«Սա ի՞նչ խոսակցություն է հաղթանակն իրարից խլելու, սեփականաշնորհելու, հաղթանակը հայ ժողովրդինն է, մեր զինվորներինը». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Ընդդիմադիր և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ այս օրերին սահմանին արձանագրված հաջողությունների պարագայում փորձում են տարանջատել զինվորականությանը և քաղաքական իշխանություններին: Մասնավորապես, հիշատակում են, որ, օրինակ՝ Խաչատուրովի որդին նախկին իշխանությունների ժամանակներից է, և հաղթանակը իրենց են վերագրում: Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը: 

– Քանի որ անուն չտվեցիք, չգիտեմ, թե ում մասին է խոսքը, բայց կարող եմ ասել, որ դա հիմարություն է: Այդ հաղթանակը հայ ժողովրդինն է, և ամոթալի է այն տարանջատել: 

Մյուս կողմից՝ գործողությունները դեռ շարունակվում են, և հաղթանակի մասին խոսելը հիմա այնքան էլ տեղին չի: Այս պահին դեռ գործողություններ են ընթանում, մեր տղաներից զոհվել են, կրակոցներ են դեռ, ու այս իրավիճակում դա ի՞նչ խոսակցություն է, որ մենք պետք է դրա մասին խոսենք: 

Սա ի՞նչ խոսակցություն է հաղթանակն իրարից խլելու, սեփականաշնորհելու: Ես չեմ ուզում դրա մասին խոսել, մեկնաբանել, հաղթանակը հայ ժողովրդինն է, մեր զինվորներինն է, Հայաստանի Հանրապետությանն է և Արցախինն է: 

– Նախկինների կողմից նշվում է, որ արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքներ պետք է կատարվեն, նաև խորհրդարանական դիվանագիտությունը պետք է շատ ակտիվ գործի: Դուք կարծում եք, որ այստեղ թերացումնե՞ր կան:

– Ինչի՞ մասին է խոսքը, ես կուզենամ, որ ավելի մանրամասն ասվի: Ինչպես միշտ, նախկին իշխանություններն իրենց տրամաբանության մեջ են: Այս պահի դրությամբ մեր բանակը լիովին կատարում է իր առջև դրված խնդիրները: 

Հրամանատարական կազմը այն ժամանակներից այս կողմ գրեթե ամբողջությամբ փոխվել է: Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի զինվորը շատ ավելի ապահովված է, քան եղել է երբևէ, ավելին չեմ ուզում ասել: 

Այնպես որ, իրենք թող հանգիստ իրենց տեղները նստեն, սա իրենց չի վերաբերում, որովհետև իրենք այդ հնարավորությունն ունեցել են և բազմիցս ձախողել են:

– Նախկինում սահմանային լարվածության կամ պատերազմական գործողությունների ժամանակ լինում էր համախմբում: Այս անգամ մի հատված, համենայնդեպս, իրեն դուրս է դրել այս համախմբումից, մասնավորապես, այդ առումով շատ ակտիվ է Արթուր Ղազինյանը: Սա ինչպե՞ս եք գնահատում: 

– Եթե այդպես են իրենց պահում, ի՞նչ գործ ունեն Հայաստանում, թող գնան հանձնվեն այն երկրին, որտեղ իրենց ավելի հարմար է: Ինքը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որ ես իր ասածները մեկնաբանեմ: 

– Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում սահմանին լարվածությունը, արդյոք սա կարո՞ղ է վերածվել երկարատև պատերազմական գործողությունների: 

– Ես չեմ ցանկանում դրա մասին մտածել, կարող եմ ասել մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա զինված ուժերը լիովին պատրաստ են յուրաքանչյուր մարտահրավերի պարագայում հակահարված հասցնելու:

Դա նաև, կրկնում եմ՝ վերջին տարիներին բանակում և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ է:

Ուստի մենք պետք է միշտ լավատես և պատրաստ լինենք ցանկացած դեպքում պատասխան տալու, իսկ մենք դրան պատրաստ ենք: Ընդամենը պետք էր բանակը 2 տարի չթալանել, ընդամենը պետք էր մտածել պետության մասին՝ որպես հայրենիքի, այլ ոչ թե ուտելու հնարավորության: 

Հայաստանի Հանրապետությունն իր ժողովրդով, իր Սփյուռքով կարողացավ այս երկու տարվա ընթացքում այնքան ուժ ստեղծել, որ ես այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր բանակը, մեր պետությունը, առանց միջազգային դռների առջև խնդրանքներով վազվզելու, խուճապի մատնվելու, կարողանում են իրենց առջև դրված խնդիրները լուծել, այդ թվում նաև՝ համաճարակին դիմակայել և տնտեսությունը պահել: 

– Իմ նշած շրջանակների ասածն այն է, որ իշխանությունը ոչինչ չի արել, բանակը կար, բանակն իրենցն է, իսկ հաղթանակն էլ Խաչատուրով կրտսերի շնորհիվ է: 

– Չգիտեմ անգամ ինչ ասեմ: 21-րդ դարում, երբ բոլորը կարողանում են համակարգիչը միացնել ու անջատել, եթե մենք սկսենք ամեն մի ցնդաբանություն, ամեն մի զառանցանք մեկնաբանել, դա շատ անշնորհակալ գործ կլինի մեր բոլորի կողմից: 

Մանե Հարությունյան

MediaLab.am