Մենք գողականներին տալու երկիր չունենք, Հայաստանն այլևս իրավական պետություն է․ Գայանե Աբրահամյան. Տեսանյութ

Ուզում եմ ևս մեկ անգամ հայցել մեր հանրության ներողամտությունն այսօր տեղի ունեցածի համար: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա նկատեց, որ հեղափոխությունն իր ողջ էությամբ ու փիլիսոփայությամբ հենց քաղաքակրթական, արժեհամակարգային փոփոխություն էր ենթադրում, սակայն բոլորս գիտակցում էինք, որ դա մեկ օրում տեղի չէր ունենալու, սակայն նաև հույս ունեին, որ բացառիկ ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովում, գոնե քաղաքակրթական ու արժեհամակարգային այսպիսի անդունդ չեն ունենալու և ստիպված չեն լինելու այստեղ ևս պայքար տանելու։

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր երկրի թիվ մեկ ամբիոնին հարիր չէ, սակայն սա վառ վկայությունն է նրա, որ մեր հանրության որոշ հատվածը ներկայացնող քաղաքական խումբը, այո՛, ատամներով պահել է փորձում մեր պետությունն ու հասարակությունն առողջացնելուն միտված հանցագործ մտածողությունը վերացնելու ջանքերը:

Այս տեսանկյունից եզրակացությունը թողնենք այս ուժին ձայն տված քաղաքացիներին: Մենք մեր հերթին հետևողական շարունակելու ենք մեր կողմից ձևակերպված նպատակներն իրականացնելու ու քաղաքակրթական հեղափոխությունը հաջողության հասցնելու գործը, այո՛ արմատախիլ անել հանցավոր, ոչ ֆորմալ, գողական մտածողությամբ հարցեր լուծելու արատավոր ավանդույթները: Տասնամյակներով երկիրն այսպես կառավարելու հետևանքով է, որ ուսուցչին քիչ ենք վճարել, գիտնականին չենք գնահատել, շտապօգնության բժիշկներ են ծեծվել, արվեստագետին ու երաժշտին ծաղրել են, բանակը դարձրել ռազբորկաների ու գողականների բուծարան, իսկ հիմա էլ նույն պայքարն ու բառապաշարը տեղափոխել են փորձում Ազգային ժողով։

Թաղային հեղինակությունների միջոցով ընտրություն կեղծելով իշխանություն ձևավորողների վարքագիծն այլևս անընդունելի է, ուստի՝ այս բառապաշարը Ազգային ժողով բերողներին ևս մեկ անգամ խորհուրդ կտամ մտածել, որ հենց իրենց զավակներն են լսում ու հետևում այս վարքագծին: Մենք գողականներին տալու երկիր չունենք, Հայաստանն այլևս իրավական պետություն է և որքան շուտ հասկանաք դա, այնքան շահելու եք հենց ինքներդ»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում․