«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը
-Պարո՛ն Նահապետյան, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվանից հետո քննադատություններ հնչեցին իշխանությունների, մասնավորապես՝ արդարադատության նախարարի հասցեին։ Ոմանք այդ քննադատությունները հիմնավորված համարեցին, մյուսները՝ ոչ։ Դուք ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։
– Նախ ցավակցում եմ մահացածի հարազատներին, ընկերներին, ցավալի դեպք է տեղի ունեցել: Իրավիճակն էլ ավելի ողբերգական է դառնում այն համատեքստում, որ մենք գիտենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները ապացույցներ խմբագրելու, դրանք քարոզչական նպատակով ձևափոխելու սովորություն ունեն: Մենք դա տեսել ենք Բագրատ Սրբազանի գործով, երբ ձայնագրությունը մոնտաժվել էր, ուրիշ բան էին ներկայացնում, ու չի բացառվում, որ ի վերջո կպարզվի, որ այս գործում էլ էր ապացույցները խմբագրված, մեկնաբանված, ու փաստացի կարող է պարզվել, որ անմեղ մարդուն ուղարկել են բանտ, հանրային պարսավանքի են ենթարկել ու փաստացի կյանքից զրկել:
Առհասարակ, ես ատելության ժանրը քաղաքականության մեջ չեմ սիրում ու չեմ կարծում, թե դրանից որևէ բարի բան է ծնվում, ու անեծքներով, ատելության խոսքով քաղաքական գործիչներին հուզական վիճակի հասցնելը չեմ ողջունում, դա չի առողջացնում հասարակական խոսակցությունը: Բայց նման վարքը չողջունելով հանդերձ պետք է ասեմ, որ այդպես չի լինում, որ զոհերը, մահերը, զրկանքներն ու դժվարությունները, բանտն ու անարդարությունը բաժին ընկնեն ժողովրդին, իսկ հանգիստ կյանքը՝ պաշտոնյաներին:
Մենք բոլորս դերակատարում ունենք հանրային կյանքում ատելությունը, բացասական էներգիան լիցքաթափելու հարցում, երբ որ իշխանությունը սնվում է ատելության էներգիայով ու երբ տեսնում է, որ այդ էներգիան պակասում է, գեներացնում է այդ ատելությունը, որպեսզի դրանով սնվի, շատ դժվար է այդ պարանը մենակ քաշելը, հատկապես երբ ինչ-որ մեկը հակառակ ուղղությամբ է քաշում: Ես կոչ եմ անում չցանել ատելության սերմեր, որպեսզի հետո չճաշակեն ատելության պտուղներ:
– Փաստորեն, կարծում եք, որ տեղի ունեցածը բնական է, ու իշխանությունը քաղում է իր ցանածի պտուղնե՞րը:
– Այո, երբ, օրինակ, Բաքվի բանտերում գտնվող մարդկանց հասցեին ռեժիմով ու մեթոդական ատելության պրոպագանդա է արվում, երբ ընդդիմադիրների հասցեին ատելության պրոպագանդա է արվում, բոլոր քննադատների հասցեին ատելության պրոպագանդա է արվում, այդ էներգիան ոչ մի տեղ չի կորչում ու մի տեղից անպայման դուրս է գալու:
– Ինչո՞ւ է իշխանությունն անմիջապես արձագանքում, հակադարձում իրեն ուղղված ատելության խոսքին, բայց մյուսների նկատմամբ արված նմանատիպ խոսքերին, ընդ որում՝ իրենց թիմակիցների կողմից հնչած, նույն ձևով չի արձագանքում:
– Դա պարզ երեսպաշտության դրսևորում է:
– Որ ասում եք՝ իշխանությունն ատելություն է գեներացնում, ի՞նչ է տալիս այդ մթնոլորտն իշխանությանը, ինչո՞ւ է դա անում:
– Մոբիլիզացիայի աղբյուրներից մեկը վտանգն է, մարդիկ միավորվում են վտանգի դեմ: Այս իշխանությունը, ունենալով զրոյին ձգտող ինքնիշխանության մակարդակ, բաց է թողել որևէ արտաքին թշնամու կերպար ձևավորելու հնարավորությունը, կտան գլուխները կջարդեն, այդ պատճառով էլ թշնամի փնտրում ու գտնում է ներսում:
– Պարո՛ն Նահապետյան, իսկ իշխանությունն ինչո՞ւ չի ընդունում իր ուղղակի կամ անուղղակի մեղավորությունն ու պատասխանատվությունը այս կամ այն հարցում:
– Խնդրում եմ ինձ հիշեցրեք ցավալի դեպքերից գոնե մեկը, որոնց պատասխանատվությունն այս մարդիկ ընդունում են, այս մարդիկ իշխանություն երևույթն ընկալում են որպես վայելք: Չի եղել նման մի դեպք, որ ինչ-որ բանը վարի տան ու ասեն՝ սա աններելի հանցանք է:
– Իսկ ինչո՞ւ չկա այդ պատասխանատվության զգացումը, գուցե հանրությո՞ւնը չունի բավարար պահանջատիրության զգացում:
– Հանրությունը վերացական երևույթ է, այն գործում է ինստիտուտների միջոցով, որոնցից որոշ ինստիտուտներ պետական են, որոնք մենք չունենք, որոշ ինստիտուտներն էլ ժողովրդավարական են՝ քաղաքացիական հասարակություն, ուժեղ մամուլ, հանրային գործիչներ և այլն, որը լավ ձևավորված չէ: 2018-ին կանխամտածված փլուզվել է այդ ենթակառուցվածքը, ու նորը չի ձևավորվել, ու ամեն կերպ խոչընդոտվում է դրա ձևավորումը:
– Այդ պարագայում պետությունը դեպի ո՞ւր է գնում:
– Դեպի ավտորիտարիզմ, Բելառուսից, Ռուսաստանից մեզ ծանոթ ավտորիտարիզմ, ոչ մի տարօրինակ ու նոր բան չի կատարվում: Օրինաչափ է, որ այս տարածաշրջանի երկրները լինում են ավտորիտար:
– Պարո՛ն Նահապետյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունը ականջալուր չի լինելու որևէ կոչի:
– Եթե ճնշումը մեծ լինի, ականջալուր կլինի, ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական ու ներքին որոշ հանգամանքներով պայմանավորված, իշխանության նկատմամբ ճնշումը դեմոկրատական հարցերում մեծանալու է: Դա չի լինելու այնպիսին, ինչպիսին կար մինչև 2018-ը Սերժ Սարգսյանի նկատմամբ, բայց չի լինելու այնպիսին, ինչպիսին սովոր էին տեսնել Նիկոլ Փաշինյանենք անցնող տարիներին:
Դրսից կլինի ճնշում, դրա նախադրյալները ես տեսնում եմ, արտաքին քաղաքական սուբյեկտները փորձում են այստեղ ենթակառուցվածքներ ձևավորել: Կցանկանամ մեկ բան ավելացնել, որպեսզի իրենք կարողանան առհասարակ իրենց պատասխանատվության հարցը քննարկման առարկա դարձնել, դրա հրապարակային իրավունքը վաստակել, սկզբի համար լավ կլինի մի հատ շրջեն բանտերում ու տեսնեն՝ ինչ պայմաններում են մարդիկ իրենց պատիժը կրում: Որ մարդիկ հանցանք են կատարել, որոշ մարդկանց մեղքն էլ դեռ ապացուցված չէ, այդ մարդկանց չի զրկում մարդ լինելուց:
– Բայց պատկան մարմինները դա էլ չեն ընդունում, որ այնտեղ պայմաններն անմարդկային են:
– Այդ դեպքում նրանց կա՛մ սեփական փորձով պետք է ստիպել ծանոթանալ այդ պայմաններին, ինչը կարող է անել ժողովուրդը, կա՛մ իրենց պետք է բժշկական, մասնագիտական օգնություն, որը դարձյալ ժողովուրդը կարող է ապահովել պատկան մարմինների համար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















