Չստացված կյանք. ընտանեկան բռնության օրենքը` անհրաժեշտություն ոստիկանների ու կանանց միջև

Չստացված կյանք. ընտանեկան բռնության օրենքը` անհրաժեշտություն ոստիկանների ու կանանց միջև
Չստացված կյանք. ընտանեկան բռնության օրենքը` անհրաժեշտություն ոստիկանների ու կանանց միջև

Նախորդ տարվա օգոստոսին՝ էջմիածինցի Լուսինե Դավթյանը ամուսնու կողմից դանակահարվելուց և սպանվելուց առաջ քանիցս փորձել էր ոստիկանությունում դիմում գրել ամուսնու վարքի մասին, սակայն ամեն անգամ ոստիկանները նրան հորդորել են չգրել:

«Ոստիկանն ասել էր, որ դա վարչականի տակ է գնալու ու 100 հազար տուգանք է լինելու, ունես փո՞ղ. ամուսինդ չի մուծելու, դու պիտի մուծես,- «Մեդիալաբին» ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը,- էդ կինն էլ ստիպված հետ էր գնացել, ու ծեծն այնքան էր շարունակվել մինչև ամուսինը սպանել էր»:

Նիկողոսյանն ասում է, որ շատ տարածված ու դասական դեպք է, երբ ոստիկանությունը հրաժարվում է կանանցից դիմումներ ընդունել, քանի որ օրենսդրական դաշտում բացակայում է Ընտանեկան բռնության մասին օրենքը և չկան օրենքով սահմանված մեխանիզմներ:

ՀԿ համահիմնադիր Նոնա Արուճյանը նշում է, որ ամուսինների կողմից սպանված կանանց դատական գործերի ընթացքում միտում է նկատվում Քրեական օրենսգրի 105 հոդվածով դատելու, որը գործում է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունների համար:

«Տղամարդուն արդարացնելու համար ասում են, որ կինը անբարոյական է եղել, անբարոյական լինելու համար նշելով, որ վերջինս ներկում էր մազերը կամ մեքենա էր վարում»,- ասում է նա:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն էլ հավելում է, որ այդ խնդիրը ավելի խորն է հատկապես մարզերում, որովհետև ոստիկանները կանանց դիմումներին լուրջ չեն վերաբերվում՝ ասելով, որ մի բարձրաձայնեք ձեր ընտանիքի խնդիրները:

« Կինն էլ չի ուզում քրեական գործ հարուցել, մանավանդ որ երեխա կա տանը,- ասում է նա,- անցյալ տարի գրանցվել է 61 բռնության դեպք, որից միայն 2 հոգին են դիմել ոստիկանություն, առանց այդ էլ դիմողների տոկոսը շատ ցածր է»:

ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2008-2009թթ. իրականացրել է ՀՀ–ում կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ առաջին հարցումը, որի համաձայն երբևէ զուգընկեր ունեցած հարցված կանանց 61 տոկոսի վարքը վերահսկվել է նրանց կողմից, 25 տոկոսը ենթարկվել է  հոգեբանական, 8.9-ը` ֆիզիկական, 3.3-ը՝ սեռական, իսկ 9.5 տոկոսը` միաժամանակ և ֆիզիկական, և սեռական բռնության:

Այդ խնդիրներն ու դրանց լուծումները ձևակերպված են ՀՀ կառավարության կողմից 2010 թ. ընդունված Գենդերային քաղաքականության հայեցակարգում և Գենդերային քաղաքականության 2011-2015թթ-ի ռազմավարական ծրագրում:

Բացի այդ Հայաստանը 1993թ. ստորագրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին CEDAW կոնվենցիան, իսկ 2006թ.՝ նաև կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը:

Այս փաստաթղթերով  Հայաստանը պարտավորվել է ընդունել գենդերային հավասարության և ընտանեկան բռնության մասին օրենքներ, որոնցից առաջինը նախորդ տարվա մայիսին ընդունվեց՝ «գենդեր» եզրի վերաբերյալ հասարակության ավանդական շերտի խորն ընդդիմությամբ, իսկ ահա մյուս օրենքը դեռևս շրջանառվում է: Այն, ի դեպ, ընդգրկված է 2012թ. միջոցառումների շրջանակներում և մինչև տարեվերջ պետք է ընդունված լիներ:

Կանանց աջակցման կենտրոնի հանրային կապերի պատասխանատուի Պերճուհի Կաժոյանը «Մեդիալաբին» ասում է, որ տարածաշրջանում այդ օրենքն ընդունել են բոլորը՝ բացի Հայաստանից. «Մինչդեռ Հայաստանը առաջիններից մեկն է ստորագրել այն»: 

Նախորդ տարվա դեկտեմբերին կանանց և սեռական փոքրամասնություների հիմնախնդիրներով զբաղվող կոալցիա կազմած ՀԿ-երը հանդիպեցին իրենց վրացական գործընկերների հետ՝ փորձի փոխանակման համար. Վրաստանում այդ օրենքն ընդունվել է դեռևս 2008թ.-ին:

Կաժոյանը կարծում է, որ օրենքն ընդունելու համար պարզապես չկա քաղաքական կամք:

«Օրենքի կարևորությունը ոչ միայն պատժիչ  մասն է, այլ նաև կանխարգելիչ, որը նշանակում է, որ հասարակության գաղափարական մտածողության մեջ կընդունվի ընտանեկան բռնություն եզրը, որը քիչ չէ»,- ասում է Կաժոյանը:

Նիկողոսյանն ասում է, որ օրենքի լինելիության և գործելու դեպքում  ոստիկանը գործը չի փակի, երբ կինը գա ու դիմումը հետ վերցնի, այլ կպարզի, թե ինչու է հետ վերցնում, որովհետև 90 տոկոս դեպքերում՝ճնշումների արդյունքում այդպես էլ լինում է:

«Այդ դեպքում ոստիկանը բռնության ենթարկված կնոջը չի ասի, թե գնա սուրճ խմի ամուսնուդ հետ և փորձիր հետը ինչ-որ ձևով յոլա գնալ»,- ասում է նա:

Ընտանեկան բռնության օրենքը «Կանանց իրավունքի կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է 2006-2007թթ սկսած: Այն նախորդ տարի վերջապես մտավ խորհրդարան, սակայն մերժվեց:

Օրենքով նաև նախատեսված է ստեղծել կացարան: Այժմ կացարան ունի միայն «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, որը մշտապես ծանրաբեռնված է: Այս կացարանն իրենից ներկայացնում է սովորական առանձնատուն, որտեղ կարող են բնակվել 7-8 անձ:

Կաժոյանն ասում է, որ իրենց շատ հանգիստ կարող են մեղադրել կանանց առևանգելու մեջ, քանի որ չկա օրենք:

«Մարդը կարող է գալ ու ասել, ով ես դու, որ տարել ու պահում ես իմ կնոջը,- ասում է նա,- բայց այդ կանանց ոչ ոք չի առևանգել, նրանք, ի դեպ, օգնում են միմյանց ու կիսվում իրենց պատմություններով»:

Ընդունելով օրենքը՝ պետությունն ինքն է պատասխանատվություն կրում ոլորտի առողջացման համար, մինչդեռ այն այժմ արվում է ՀԿ դաշտի ջանքերով:

Գևորգյանն ասում է, որ իրենք ենթարկվում են հոգեբանական ճնշումների:

«Դատարանում մեզ մատնացույց են անում, թե այս աղջիկները որ չլինեին, մեր ընտանիքը չէր քանդվի,- ասում է նա,- բայց մենք ներկա չենք գտնվել, երբ նա ծխախոտը հանգցնում էր իր կնոջ վրա, կամ աթոռը ջարդում էր գլխին»:

Նրա խոսքով՝ իրենց գրասենյակ են գալիս կեղծ շահառուներ, որոնց ուղարկում են նրանց պաշտպանության տակ գտնվող կանանց ամուսինները:

«Իսկ եթե այդ կինը այնպիսի ընտանիքից է, երբ ամուսինը բարձր խավում ծանոթներ ունի, ապա իշխանություններից կարող են խառնվել ու ճնշել մեզ, ինչպես եղավ Հասմիկ Խաչատրյանի դեպքում, երբ մեզ զանգել էր «Ազգային ժողովը»»,- ասում է նա:

Հասմիկ Խաչատրյանը բախտ նայող Վարսիկի հարսն է, որի դիմումը հետ վերցնելու համար զանգել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Բարեբախտաբար փաստաբանը տեղում էր և պարզեց, որ «Ազգային ժողովը» Հեղինե Բիշարյանն է, ով հետո հստակեցրեց, որ զանգել է որպես պարզապես տիկին Բիշարյան,- ասում է Կաժոյանը,-  ասում էր, որ լավ կլինի, եթե այդ աղջիկը հետ վերցնի իր դիմումը»:

ՀԿ աշխատակիցները գտնում են, որ Բիշարյանի զանգն իրենց առավել քան հիասթափեցրել է, քանի որ նա գենդերային հավասարության օրենքի հեղինակներից մեկն է:

Գևորգյանի և նրա գործընկերների համար այս երևույթի ամենազավեշտական կողմն այն է, որ ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող կանանց մասին թյուր ընկալում կա, իբր նրանք ամուսնալուծված են, ամուսնացած չեն կամ անձնական հարթությունում խնդիրներ ունեն:

«Մի խոսքով՝ կարծում են, որ մենք «աբիժնիկներ» ենք,- ասում է Գևորգյանը,- նույնիսկ շահառուները մեզ դիմելիս նույնպես հարցնում են մեր ամուսնական կարգավիճակի մասին»:

Աննա Մուրադյան

© Medialab.am