Ուշ ամուսնանալը լավ է, բայց ամեն բան միջավայրից, կարծրատիպերից է կախված, դրանք պետք է կոտրվեն. Խդըր Հաջոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը

– Պարո՛ն Հաջոյան, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով մինչև 21 տարեկանի, նա նաև առաջարկել է բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին։

– Ես միշտ կողմնակից եմ, որ մեր եզդի երիտասարդությունը, պատանիներն իրապես իրենց տան կրթությանը: Մեր համայնքում դա մեր առաջնային խնդիրն է, որովհետև, գիտեք, որ համայնքում վաղ տարիքում ամուսնությունների ու, ընդհանրապես, կրթական մակարդակի բարձրացման հետ կապված շատ կարևոր խնդիր ունենք։ Այսօր արդեն բավականին շատ աշխատանք տարվել է, ու նախորդ տարիների համեմատ եզդի ուսանողների թիվն ավելացել է: Ուրախալի է նաև այն, որ այսօր բարձրագույն ուսումնական հաստատություններում եզդի աղջիկների թիվն ավելի մեծ է, քան տղաներինը։ 

Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, բնականաբար, կողմնակից ենք, ու որևէ խնդիր չի ծագում։ Ուշ ամուսնանալը լավ է, բայց ամեն բան ներընտանեկան միջավայրից է կախված, չգիտեմ, թե օրենքն ինչ մեխանիզմներ կամ չափորոշիչներ կկիրառի, որ ապահովի օրենքի կատարումը։ Ես կողմնակից եմ այն օրենքին, որն իսկապես գործում է, այսինքն՝ չլինի այնպես, որ օրենքը մնա թղթի վրա, իսկ մարդիկ շրջանցեն այն։ 

Գերմանիայի օրինակը բերեմ, որտեղ օրենքն արգելում է տասնութ տարին չլրացած անձանց ամուսնանալ, բայց բազմաթիվ օրինակներ անձամբ գիտեմ, որ կան եզդիներ, որոնք տասնութ տարին չլրացած ամուսնացել են։ 

Այս ամենը ես կապում եմ ավելի շատ ներընտանեկան սովորույթների, կարծրատիպերի հետ, դրանք պետք է կոտրվեն, այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, որովհետև այդ նույն անձինք, որոնք Հայաստանում իրենց երեխաներին չեն ուղարկում բուհեր, ուրիշ երկիր են գնում ու միանգամից դա են անում: Հետաքրքիրը սա է, ու իսկապես բազմաթիվ նման ընտանիքներ գիտեմ, ընդ որում՝ բավականին մեծ է Հայաստանից գնացած այն եզդիների թիվը, որոնք նման կերպ են վարվում։

– Համայնքում այդ կարծրատիպերն այդքան ամո՞ւր են նստած։

– Բնականաբար գործում են։ Մեկ այլ կարևոր բան էլ ասեմ, որ եզդիների կրթությանը ամենաշատը խանգարող պատճառը աղջիկ փախցնելու սովորույթն է, ինչը, ի դեպ, մեր կրոնին ու ազգային ավանդույթներին բնորոշ չէ, դա ուղղակի սովորույթ է։ Ու ես կրթություն չստանալու հանգամանքն ավելի շատ կապում եմ այդ վախի հետ։ 

– Այսինքն՝ ծնողները վախենում են, որ իրենց աղջիկներին կփախցնեն, դրա համա՞ր նրանց բուհեր չեն ուղարկում ուսանելու։ 

– Այո՛, այո՛։ Օրինակ՝ մարդ կա, որը մի աղջիկ ունի, ինքն էլ աշխատում է ու չի կարող նրան դասի տանել ու բերել։ Անձամբ ճանաչում եմ մարդու, որը ստիպված իր դստերն ամուսնացրեց միայն այն սպառնալիքների համար, որ հնչում էին իր հասցեին՝ «եթե աղջկադ չտաս, ապա կփախցնենք», նման օրինակները բազմաթիվ են։ Ես էլի եմ կրկնում, որ կողմ եմ այն բոլոր քայլերին, որոնք կնպաստեն համայնքում կրթության զարգացմանը, բայց հասկանում եմ նաև, որ պետք է հնարավորություններ լինեն:

Քավ լիցի, չեմ փնովում մեր պետությանը, իրապես շնորհակալ եմ, Հայաստանում եզդի ժողովուրդն իրապես իրեն շատ ազատ է զգում, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեր ուսանողների հետ կապված հարցերով դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, միշտ հնարավորության սահմաններում աջակցել են։ 

– Պարո՛ն Հաջոյան, այսինքն՝ մտավախություն ունեք, որ եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, այն չի գործելու, որովհետև համայնքում սովորույթի ուժն ավելի մե՞ծ է։

– Բնականաբար, ես ուրախ եմ այս առաջարկի մասով, բայց որքանո՞վ այն կօգնի, վերևում ես Գերմանիայի օրինակը բերեցի։ 

– Հիմա համայնքում ո՞ր տարիքում են աղջիկներն ամուսնանում։

– 16 տարեկանից, քանի որ օրենքը թույլատրում է, բայց կան նաև դեպքեր, չնայած վերջին շրջանում բավական նվազել են, երբ ամուսնացել են 15 տարեկանից, ցավալի է, բայց նման դեպքեր էլ կան։

– Տղաներն է՞լ են այդ տարիքում ամուսնանում։

– Տղաներինը հիմնականում 18 տարեկանն է, նախկինում 16-17 տարեկանում էլ են ամուսնացել, բայց հիմա՝ ո՛չ, հիմա տղաներին 18 տարեկանից են ամուսնացնում։ Ես նաև նշեմ, որ, ցավոք սրտի, աղջիկների թիվն է նվազել, որովհետև դրսի եզդիները գալիս են ու Հայաստանից են տանում աղջիկներին։ Հատուկ գալիս են դրսից, որ Հայաստանից աղջիկ տանեն, որովհետև ասում են, որ Հայաստանում ազգային արժեքներն ավելի ամուր են պահպանված, որովհետև մեր պետությունը մեզ չի ստիպում կամ ճնշում, որ մեր կրոնից կամ արժեքներից հրաժարվենք, դրա համար էլ բոլորի աչքն այստեղ է, ասում են՝ այստեղի աղջիկներն ուրիշ են։

– Պարո՛ն Հաջոյան, իսկ համայնքում իգական սեռի ներկայացուցիչների թիվը շա՞տ է, որոնք այսօր աշխատում են։

– Թիվը, իհարկե, ավելացել է։ Արագածոտնի մարզի Ռյա Թազա համայնքում մենք ունենք եզդի կին տնօրեն, որն իրոք ակտիվ է ու դպրոցի հետ կապված յուրաքանչյուր հարցում բավականին լուրջ աշխատանք է տանում: Բավական է միայն տեսնեք դպրոցի նախկին լուսանկարներն ու ներկայիս տեսքը, ու ամեն բան պարզ կդառնա։ 

Ունենք կին աշխատողներ, ու գնալով այդ թիվն ավելանում է, ժամանակի հարց է, գնալով այդ կարծրատիպերը սկսում են կոտրվել, ավելի շատ այդ կոմպլեքսներն են, որ մնացել են ներընտանեկան միջավայրում, ու դրա համար ավելի շատ աշխատանք պետք է տարվի, յուրաքանչյուրն իր օրինակով պետք է նպաստի դրան։ Բայց, էլի եմ ասում, որ ինձ համար անչափ կարևոր են նմանատիպ օրենքների ընդունումը, բայց երբ դրանք իրապես գործում են, ոչ թե շրջանցվում են։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am