Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ-ի ղեկավարության եւ մի շարք ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ճապոնիայի ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ, ներառյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, պատժամիջոցներ սահմանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաեւ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանյան 49 գերատեսչությունների, բանկերի եւ ընկերությունների, մասնավորապես, Անվտանգության դաշնային ծառայության, Գլխավոր հետախուզական վարչության, «Սուխոյ» բաժնետիրական ընկերության (ԲԸ), Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական ընկերություն ԲԸ-ի, «Ռոստեխ» պետական կորպորացիայի, ՌԴ ԿԲ-ի, ՎԷԲ-ի, «Պրոմսվյազբանկ»-ի դեմ:

ԱԳՆ-ն պարզաբանել Է, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի կողմից, «հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված ընթացիկ միջազգային իրադրությունը, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակներով»:

Միջոցառումները ներառում են ֆիզիկական անձանց ու բանկերի ակտիվների սառեցում, արգելք «ընդհանուր նշանակության այն ապրանքների արտահանման վրա, որոնք, ինչպես կարծում են, նպաստում են Ռուսաստանի Դաշնության ռազմական պոտենցիալի ամրապնդմանը»:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումինո Կիսիդան հայտարարել Էր, որ Տոկիոն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Բելառուսի մի շարք իրավական ու ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, ինչպես նաեւ արեւմտյան երկրներին կմիանա ռուսաստանյան մի շարք բանկերի՝ SWIFT համակարգից անջատելու դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: