Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել Ուկրաինայի քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Այդ օրը, ժամը 19։15-ի սահմաններում նշված բուժկենտրոնից հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Գառնիի շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 64-ամյա Անդրեյ Զելինսկին էր։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Օլիդեյն էքսպրես» հյուրանոցային համալիրում, սակայն այդ օրը կնոջ հետ այցելել է Գառնու հեթանոսական տաճար, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և սրտի կանգ է ունեցել։