«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք պետք է իսկապես արմատախիլ անենք Հայաստանից լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից՝ Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»։ Ըստ էության, նա խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերին «լրտեսական» է անվանում։ Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այս հայտարարությունը։
– Ճիշտ է ասացվածքը, որ ամեն մարդ դիմացինին իր արշինով է չափում, ես խորհուրդ կտամ իր քաղաքական պրակտիկան այլ ուժերի վրա չպրոյեկտել, բայց սա նաև ինքնախոստովանություն էր, որ մեր քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը մեկ խնդիր ունի, ու դա գործող խորհրդարանական ընդդիմությունն է, որի հետ, չնայած բոլոր ճնշումներին, պատանդառության դեպքերին, բոլոր այս գործիքակազմերին, չի հաջողվում պայմանավորվել։
Իր խնդիրը դա է, ինքը թողել է երկրի բոլոր խնդիրները, բոլոր կենսական հարցերը՝ տնտեսությունից մինչև անվտանգություն և լծվել է բացառապես իրեն հարմար ընդդիմություն ձևավորելու գործին: Ավելի լուրջ խոստովանություն այս մասին նա չէր կարող անել, սա է՛լ ավելի ամոթալի է, որ նա դա անում է, որպեսզի Հայաստանն ունենա Ալիևի պարտադրած սահմանադրությունը:
Հիմա շատ ավելի պարզ է դառնում, թե ընտրությունների հենց հաջորդ օրն ինչո՛ւ էր Հաջիևը եկել Հայաստան, ու ինչո՛ւ էր «շատ պատահաբար» Նիկոլ Փաշինյանն այդ անտառներում հեծանիվ վարում, փաստորեն պայմանավորվում էին իրենց հարմար ընդդիմություն ունենալու մասին: Խորհրդարանական ընդդիմությունը պատի պես կանգնած է ալիևյան սահմանադրության առջև:
– Ստացվում է, որ երբ այդ տեսաուղերձում Փաշինյանն ասում է, որ ինքը չի ցանկանում ունենալ «կառավարվող ընդդիմություն», այնքա՞ն էլ ազնիվ չեք համարում:
– Ընդհանրապես իրեն ազնիվ մարդ չեմ համարում, ու մի քիչ անշնորհակալ ու հիմար գործ կլիներ հավատալ մի մարդու, որ բազմիցս խաբել է բոլորին: Շատ պարզ մի բան կա՝ ինչո՞ւ է հիմա այս հարցն առաջացել, ու ինչո՞ւ է դա խնդիր դարձել: Ո՞րն է «պետականամետ» ընդդիմությունը, ալիևյան սահմանադրությանը «այո՛» ասո՞ղը:
Այո՛, մենք չենք լինելու այդ ընդդիմությունը, ու դա հստակ արձանագրելուց հետո է, որ Փաշինյանն անում է այս հայտարարությունը, մենք չենք լինելու այդ ընդդիմությունը, թող մնացած ուժերը մտածեն այդ մասին, եթե ուզում են դառնալ այդ ընդդիմությունը, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ինչպես այս ընտրություններին չի տվել Փաշինյանին այդ իրավունքը, որքան էլ արտահերթ անի, էլի չի տալու:
– ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի տարած հաղթանակը, իշխանության արձագանքն այդ ամենին ինչպե՞ս եք գնահատում:
– Իսկ ի՞նչ արտառոց բան է տեղի ունեցել, Հայաստանում գործող իշխանությունը ՏԻՄ ընտրություններում 90 տոկոս ձա՞յն է ստացել: Շատ համայնքներում միայնակ մասնակցել է ու իրենք իրենց չեն պարտվել, դա՞ են տոնում: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն են տոնում, Հայաստանում միակուսակցականության ամրապնդո՞ւմը:
Փաշինյանը շատ լավ է հասկանում, թե իրականության մեջ ինչ է կատարվում, ու դրա համար էլ այսօր ասում է, որ այդ պատկերը վատ ասոցիացիաներ է առաջացնում: Խոշոր հաշվով կարելի է ասել, որ իրենք ամեն ինչ արել են, որ այդ ընտրություններին այլ թեկնածուներ չմասնակցեն, չնայած մենք մի քանի համայնքում մասնակցել ենք ու շատ շնորհակալ ենք այն քվեների համար, որ ստացել ենք, բայց Փաշինյանը շատ լավ գիտի, որ իրենք չեն հաղթել արդար ընտրություններում, այլ գործադրել են իրենց ամբողջ գործիքակազմը, որ մենք ունեցել ենք Հայաստանի պատմության մեջ ընտրությունների ամենաարատավոր դրսևորումները: Ու ես կարծում եմ, որ իրենք գիտեն, թե այս գործիքակազմի հաճախակի կիրառումն ինչի է հանգեցնում:
– Իշխանազրկմա՞ն: Կարծում եք, որ նման մտավախությո՞ւն ունի Փաշինյանը, տիկի՛ն Վարդանյան:
– Այո՛, իհարկե: Ես կարծում եմ, որ ընտրությունից ամիսներ հետո նոր ընտրության մասին խոսող իշխանությունը չի կարող նման մտահոգություն չունենալ, իր այդ խոսքը չի խոսում այն մասին, որ ինքը տիրապետում է իրավիճակին ու որևէ խնդիր չունի: Ընդհակառակը՝ լրիվ հակառակի մասին է խոսում, բայց սա չի նշանակում, թե իշխանափոխություն ինքնըստինքյան լինելու է, դա նշանակում է, որ այդ ուղղությամբ հսկայական գործ կա անելու, բայց ուզում եմ արձանագրել, որ գործող իշխանությունն արտահերթի անհրաժեշտություն տեսավ, որովհետև այն ընդդիմությունը, որին հասարակությունը ձայն է տվել, խոչընդոտ է դարձել իր համար, չի թողնում իր համար կենսական նշանակություն ունեցող քայլեր իրականացնել: Բոլոր կարևոր գործերը թողած՝ կենտրոնացած է ընդդիմությանը փոխելու վրա, հետևաբար հասարակությունն ու ընդդիմությունն էլ պետք է կենտրոնանան իշխանությունը փոխելու վրա:
– Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը ձեռնամուխ կլինի՞ իր ասած «պետականամետ» ընդդիմության ձևավորմանը:
– Նոր չէ, որ պետք է դա անի, նախորդ ընտրություններին էլ ամեն ինչ արել էր իշխանահաճո ընդդիմություն ունենալու համար, պարզապես իրենց ցանկացած քայլ հակառակ էֆեկտը տվեց: Այն ընդդիմությանը, որին տարիներ շարունակ իրենք վարկաբեկել են, պատանդառել են, խոշոր հաշվով այն, ինչ հիմա անում են «Հայաստան» դաշինքի դեպքում, պատանդառություն է: Ի՞նչ է նշանակում «Հայաստան» դաշինքի առաջնորդին ու իր որդուն ապօրինի կալանավորել, այսպես էին վարվում վաղ միջնադարում երկրի առաջնորդների հետ, առաջնորդների որդիներին տանում էին, որ բանակցեն կամ ինչ-որ գործարք կնքեն:
Չնայած այս ամենին, Փաշինյանը բախվեց իրականությանը, եկավ խորհրդարան հունիսի 7-ի ընտրությունից հետո ու տեսավ, որ այդ ընդդիմությունը թվով ավելի է մեծացել: Իսկ իր սրտի ընդդիմադիր ուժերը չեն կարողացել անգամ անցողիկ շեմը հաղթահարել: Հետևաբար, իրականում խոսքն իշխանահաճո ընդդիմություն ձևավորելու մասին է, որ ընդունվի ալիևյան սահմանադրությունը, մենք էլ ասում ենք, որ ամեն բան անելու ենք, որ այդ սահմանադրությունը չընդունվի, դա մեր պատմական առաքելությունն է, մնացածի՞ն էլ կպատանդառեն, գործը կշարունակեն նրանք, որոնք դրսում կմնան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















