«Հոգեկան խանգարում ունեցող մարդիկ չպետք է մեկուսացվեն ինչ-որ հեռու շրջաններում». քննարկումներ` խնդիրների շուրջ

«Հոգեկան խանգարում ունեցող մարդիկ չպետք է մեկուսացվեն ինչ-որ հեռու շրջաններում». քննարկումներ` խնդիրների շուրջ
«Հոգեկան խանգարում ունեցող մարդիկ չպետք է մեկուսացվեն ինչ-որ հեռու շրջաններում». քննարկումներ` խնդիրների շուրջ

Հոգեկան առողջության պահպանման ոլորտի հնգամյա ռազմավարությունը նախատեսում է մասնագետների վերապատրաստմամբ, կարիքների գնահատմամբ և համայնքային կենտրոնների ստեղծման փորձնական ծրագրերի իրականացմամբ գրանցել այնպիսի առաջընթաց, որը կգոհացնի, և ոլորտի պատասխանատուներին, և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներին:

2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը: Ոլորտի պատասխանատուները բավականին երկար են աշխատել փաստաթղթի ստեղծման վրա և համոզված են, որ այս ռազմավարության ընդունումը շատ կարևոր է Հայաստանի համար:

«Ռազմավարության հիմնական նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, նրանց սոցիալականացնելն ու մերժվածի խարանը նրանց վրայից հանելը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած քննարկմանը: Նա ընդգծեց, որ առաջին անգամ իրենք ամրագրել են ռազմավարությունը ոչ թե որպես հոգեբուժական օգնություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

«Որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց, պետք է փոխել վերաբերմունքն այդ մարդկանց հանդեպ»,- ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը՝ նշելով, որ այսօր ՀՀ-ում կա հոգեկան խնդիրներ ունեցող 46 հազար գրանցված անձ:
Ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձը հաշվի առնելով՝ ներգրավելով Բաց Հասարակության Հիմնադրամի հոգեկան առողջության գծով փորձագետ Ժոլտ Բուգարսկուն. «Այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ Հայաստանում պետական ու հասարակական սեկտորի համատեղ ուժերով շատ արագ քննարկվեց, մշակվեց ու ընդունվեց այս կարևորագույն հայեցակարգը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ-տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը մատնանշեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելու անհրաժեշտությունը. «Նախատեսում ենք համայնքային կենտրոնների ստեղծման փորձնական երկու ծրագիր՝ հավանաբար Սյունիքի և Լոռու մարզերում: Մարզերի ընտրությունը կատարում ենք մարզում մասնագետների առկայության պայմանով, իսկ շահառուները կլինեն Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տվյալ մարզի բնակիչներ, ովքեր կունենան այդպիսի ծառայության կարիք»:

«Հոգեկան խանգարում ունեցող մարդիկ չպետք է մեկուսացվեն ինչ-որ հեռու շրջաններում, նրանց օգնությունը պետք է կազմակերպվի իրենց համայնքներում՝ հաշվի առնելով նրանց կարիքները: Արևելյան Եվրոպայի շատ երկրներում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ աշխատում են ու հաճախ հաջողությամբ կառավարում սեփական մանր ձեռնարկությունները»,-նշեց փորձագետ Ժոլտ Բուգարսկին, հավելելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց շատ քիչ մասն է հիվանդությունը ձեռք բերել գենետիկ ճանապարհով:

Նոր ռազմավարությամբ կարևորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում: Նախատեսվում է նաև հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն տնային պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օժանդակելուն:

«Մեդիա կենտրոն» 

http://www.youtube.com/watch?v=i0pexyprgHI