«Մեծ հույսեր ունենալ, որ Եվրամիության հետ ասոցացումը կբերեր Հայաստանի ժողովրդավարացման, պատրանք է». Ավետիք Իշխանյան

«Մեծ հույսեր ունենալ, որ Եվրամիության հետ ասոցացումը կբերեր Հայաստանի ժողովրդավարացման, պատրանք է». Ավետիք Իշխանյան
«Մեծ հույսեր ունենալ, որ Եվրամիության հետ ասոցացումը կբերեր Հայաստանի ժողովրդավարացման, պատրանք է». Ավետիք Իշխանյան

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց 4 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով առաջընթաց չի գրանցվել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նշում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը չէր էլ ենթադրում մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի բարելավում, իսկ եթե Հայաստանը գնար Եվրամիության հետ ասոցացման ճանապարհով, մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով իրավիճակը գոնե ձևական կփորձեր բարելավել:

«Ի սկզբանե իշխանությունները ԵԱՏՄ-ին միանալը չէին ներկայացնում որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակի բարելավում: Նրանց խոսքով` դա տնտեսական միություն էր, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա քաղաքական միություն է»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Նրա դիտարկմամբ` եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, բայց նաև չգնար Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհով, ապա կշարունակվեր այն իրավիճակը, ինչ կար մինչև 2013 թվականը: «ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չի թողել, որովհետև 1990-ական թվականներից ներառյալ 2013 թվականը Հայաստանում մարդու իրավունքները եղել են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, երբեմն՝ աղետալի»,- նկատում է նա:

Ըստ Իշխանյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի համար մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն առաջնահերթություն ունեցող հարցեր չեն: Այդ երկրների շարքում գուցե Հայաստանն ավելի բարվոք դիրք ունի: «Այսինքն՝ հույս դնել, որ ԵԱՏՄ-ն որպես կառույց կարող է իր օրակարգում ունենալ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցեր, միամտություն է: Այս տեսանկյունից ԵԱՏՄ ղեկավարներն ավելի անկեղծ են և այդ հարցերը բացարձակապես չեն բարձրացնում»,- ասում է Իշխանյանը:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև հարցին, որ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ին չանդամակցեր, այլ գնար Եվրամիության հետ ասոցացման ճանապարհով, այդ դեպքում ի՞նչ իրավիճակ կլիներ.

«Դժվար է ասել, որովհետև հաշվի առնելով իշխանությունն ամեն գնով պահելու Հայաստանի իշխանությունների հոգեբանությունը, առաջընթաց հնարավոր չէր ակնկալել: Երբ ամեն գնով պահում ես իշխանությունը, բնականաբար, խախտվում են մարդու իրավունքները: Արդյոք Եվրամիությունը զսպիչ դեր կկատարե՞ր Հայաստանի համար, որպեսզի երկրում մարդու իրավունքները չխախտվեին, և, ի վերջո, Հայաստանում իշխանափոխություն լիներ` ես մեծ վերապահումով եմ մոտենում դրան»:

Միաժամանակ Իշխանյանը հավելում է, որ Եվրամիության հետ ասոցացման փաստաթղթերում տնտեսական համագործակցության պայմաններից էին նաև երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացումը: Եվ քանի որ դրանք պայմաններ էին, Հայաստանի իշխանությունները պետք է գոնե ձևական դրանք իրագործեին:

«Այդ պայմաններից էին` խտրականության, ընտանեկան բռնության դեմ օրենքների ընդունումը, դատարանների անկախության ապահովումն ու դատական համակարգի բարեփոխումները: Իհարկե, Հայաստանի իշխանություններն այդ օրենքները կընդունեին, բայց մեծ հույսեր ունենալ, որ Եվրամիության հետ ասոցացումը կբերեր Հայաստանի ժողովրդավարացման, պատրանք է: Բայց որ որոշակի առաջընթաց կլիներ, թեկուզ ձևական, որն ինչ-որ ժամանակաշրջանից հետո կարող էր դառնալ ոչ այնքան ձևական, այդ հույսերն ու սպասելիքները կային»,- ասաց նա:

Ըստ Իշխանյանի՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ժողովրդավար երկիր ունենալուն: Նրա խոսքով՝ 2001 թվականին, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, նրանք էլ մի շարք պահանջներ դրեցին երկրի առաջ, որոնցից ամենակարևորն էին ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու դատական համակարգի անկախության ապահովումը:

«Բայց այդ երկու պայմանը Հայաստանի իշխանությունները, թեկուզ պատժամիջոցներ կիրառես, միևնույն է` չեն ապահովի, քանի որ խնդիրը վերաբերում է իշխանությունը պահպանելուն: Եվրամիությունը լիներ, ով ուզում է լիներ` այս հոգեբանությամբ Հայաստանի իշխանությունները դա չէին անի: Բայց ստիպված, գոնե դրական փոփոխությունների իրականացման հույսեր կային: Իսկ հիմա հույս էլ չկա»,- հավելեց նա:

Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ին անդամակցելու անհրաժեշտությունը հիմնավորում էին անվտանգության գործոնի բարձրացմամբ: Սակայն նախորդ 4 տարիներին Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրներն ավելի սրվեցին: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ոչ թե անվտանգության հարց էր լուծելու, կամ Հայաստանի շահն էր թելադրում միանալ այդ կառույցին, այլ ընդամենը Ռուսաստանի սպառնալիքի ազդեցության տալ Հայաստանը միացավ այդ կառույցին:
Մասնագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներն այսօր էլ շարունակվում են:

«Ես ներքին համոզվածություն ունեմ, որ ՆԱՏՕ-ի վերջին զորավարժությանը չմասնակցելը նույնպես հերթական ճնշման հետևանք էր: Ի վերջո, գոյություն ունի նաև արժանապատվության խնդիր: Ո՞րն է դա, Հայաստանի իշխանությունները գոնե 2013 թվականից հետո պետք է այդ ճնշումների հետ կապված դասեր քաղեին: Ավելի լավ էր ընդհանրապես մասնակցության հայտ չներկայացնել, քան ներկայացնել ու վերջին պահին հրաժարվել: Դիմելն ու հետ քաշվելը Հայաստանին և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Ռուսաստանի մոտ դնում են ծիծաղելի վիճակում»,- եզրափակեց Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am