Հայաստանում այսօր մեկնարկել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավը․ Մկրտչյան

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուլիսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր, որին ընդառաջ Հայաստանում այսօր մեկնարկել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավը:

Թրաֆիքինգը շարունակում է մարտահրավեր մնալ ողջ աշխարհում և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես պատասխանատու մարմին, այս ուղղությամբ շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել՝ կանխարգելելու, պաշտպանելու, զոհերին աջակցելու ուղղությամբ։

Մեր երկիրն այս հարցում արդյունավետ համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ, որի արդյունքում, ինչպես արձանագրվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում՝ Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում բարելավել է իր դիրքերը։

Անելիքներ դեռ շատ ունենք, բայց լիահույս եմ, որ քարտեզագրված ծրագրերի, թիրախային իրազեկման և փոխլրացնող համագործակցության շնորհիվ, կհաջողենք»։