատներն ու ստեղծել քաղաքական ու խորհրդարանական ճգնաժամ, բայց տեսնում ենք, որ այդ ճանապարհով չեն գնում, այսինքն՝ արտահերթ ընտրությունները չեն նրանց նպատակը, նրանք ուզում են շարժում ստեղծել, որին հանրության մեծ աջակցություն, մեր կարծիքով՝ չի լինելու:
– Կարծիքներ են հնչում, որ մեծ է բախումների ու հեղաշրջման փորձի հավանականությունը, պարո՛ն Ղուկասյան, ձեր տպավորությամբ՝ կա՞ նման վտանգ:
– Դժվարանում եմ ասել, դա նաև կախված է իշխող ուժի որոշումներից, բայց հասկանալի է, որ այսօր մեր պետությունն ու ժողովուրդը շատ ծանր օրեր են ապրում: Իշխող ուժի ընտրած ճանապարհը, իհարկե, Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ, ինչը հանրությունը հանդուրժել չի կարող, բայց փողոցում կանգնած ուժերն էլ չեն բացահայտում իրենց դիրքորոշումներն արմատական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը, Արցախը Ադրբեջանի կազմում լինելը:
Թուրքիայից ու Ռուսաստանից եկող, այսպես ասած, հրահանգները, Հայաստանի իշխող ուժը կատարում է: Պրոռուսական դրոշի տակ գործող խորհրդարանական ընդդիմությունն արդյոք որևէ բան կփոխի՞, սա է արմատական հարցը: Իսկ նման անորոշությունը տեղիք է տալիս ենթադրելու, որ այս ամենը քաղաքական խաղեր են, որոնք լիովին այլ նպատակներ են հետապնդում, ու բացառված չէ, որ իրավիճակի ապակայունացումն էլ կարող է այդ ծրագրերի մեջ մտնել:
– Իսկ ովքե՞ր են ձեր նշած խաղի կազմակերպիչները, ենթադրում եք, որ իշխանության ու խորհրդարանական ընդդիմության միջև ինչ-որ պայմանավորվածությո՞ւն կա:
– Իշխող ուժն ու խորհրդարանական ընդդիմությունը գործում են Ռուսաստանի դրոշի տակ ու ավելի բարձր են դասում Ռուսաստանի, քան հայ ժողովրդի շահերը: Անձամբ ես ու մեր կուսակցությունն այդ ուժերից որևէ ազգային դրսևորում չենք սպասում:
Մյուս կողմից էլ՝ նրանց այդ քաղաքական ընդհանրությունը, այո՛, տեղիք է տալիս մտածելու, որ կարող է և մեկ կենտրոնից համակարգված լինել թե՛ իշխող ուժի, թե՛ խորհրդարանական ընդդիմության գործողությունները:
– Ավելի գլոբալ հարցեր լուծելու նպատակո՞վ է արվում այդ ամենը:
– Դժվար է հիմա նպատակները հաշվարկել, բայց տեսանելի է, որ այդ բոլոր ուժերը՝ որպես հենարան, որպես ելակետ ընդունում են Ռուսաստանի ղեկավարության քաղաքական գնահատականները: Ռուսաստանի ղեկավարությունն այսօր դեռ հույսեր է փայփայում, որ իր ագրեսիան Ուկրաինայի դեմ հաջողությամբ կպսակվի, և իրենք կկարողանան իշխանափոխություն անել այնտեղ՝ այդպիսով Ուկրաինան բերել միութենական պետության կազմ:
Նման ավարտի դեպքում, բնականաբար, Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես կկանգնեն միութենական պետություն մտնելու փաստի առաջ: Հասկանալի է, որ Ռուսաստանն Արցախը դիտարկում է որպես միջոց՝ Ադրբեջանին միութենական պետություն բերելու համար, ու հասկանալի է, որ այսօր բոլոր պրոռուսական ուժերը նախևառաջ պատրաստ են սպասարկելու այդ ծրագիրը, իսկ երկրորդը՝ իրար դեմ պայքարում են իշխանության համար, որովհետև միութենական պետությունը կլինի ավտորիտար, ցմահ իշխանության, այսպես կոչված, երաշխիք:
Իմ կարծիքով, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը չէին ուզենա, որ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, ցմահ իշխանություն հասնի: Իրենք 30 տարի պայքարում էին ռուսական շահերի համար, հավատարիմ էին այդ ծրագրին, իսկ հիմա դրա պտուղները պետք է հասնի Նիկոլ Փաշինյանին:
Նրանց տեսանկյունից՝ խաղադրույքները շատ բարձր են, ու բոլորն են ուզում ունենալ ցմահ իշխանություն, իսկ միութենական պետությունը այդ հնարավորությունը ընձեռում է, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը շահագրգռված են միութենական կազմի մեջ մտնելու հարցով:
Հայաստանում տեղի ունեցող այս տուրուդմփոցը մենք հենց այս տեսանկյունից ենք գնահատում, իրականում խոսքը ցմահ իշխանություն ստանալուն է վերաբերում: Այս ամբողջ պայքարը հենված է այն պատկերացման վրա, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի բանակը կջախջախի ու հաղթանակ կգրանցի, ինչը, ըստ մեզ, տեղի չի ունենա, ընդհակառակը՝ Ռուսաստանը կպարտվի:
Հասկանալի է, որ դրանից հետո այս պրոռուսական ուժերը՝ թե՛ իշխող ուժը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, Պուտինի ռեժիմի տապալումից հետո նույնպես տապալվելու են ու կորցնելու են իրենց քաղաքական նշանակությունը: Այս մարդիկ այդպես չեն մտածում, կարծում են՝ Ռուսաստանը կհաղթի, ու հիմա փորձում են պայքարել այդ աթոռի համար: Վստահ եմ, որ պատրաստ են լինելու գնալ ցանկացած քայլի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am