Մենք բոլորս պետք է սովորենք մեր ժողովրդից՝ միասնականություն, նվիրվածություն, ազգային արժեքներ և հավատ, որ հաղթելու ենք. ՀՀ նախագահ. Տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը:

Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրույցի համար:

-Բարի երեկո:

Պետրոս Ղազարյան -Ինչպե՞ս եք ընդհանուր գնահատում իրավիճակը, քանի որ այն րոպե առ րոպե փոխվում է:

-Եթե սկսեմ գնահատել իրավիճակը, գուցե սկսեմ իմ տպավորություններից Հայաստանի ներսում կամ Արցախում: Եվ, ճիշտն ասած, առաջին զգացմունքներս շատ մարդկային են: Ես հիացած եմ մեր ժողովրդի միասնականության ոգով, հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից: Այդ միասնականության ոգին, որ յուրաքանչյուրի մեջ էր՝ մեծից մինչև փոքր, և այս արհավիրքին, այս պատերազմին դիմակայելու վստահությունը, գիտեք, ինչ-որ իմաստով ինձ հիշեցրեց 1988- 89 թվականները, երբ Օպերայի հրապարակում հավաքվում էր մեր ժողովուրդը և անկախության նոր ճանապարհ էր դուրս գալիս, այդ միասնականության զգացումը կար, իր պետականության վերականգնման ճանապարհով գնացող ժողովրդի նոր արթնացած ազատությունը: Իսկապես հիացած եմ:Նախագահ դառնալու հենց առաջին օրերին, երբ իմ առաջին ուղերձն էի գրում, 2018 թվականի ապրիլին էր, իմ ուղերձի մեջ երկու բառ կար, մեկը «հանդուրժողականությունն» էր, որովհետև շարժում էր սկսվել, և երկրորդ բառը՝ «միասնականությունը»: Հետաքրքիր է, որ այս երկուսուկես տարվա ընթացքում այդ երկու բառն անընդհատ կրկնվել են իմ բոլոր ուղերձների մեջ:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ից հետո, ես հայտնաբերել եմ, որ իմ ուղերձներում միասնականության մասին նշելն անիմաստ է, որովհետև ժողովուրդը մեզ բոլորիս միասնականության դաս տվեց: Ինքնակազմակերպվեց, ցույց տվեց հոյակապ կարգապահություն, ընդ որում՝ կարգապահություն, որով իմ շատ բարեկամներ արտասահմանից, որոնք տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում, զարմացած են և իրենց հիացմունքի բառերն են արտահայտում: Հետևաբար, կարծում եմ՝ իմ հաջորդ ուղերձների մեջ եթե նույնիսկ գրեմ միասնականության մասին, ապա այն պետք է ուղղված լինի միայն քաղաքական դասին կամ վերլուծաբաններին:

Պետրոս Ղազարյան – Նրանց միասնականությունը Ձեզ բավարարո՞ւմ է:

– Ես խոսում եմ ընդհանրապես ժողովրդի միասնականության և բոլորի միասնականության պատրաստակամության մասին: Այնպես որ, զգացումը, որի մասին ուզում էի Ձեզ հետ կիսվել, հիացմունքն է և հպարտությունը: Այն, որ երիտասարդները, որոնք պատրաստ են կամավոր գնալ և շարունակել 30 տարի առաջ սկսված գործը, միայն հպարտության զգացում է առաջացնում: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը մեզ դաս է տալիս, որովհետև շատ հաճախ խոսում ենք ազգային արժեքների, մեր ազգային նպատակների մասին, և մեր յուրաքանչյուր հայ ընտանիք՝ ամենահեռավոր գյուղից սկսած մինչև քաղաքներ, ցույց տվեցին, որ այդ ազգային արժեքներն ուղղակի գտնվում են ընտանիքի ներսում: