«Ընդդիմությունն ավելացնելու է իր ճնշումը». ըստ քաղաքագետի, հետագա զարգացումները միայն Րաֆֆի Հովհաննիսյանից չեն կախված

«Ընդդիմությունն ավելացնելու է իր ճնշումը». ըստ  քաղաքագետի, հետագա զարգացումները միայն Րաֆֆի Հովհաննիսյանից չեն կախված
«Ընդդիմությունն ավելացնելու է իր ճնշումը». ըստ քաղաքագետի, հետագա զարգացումները միայն Րաֆֆի Հովհաննիսյանից չեն կախված

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր հնարավոր առավելագույն փոխզիջման մասին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ուստի իշխանության կողմից հնչող տարբեր ակնարկները` համատեղ կառավարություն ձևավորելու շուրջ, այդպես էլ կմնան օդում կախված:
Այս համոզմանն է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Իր վերջին մամուլի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ազգային համաձայնության կառավարության մասին հնարավոր կլիներ մտածել այն ժամանակ, եթե անցկացվեին նորմալ ընտրություններ, և արձանագրվեին այն արդյունքները, որոնք կարձանագրվեին: Նա փաստորեն հայտարարեց, որ այս ընտրություններից հետո նման բան հնարավոր չէ»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել է, որ իշխանությունը պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկել ապագա կառավարությունում նրա նախընտրած անձանց ներգրավվածության հարցը: Արձագանքելով այս հայտարարությանը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իր առաջարկներն արդեն արել է և պատրաստ է լսել ցանկացած ողջամիտ առաջարկ Սերժ Սարգսյանից:

Էդգար Վարդանյանի խոսքով` հասարակության ընդդիմադիր հատվածի մեծ մասի համար էլ այդ տարբերակն ընդունելի չէ: Ըստ քաղաքագետի` այլ բան է, եթե, ասենք հիսուն/հիսուն կառավարություն ձևավորվեր, առանցքային պաշտոններն էլ համապատասխանաբար բաշխվեին, և համաձայնություն կայացվեր, որ «իքս ժամկետից» հետո լինելու են նոր խորհրդարանական ընտրություններ:

Էդգար Վարդանյանն ակնհայտ է համարում, որ ընդհանուր առմամբ ընդդիմությունն ավելացնելու է իր ճնշումը, որովհետև Հայաստանում ընտրություններից հետո ստեղծվել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ:

«Ընտրություններից հետո ունեինք որոշակիորեն անակնկալի եկած քաղաքական դաշտ և փորձագիտական հանրություն, որովհետև բոլորը նշում էին, թե քանի որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի մի մասը ընտրություններին չի մասնակցում, այս ընտրությունները շատ հանգիստ կընթանան, կունենան կանխատեսելի արդյունքներ, և հետընտրական որևէ զարգացում չի լինի: Իրականությունը, սակայն, ցույց տվեց, որ ստեղծվեց լրիվ նոր իրավիճակ, երբ փաստորեն, տարբեր մասերի բաժանված, պառակտված ընդդիմադիր քաղաքական բևեռը կանգնեց հետևյալ խնդրի առջև. ի՞նչ անել այն պայմաններում, երբ փաստացի մեկ ընդդիմադիր գործիչ` իր նեղ թիմով հանդերձ, ստացել է այնքան ձայն և այնպիսի արդյունք է ցուցաբերել, որ երբևէ ընդդիմադիր թեկնածուն չէր ցուցաբերել»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Էդգար Վարդանյանը շեշտում է, որ ստեղծված իրավիճակում խնդիրը միայն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է մեծ քանակությամբ ձայներ, այլ այն, որ բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում հենց պաշտոնական տվյալներով նա առաջին տեղն է զբաղեցրել:

Այս պայմաններում, քաղաքագետի խոսքով, ընդդիմադիր բևեռը, անգամ նրանք, ովքեր ընդհանրապես չէին կարևորում այս ընտրությունները, հասկացավ, որ սա ինչ-որ շանս է լուրջ փոփոխությունների հասնելու:

Քաղաքագետի դիտարկմամբ` Հայաստանում առաջին անգամ քաղաքական և քաղաքացիական ուժերի համագործակցության նոր ֆորմատ ձևավորելու հիմքեր ստեղծվեցին: «Շատ կարևոր է, որ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, որոնք մինչև վերջերս զբաղվում էին առանձին, նեղ, լոկալ բնույթի խնդիրներով, որոնք միայն անուղղակի էին կապված քաղաքական հիմնական խնդիրների հետ, արդեն իրենց առջև քաղաքական նպատակ դրեցին, և կարծես թե պահանջարկ ձևավորվեց լայն քաղաքացիական-քաղաքական խնդրի շուրջ նախաձեռնություններ ձևավորել»,- ասում է Էդգար Վարդանյանը: Սա, ըստ քաղաքագետի, փաստում է, որ հետագա զարգացումները այլևս մեկ սուբյեկտից` Րաֆֆի Հովհաննիսյանից չեն կախված , և եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ ինչ-որ պահից սկսած Րաֆֆի Հովհաննիսյանը նահանջի, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող խմբերը իրենք ամբողջությամբ կստանձնեն քաղաքական համակարգի փոփոխության խնդիրը:

«Պարոն Հովհաննիսյանն էլ, կարծում եմ, քաջ գիտակցում է դրա մասին, մանավանդ նա ինքնառաջադրմամբ է մասնակցել ընտրություններին և ի սկզբանե, կարծում եմ, այդ լայն ֆորմատն է պատկերացրել, և ինքը դրա մասնիկներից մեկն է»,- նշում է Էդգար Վարդանյանը:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ըստ քաղաքագետի, այս պայմաններում նա շատ լավ է հասկանում, որ բավական լուրջ իրավիճակ է ստեղծվել , որը կարող է, եթե ոչ այսօր, ապա գոնե վաղը լուրջ սպառնալիք լինել իր համար: Հենց այս հանգամանքով է քաղաքագետը պայմանավորում Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը և այն փաստը, որ իշխանությունը փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել` ճնշումն իր նկատմամբ չավելացնելու համար:

Քաղաքագետը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և ընդհանուր առմամբ ընդդիմադիր հանրությունը հակված չեն իրենց դիրքերը զիջելու: «Այն, ինչ ասվել է` արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե կայանա, գրեթե ոչնչով չի զիջի նոր նախագահական ընտրություններին, և եթե իշխանությունները համաձայնեն դրան, կնշանակի, որ առնվազն 80-90 տոկոսով ժողովուրդը հաղթել է»,- կարծում է ՌԱՀՀԿ փորձագետը:

Նա, միևնույն ժամանակ, դժվարանում է ասել, թե որքանո´վ այն հնարավոր կլինի իրագործել, որովհետև այս հարցում «արդեն իշխանությունը պետք է համաձայնության գա»:

© Medialab.am