Հադրութցի Մարիամը մինչ պատերազմը երազում էր մոդել դառնալու մասին. «Հիմա երազում եմ՝ մի տուն ունենանք ու սկսենք մեր կյանքը զրոյից»

20-ամյա Մարիամը Հադրութից է, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանվել և ընտանիքի հետո ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։

«Պատերազմի օրերին մայրս մեզ մենակ ճանապարհեց Երևան, քանի որ հայրս կամավոր էր, իսկ մայրս աշխատում էր ՊԲ-ում։ Մենք մնացինք էդ քանի օրերը Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում։ Այնտեղ հնարավորություններ չկային, տունը շատ փոքր էր, մարդիկ՝ շատ, ցուրտ էր։ 

Բայց շատ բարի մարդիկ էին։ Քույրս պատմեց մորս, որ հնարավորություն չկա մնալու։ Մայրս պատերազմի վերջին օրը իր դիմումի համաձայն դուրս եկավ աշխատանքից, որ մեզ տիրություն անի, քանի որ մենք ոչ մի հարազատ չունեինք Երևանում։ Միակ հարազատը հորս քեռին է: Երբ հայրս զանգեց նրան, ասաց՝ կորոնավիրուս է, չեն կարող հյուրեր ընդունել։

Մորս գալուն պես մեզ մի ընտանիք հյուրընկալեց Նոր Երզնկա գյուղում և երկու ամիս պահեց իրենց տանը։ Ես անչափ շնորհակալ եմ այդ ընտանիքից, թեև անծանոթ էին, բայց ինձ շատ հարազատ դարձան։ Հիմա Առինջ գյուղում տուն ենք վարձել»,- պատմում է Մարիամը։

Մարիամը լսողության խնդիր ունի,  լսողությունը կորցրել է 8 ամսականում՝ բժշկական միջամտության հետևանքով: Ասում է, որ եթե մինչ պատերազմը շատ ու շատ երազանքներ ուներ, հիմա երազանքները փոխվել են, միակ ցանկությունն այն է, որ տուն ունենան, իրենց սեփական տարածքը։

«Երկրորդ խմբի հաշմանդամ եմ՝ խուլ ու համր։ Ութ ամսականում ջերմություն եմ ունեցել, և որպես անտիբիոտիկ բժիշկները ինձ նշանակել են գենտամիցին՝ հինգ օր։

Սրսկումից հետո լսողությունս 90% կորել ա։ Ու մինչև հիմա ես լսում եմ միայն հաղորդակցող ձայները։

Երազանքս էր լսել ու խոսել, կարծում էի՝ հրաշք պիտի կատարվեր։ Միշտ ուզել եմ նկարահանվել որպես մոդել։ Նպատակս էր՝ աշխատել և իմ կյանքը տնօրինել։ Իսկ հիմա մենակ երազում եմ՝ մի տուն ունենանք ու սկսենք մեր կյանքը զրոյից»,- ասում է Մարիամը։

Մարիամի խոսքով՝ պատերազմը խլեց ամեն ինչ՝ հարազատների կյանքը, մոր, հոր առողջությունը, նրանց աշխատանքը, ունեցած երկու տունը․ 

«Ամեն ինչը, ծննդավայրս՝ Հադրութս։ Ու հիմա մենք ապրում ենք վարձով և այս պահին ֆինանսից շատ ենք նեղվում։ Պետությունից ստացել եք 68 հազար դրամները, հիմնականում ստացել եմ աջակցություն անհատ մարդկանցից, որոնց շնորհակալ եմ։

300 հազար դրամի համար դիմել ենք, բայց դեռ չենք ստացել։ Պարտք ունենք կահույքի խանութի՝ անհատի։ Կահույքը վերցրել էիք Հադրութի տան համար։ Կահավորել էինք ու կարողանում էինք գումարը փակել, իսկ հիմա՝ չէ։ Ով իմանար՝ սենց բան կլինի»,-ասում է Մարիամը։

Մարիամն ասում է, որ շատ է կարոտել Տումին՝ հոր գյուղը, Մեծ Թաղլարը՝ մոր գյուղը, իրենց տունը և քաղաքը՝ Հադրութը։ Սակայն նշում է, որ սիրել է նաև Կոտայքի մարզը և կցանկանար այստեղ ապրել։

«Սիրեցի Կոտայքի մարզը, կցանկանայի այստեղ ապրել: Վերադառնալ Արցախ՝ չգիտեմ էլ՝ ուզո՞ւմ եմ, թե՞ չէ։ Որովհետև ես պատերազմից հետո մի անգամ գնացել եմ, բայց իմ սրտում մենակ վախ էր, սարսափ: Էն զգացումը, որ քո հայրենի հողն ա, ես չզգացի։ Չգիտեմ ինչու, որ թշնամուն տեսա, նրանց դրոշը՝ հուզմունքը մի պահ ինձ պատեց, ուզեցա հետ դառնալ ճանապարհից։

Միգուցե անցնի որոշ ժամանակ, այդ վախը մի փոքր անցնի, էն ժամանակ կգնամ»,- ընդգծում է Մարիամը։

Մարիամը պատերազմից հետո հուսահատություն է զգում, ասում է՝ նպատակներն ու երազանքներն ի մի չի բերում․ «Ճիշտն ասած, ես ապագայի հարցում շատ հուսահատված եմ, կարծես ամեն ինչ անհասանելի է ինձ համար։ Չգիտեմ ոնց, բայց էլի պիտի պայքարենք»,- ասում է Մարիամը։

Տարիներ առաջ ձեռք բերած լսողության խնդիրը, դրան հաջորդած պատերազմն ու ծննդավայրի ու տան կորուստը թեպետ հիասթափություն են առաջացրել Մարիամի մեջ, բայց Մարիամը ընկճվելու փոխարեն փորձում է հաղթահարել դժվարին ապրումները՝ նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելով։

Վերջերս ընդունվել է ԱՏԵՔՍ քոլեջ, որտեղ հագուստի մոդելավորում է սովորում։
«Տնօրենը տեսել է իմ մասին հայտարարությունը, որը մի բարի աղջիկ էր հրապարակել, ու էդպես ինձ առաջարկեց իր մոտ սովորել՝ անվճար։ Ես հաճույքով եմ հաճախում դասերին։ Շատ շնորհակալ եմ իրենց և բոլոր այն անհատներին, ովքեր այս դժվար պահին եղել են ու կան մեր կողքին»,- նշում է Մարիամը։

Մարիամին և իր ընտանիքին օգնելու ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 055182566։

Արփինե Արզումանյան

MediaLab.am