Այս պահին վերջնական հանգուցալուծում ոչ ոքի պետք չէ, պետք չէ նաև Հայաստանին ու Ադրբեջանին. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի համար արդյունավետության տեսանկյունից։

– Ընդհանուր գործընթացի մի մասն է, որի արդյունավետությունը հենց ինքնին գործընթացն է, ոչ թե հանգուցալուծումները, իսկ գործընթացները հնարավորություն են տալիս այս պահին խուսափել սրացումներից ու այս առումով, այդ հանդիպումները, այո՛, արդյունավետ են։ Մենք տեսանք նաև, որ նոր հանդիպումների պայմանավորվածություն ձեռք բերվեց։ 

– Բացի բուն գործընթացի արդյունավետությունից, այլ առաջընթաց մոտ ապագայում տեսանելի կլինի՞։

– Առաջընթացն ու հետընթացը պայմանավորված են համաշխարհային իրավիճակով, գիտենք, որ այս պահին իրավիճակն աշխարհում անկայուն է, ու չկա հավասարակշռված աշխարհակարգ։ Առաջընթացի ու հետընթացի մասին պետք է խոսել միայն՝ որպես շարունակականություն ու ոչ թե ճանապարհ դեպի վերջնական հանգուցալուծում, որովհետև այս պահին վերջնական հանգուցալուծում ոչ ոքի պետք չէ, առաջին հերթին՝ միջազգային խաղացողներին: Պետք չէ նաև Հայաստանին ու Ադրբեջանին, որովհետև նրանց վերջնական հանգուցալուծման համար անհրաժեշտ է սեփական կարմիր գծերից հետքայլ, ինչը կողմերը չեն ցանկանում։ 

Այսօր բոլորին ձեռնտու է այն իրավիճակը, որը կա, այսինքն՝ շարունակական գործընթաց, որի ընթացքում ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում են, հետո կարող են դրան հակառակ գործողություններ իրականացնել, ինչպես բազմաթիվ անգամներ տեսել ենք Ադրբեջանի դեպքում։ Դեռ շատ հեռու ենք վերջին հասնելուց։ 

– Պարո՛ն Ղևոնդյան, ի՞նչ մեսիջ էր պարունակում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարությունը, որով նա ողջունում էր Ալիևի «համաներում հայտարարելու մասին վերջին հայտարարությունը»։

– Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է կողմերի միջև համաձայնության հասնելու իր կողմից որոշակի չափով ձևավորված փոքր հնարավորությունը պահպանել ու թույլ չտալ, որ այդ հնարավորությունը վերանա։ 

ԱՄՆ-ն ուշադրություն է դարձրել Ալիևի արտաբերած «համաներում» բառին, ինչն ինքնին դրական երևույթ է, բայց պետք է ճիշտն ասենք, որ ԱՄՆ-ին ու այլ դերակատարների այնքան էլ հետաքրքիր չէ, թե հանգուցալուծման արդյունքում ով ինչ կշահի կամ կկորցնի:

Նրանց համար ավելի կարևոր է, որ տարածաշրջանում ինչ-որ չափով կայունություն ու կառավարելիություն ունենան, իսկ իմ նշած այդ «դրական» բառի օգտագործումը ԱՄՆ-ն փորձում է կապիտալացնել, ու այստեղ Հայաստանը լուրջ անելիք ունի: Հայաստանը պետք է փորձի նույն ԱՄՆ-ին, միջազգային հանրությանը ցույց տալ, որ համաձայն չէ իրավիճակի, երբ միայն բառի ստուգաբանությամբ է փորձ արվում հայտարարությանը գնահատական տալ։ 

– Իսկ կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ն ևս կողմ է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվի այն կարգավիճակով, ինչպես ուզում է Ալիևը, իսկ այդ պարագայում ակնհայտ է, որ ոչ մի հայ չի կարող այնտեղ ապրել։

– Ես ասացի, որ ԱՄՆ-ի համար խոշոր հաշվով կարևոր չէ՝ Արցախում հայեր կապրե՞ն, թե՞ ոչ, ի՛նչ կարգավիճակով կապրեն, նրանց համար կարևորն այն է, որ այս պահին, երբ Ուկրաինայում նման իրավիճակ է, մեր տարածաշրջանում իրավիճակը կառավարելի լինի։ Դրա համար անհրաժեշտ է սիրաշահել կողմերին, հաշվի առնելով այն, որ մենք շատ հեռու ենք հանգուցալուծումից: ԱՄՆ-ն նույնիսկ կարող է աչք փակել այնպիսի դրույթների վրա, որոնք բացասական են, օրինակ՝ Ալիևի ընդհանուր հայտարարությունը, ու փորձել շեշտադրել միայն դրականները։ Սա չի նշանակում, որ եթե գա արդեն վերջնական հանգուցալուծման պահը, այս մոտեցումը չի փոխվի։ Այդ ժամանակ, իհարկե, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ հավաքական Արևմուտքը, թե՛ նույնիսկ Ռուսաստանը, ունենալով այլ շահեր, կփոխեն այդ մոտեցումները։ Այս պահին նրանց ձեռնտու է, որ նրանք տեսնեն ու խոսեն միայն դրական մասերի վերաբերյալ, իսկ մեզ ձեռնտու է, որ շեշտադրենք բացասական կողմերը, դրա համար մենք պետք է փորձենք ցույց տալ ադրբեջանական հայտարարությունների հակառակ կողմը։

– Այսինքն՝ ձեր նշած այդ պատճառո՞վ միջնորդ որևէ կողմից արձագանք չեղավ Ալիևի հայտարարությանը, պարո՛ն Ղևոնդյան։

– Այո՛, կոշտ կամ հակասական արձագանք չեղավ այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում, որ գործընթացը կանգնի, ինչպես մայիս ամսին էր, բոլորն ուզում են, որ գործընթացը շարունակական լինի, որ կարողանան կառավարելիություն ապահովել, քանի որ այն ռեսուրսները, որոնք ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ծախսում են ուկրաինական պատերազմի համար, ընդ որում՝ պետք է հասկանալ, որ միայն այս երկուսը չեն դա անում, կան նաև այլ դերակատարներ, որոնք անուղղակի են մասնակցում այդ մրցավազքին, ու ևս մեկ կետ ունենալ, որտեղ անհրաժեշտ է լինելու ռեսուրսների մրցակցություն ունենալ, որովհետև Ադրբեջանի ու Հայաստանի միջև այսպես կոչված երկրորդ ճակատի բացումը նորից ռեսուրսների պայքար է ենթադրելու, իսկ դա չեն ցանկանում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am