Այս պայքարում, կոպիտ ասած, ճիշտը մեր կողմն է, ու մենք ունենք հաղթելու բոլոր հնարավորությունները. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, թե «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) երթևեկությունը վերականգնելու հարցով»: Արցախի պետնախարարը, ըստ էության, հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ «այս պահին, ըստ էության, որևէ բանակցություն չի ընթանում»: Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ դարձյալ խոսեց ռուսական կողմի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարելու մասին: Իրականում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, եթե նկատի ունենանք նաև այս հայտարարությունները:

– Ռուսաստանի ՊՆ-ն ակնհայտ ստում է, որևէ բանակցություն չի ընթանում, ընթանում է նյարդերի պայքար Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև, այսինքն՝ Ադրբեջանն արել է իր քայլը ու սպասում է Հայաստանի քայլին: Հայաստանը որևէ քայլ չի անում ընդհանրապես ու փորձում է միջազգային հանրության դռները ծեծել, փորձում է Ռուսաստանին պատասխանատվության կանչել, եթե մենք վերլուծում ենք վարչապետի ու ԱԳՆ-ի հայտարարությունները: Այսպիսով՝ իրավիճակը օդում կախված է մնում ու բավականին տարօրինակ է, օրինակ՝ ինձ մոտ շատ հարցեր են առաջանում, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր ավելի ակտիվ լինել կատարվողում, Արցախը կարող էր ավելի ակտիվ լինել, բայց ինչ-որ պասիվություն է, բոլորը նստած սպասում են: Ինչի՞ են սպասում և ո՞ւմ, ես չեմ կարող հասկանալ: 

Փաստ է, որ Ալիևը վաղ թե ուշ բացելու է այդ միջանցքը, երբ այնտեղ սկսեն մարդիկ մահանալ, հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի: Իրավիճակը սա է, բավականին տարօրինակ, որևէ բանակցություն չկա, թեև նյարդերի պայքար է գնում՝ ում նյարդերն ավելի պինդ կլինեն:

– Իսկ ինչո՞ւ Արցախի ու Հայաստանի իշխանություններն այդ ակտիվությունը չեն դրսևորում Բացառո՞ւմ եք, որ հնարավոր բանակցություններն այնուամենայնիվ ընթանում են, որոնց մասին լայն զանգվածն անտեղյակ է:

– Գիտեմ, որ բանակցություններն ընթանում են Արցախի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ կապված միայն Կաշենի հանքավայրի հետ, որտեղ մինչ օրս փոխըմբռնում չկա: Խոսքն այն մասին է, թե ովքեր են ավելի շուտ հայտնվելու՝ ադրբեջանցիները հանքո՞ւմ, թե՞ արցախցիներն այդ միջանցքում երթևեկել: Բայց չպետք է մոռանալ, որ միջանցքի գինն ավելի մեծ է. Ադրբեջանը դրա դիմաց «Զանգեզուրի միջանցք» է ուզում, ինչի մասին ամիսներ առաջ են հայտարարել: Այնպես որ, Կաշենը թիվ 2-3 թիրախն է, առաջնայինն ու կարևորը Զանգեզուրն է, ու հաշվի առնելով, որ Հայաստանը բացարձակ չի պատրաստվում այդ ճանապարհով գնալ, իրավիճակն ավելի շատ պատային է դառնում: 

Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը ավելի ակտիվ չեն գործում. չեն ուզում Ռուսաստանին նոր հարված հասցնել, որովհետև Ռուսաստանն առանց այդ էլ բավականին կրիտիկական վիճակում է՝ որպես միջնորդ ու երաշխավոր նոյեմբերի 9-ին ստորագրված թղթի կտորի, և, եթե Ադրբեջանը բացահայտ թքում է ռուս խաղաղապահների երեսին, մեր հայրենակիցներն Արցախում ու Հայաստանում դա չեն ուզում անել, ու ես կարծում եմ, որ չեն էլ անելու: Գուցե կա երկրորդ պատճառ, որի պատասխանը ես չգիտեմ, թե ինչո՞ւ են նման վարք դրսևորում: 

– Ձեր ասած այդ պատային իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել, եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես արդեն 25 օր է ընթանում:

– Ամենահավանական սցենարը կարծում եմ հետևյալն է լինելու. Ադրբեջանը կօգտվի արցախցիների ընձեռած հնարավորությունից, ու նրա «բնապահպանները» կհայտնվեն Կաշենում, որտեղ մոնիթորինգ կանեն ու կփորձեն հիմնական հաստատվել, ես չգիտեմ՝ ինչ կարգավիճակով, ու Լաչինի միջանցքը դրանից հետո կբացվի: Այլ սցենար այսօր ես չեմ տեսնում: 

– Իսկ միջազգային հանրության ակտիվությունն ինչպե՞ս եք գնահատում, որովհետև բոլորի հույսը, կարծեք թե, մնացել է միջազգային հանրությունը, պարո՛ն Ստեփանյան:

– Կարծում եմ, որ միջազգային հանրության ակտիվությունն անբավարար է, բայց դա գալիս է հենց մեր գործողությունների անբավարարությունից, այսինքն՝ եթե մեր գործողությունները բավարար չեն, ապա միջազգային հանրությունը կարող է դիմել միայն կոչերով ու սահմանափակվել դրանցով: Եթե մենք հասցեական գործողությունների ենք սպասում, ապա առաջինը մենք պետք է հասցեական գործենք: 

Առաջին հերթին, այդ մասին մեր նախորդ զրույցում էլ ասացի, ինֆորմացիոն մասը պետք է ուժեղացնել. աշխարհի բոլոր լրագրողները պետք է լինեին ու լինեն այսօր Լաչինի միջանցքում, այնտեղ լրագրողներ համարյա թե չկան: Համացանցն ինչո՞վ է ողողված, Ադրբեջանի «բնապահպանների» նկարներով, իսկ դա անթույլատրելի է, որովհետև քարոզչական առումով մենք տանուլ ենք տալիս, իսկ դա այն պայմաններում, երբ, կոպիտ ասած, ճիշտը մեր կողմից է, ու մենք ունենք բոլոր հնարավորությունները, որ այս պայքարը հաղթենք, աշխարհին ցույց տանք Ադրբեջանի իրական դեմքը, բայց չի արվում: 

Իսկ դա չի արվում ու նույնիսկ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասում է, որ իրենց տեղեկացվածությունն անբավարար է, ու իրենք միայն կողմերից են տեղեկություններ ստանում, ինչը ուղիղ ապտակ է Հայաստանին առաջին հերթին: 

Աշխարհը պետք է թնդար այս լուրով, օրը պետք է սկսվեր ու ավարտվեր դրանով, Արցախից են ռեպորտաժներ պետք, ընտանիքներ, որոնք չոր հաց են ուտում, հիվանդանոցներ, որտեղ դեղորայք չկա: Այս ամենը քարոզչական դաշտով պետք է տարածվի ամբողջ աշխարհով, միայն այս դեպքում մենք կարող ենք հույս ունենալ, որ իրենց հասարակություններն էլ արդեն կսկսեն դրանով հետաքրքրվել, և ուզած թե չուզած կառավարությունները կարձագանքեն: Եթե մենք դա չենք անում, միջազգային հանրությունից չենք կարող ավելին ակնկալել:

– Ասացիք, որ պասիվության պատճառներից մեկն էլ այն է, որ չեն ուզում առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված Ռուսաստանի վիճակն ավելի ծանրացնել: Այդ դեպքում, երբ գործադիրի ղեկավարը կամ ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հայտարարություններում, հարցազրույցներում փաստացի մեղադրում են, դժգոհություններ են արտահայտում Ռուսաստանի գործելաոճից, ըստ էության ի՞նչ է դա, ի՞նչ նպատակով են արվում:

– Բազմիցս եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էությամբ պոպուլիստ է, նրա՝ որպես քաղաքական գործչի հիմնաքարը պոպուլիզմն է: Նա շատ լավ հասկանալով հասարակական տրամադրությունները, որոնք այսօր առկա են, ցույց է տալիս, որ ինքը կիսում է դրանք ու անընդհատ մեղադրում է Ռուսաստանին: Ճիշտ է, իրականում Ռուսաստանն է մեղավոր, ոչ ոք դա չի ժխտում, Փաշինյանն ուղղակի անընդհատ մատնանշում է ու ասում, որ սպասում է, շատ լավ իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի բան էլ չի անելու: 

Եթե մենք ուզում ենք, որ Ռուսաստանն իրականում՝ ռեալ պոլիտիկում – գիտեք, պոպուլիզմը ռեալ պոլիտիկից տարբերվում է. պոպուլիզմի հետևում չկան ռեալ գործողություններ, ռեալ պոլիտիկում կան գործողություններ, չկա պոպուլիզմ –կատարի իր պարտավորությունները, պետք է Ռուսաստանի ղեկավարությանը ենթարկել քաղաքական շանտաժի, ինչի հնարավորություններն ու մեխանիզմները Հայաստանն ունի: 

Դա ռուսական ռազմաբազան է, որը տեղակայված է այստեղ, այդ նույն խաղաղապահներն են Արցախում, այն բոլոր ծրագրերն են, որոնցում կա Հայաստանը:

Այսինքն՝ Հայաստանը կարող է հարց դնել, օրինակ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ոչ թե դուրս գալ, որը որևէ նպատակ չունի, ես դրա կողմնակիցը չեմ, այլ, օրինակ՝ այդ հարցը դնել Ռուսաստանի ղեկավարության առջև, դուրս գալ ԵԱՏՄ-ից, օրինակ եմ ասում կրկին, կամ 102-րդ ռազմաբազայի տեղակայման դիմաց ինչ-որ գումար պահանջել, այսինքն՝ այսպիսի քայլեր են պետք: 

Չկան այսպիսի քայլեր, կան հայտարարություններ, ու Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ այդ հայտարարությունները Ռուսաստանին ճնշելու միջոց չեն, դա անիմաստ է, բայց դա Հայաստանի ներսում նպաստում է հակառուսականության պրոպագանդային:

– Այսինքն՝ ամեն ինչ անում է ներքին լսարանին հաճոյանալու համա՞ր:

– Այդ թվում նաև. Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ նպատակը իշխանություն պահպանելն է, մենք դա պետք է հասկանանք, մնացած բոլոր հարցերը նա ծառայեցնում է այդ նպատակին: Այո՛, նա նաև փորձում է ռուսներին ինչ-որ բան ասել, բայց ես վստահ եմ, հաստատ՝ Փաշինյանն էլ, որ դրանից հետո ռուսական կողմից որևէ գործողություն չի լինելու:

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am