Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների խթանմանը և Հայաստանում ներդրումային միջազգային առաջադեմ պրակտիկայի կիրառման հնարավորությանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ներդրումային ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք ընդգրկում են նաև ինստիտուցիոնալ լուծումներ պահանջող, պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ոլորտում առկա խնդիրների գույքագրման ու շուտափույթ լուծման կարևորությունը՝ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված բոլոր հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ հնչեցրած առաջարկները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն և շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում խորհրդատվական ընկերություններում առաջացող խնդիրները։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։