Սյունիքում ռուսական ռազմաբազայի երկու նոր հենակետի առկայությունը լուրջ աշխարհաքաղաքական տարբերություն է մտցնում․ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Սյունիքի մարզում հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ։ Պարո՛ն Ղևոնդյան, կա՞ր նոր հենակետերի ստեղծման կարիք՝ հաշվի առնելով Սյունիքում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգային ներկայիս հարցերը։ Ի՞նչ կարևորություն կունենան այդ հենակետերը Հայաստանի համար։

– Կարծում եմ՝ այդ որոշումը հեշտ չի ընդունվել, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունն ավելի տեղեկացված է ռազմական մեր ներուժի մասին, քան մենք, և, հավանաբար, այդ ռազմական հենակետերի առկայությունն անհրաժեշտություն է եղել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

Այլ հարց է, թե այդ անվտանգության ապահովման համար բոլոր հույսերը Ռուսաստանի հետ կապելը որքանո՛վ է համապատասխանում Հայաստանի շահերին։

Ըստ ամենայնի, Հայաստանի զինված ուժերը ինքնուրույն ի վիճակի չեն ինքնուրույն ապահովելու այն անվտանգությունը, որը պահանջվում է ներկայում կոնկրետ Սյունիքում։ Հետագա զարգացումները ցույց կտան, թե որքանով էին դրանք համապատասխանում կոնկրետ ՀՀ-ի շահերին։

– Սա ևս մեկ հնարավորությո՞ւն էր, որ Ռուսաստանն էլ ավելի ամրապնդի դիրքերը Հարավային Կովկասում, և, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական մասով, Ռուսաստանն ի՞նչ հարց է լուծելու, և ի՞նչ խնդիրներ կլուծի Հայաստանի համար այս իրողությունը։

 – Ռուսաստանն արդեն իր ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդել է՝ Արցախ մտնելով։ Կոնկրետ Սյունիքում գտնվելը մեծ փոփոխություն չի բերելու, տարբերություն կա, ինչպես դուք նշեցիք, աշխարհաքաղաքական առումով։ 

Արցախում հայտնված ռուսական զինուժը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի արանքում, իսկ Սյունիքում նաև կապ է ունենալու Իրանի հետ։ 

Սա բավականին լուրջ աշխարհաքաղաքական տարբերություն է մտցնում, այն առումով, որ Իրանը պատերազմի ընթացքում հայտարարել էր, թե Իրանի կապը Հայաստանի հետ կարմիր գիծ է, և, փաստորեն, Ռուսաստանն այդտեղ ներկայություն է ունենում արդեն։ Կարող ենք ասել, որ նորից տարածաշրջանային խաղ է գնում, որտեղ մեր շահերը համապատասխանեցնելու խնդիր ունենք։ 

Իսկ Հայաստանն առաջին հերթին պետք է իր անվտանգության մակարդակը բարձրացնի, սեփական զինուժն այնքան վերազինի, որ ստիպված չլինի արտաքին օգնություն խնդրել։ 

– Կարծում եք՝ այս քայլով Հայաստանի շահերը երկրորդվե՞լ են, թե՞ ոչ, և, այս ամենից, նաև աշխարհաքաղաքական առումով, Հայաստանը հնարավոր ի՞նչ օգուտներ կարող է ստանալ։

– Հայաստանի առաջնային շահը անվտանգության մակարդակի բարձրացումն է, հաշվի առնելով այն, որ թշնամին խոսում է Մեղրիում ուժով միջանցք ստեղծելու մասին, և նրան մեղմ ձևով ձայնակցում է Թուրքիան՝ Հայաստանին հրավիրելով տարբեր հարթակներ: 

Իհարկե, Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի երկխոսելուց, այնուամենայնիվ, Հայաստանը ստիպված է իր շահերը տարածաշրջանում հարմարեցնել այն երկրի շահերին, որոնք դրա դիմաց որևէ բան են խոստանում, ինչպես Ռուսաստանը։ 

Մեր խնդիրներից է այն, որ չենք կարողանում դիվերսիֆիկացնել մեր արտաքին անվտանգության մակարդակն ու անընդհատ, նորանոր դեպքերից ելնելով, այդ անվտանգությունը կապում ենք միայն Ռուսաստանի հետ: 

Ըստ իս՝ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը կարողանար բազմակողմանի համագործակցություն ապահովել տարբեր գործընկերների հետ, ինչը հնարավորություն կտար ավելի ճկուն լինել և մեր շահերն ավելի լավ իրացնել նման իրավիճակներում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am