«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
– Տիկի՛ն Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցից առաջ, հետո, երբ արդեն ստորագրվեց ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը, խորհրդարանական ընդդիմությունը տարբեր ձևաչափերով ասաց, որ ԱՄՆ-ում Փաշինյանը ստորագրելու է երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, որ սա Հայաստանի վախճանի մեկնարկն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում տիտղոսակիր ընդդիմության վարքը, կարո՞ղ էին այնպես անել, որ Փաշինյանը, ինչպես իրենք են բնորոշում՝ չտար Հայաստանի վախճանի մեկնարկը:
– Այն, ինչ անում է ընդդիմությունը, ընդ որում՝ անում է տևական ժամանակ՝ պատերազմից հետո, ընդամենը պոստ ֆակտում Նիկոլ Փաշինյանի քայլերն արձանագրելն է: Այն, ինչ ասում է ընդդիմությունը, որ սա Պրահա երկրորդ է, երկրորդ կապիտուլյացիա է, դա ընդդիմությունից էլ շատ լավ կարող է ձևակերպել ցանկացած քաղաքացի:
Եթե ընդդիմությանը թվում է, թե Հայաստանի քաղաքացին չի հասկանում, որ 99 տարով քո սուվերեն տարածքի արտապատվիրակումը ԱՄՆ-ին նշանակում է սեփական տարածքի հանդեպ կորցնել ինքնիշխանությունը, կամ Մինսկի խմբի լուծարումը նշանակում է, որ դրանով տոտալ փակվում է արցախահայության Արցախ վերադառնալու հնարավորությունը և այլն, ապա ընդդիմությունը չարաչար սխալվում է:
Մենք պետք է արձանագրենք այս ընդդիմության մահը, եթե մի քանի ամիս առաջ արձանագրում էինք նրանց կլինիկական մահը, ապա հիմա պետք է արձանագրենք նրանց կենսաբանական մահը, որովհետև նստել ու սպասել, թե էլ ինչ է անելու Նիկոլը, որ ստատուս գրեն կամ հարցազրույց տան, կներեք, հանրությունը ձեզ դրա համար քվե չի տվել: Ինչպես ասացի, դա կարող է անել ցանկացած քաղաքացի, բայց քաղաքացին ընդդիմությունից գործուն քայլեր է ակնկալում, այլ ոչ թե ստատուս ու հարցազրույց:
Իրավիճակը շատ պարզ է. Նիկոլ Փաշինյանը սեփական կյանքը, չեմ ասում՝ իշխանությունը, սեփական կյանքը փրկելու խնդիր է լուծում ու դա լուծելու համար ամեն ինչ, ինչ հնարավոր է, դնելու է զոհասեղանին: Հիմա, ընդդիմությունը ստատուսներով ու հարցազրույցներով կարո՞ղ է փրկել իրավիճակը: Կրկնում եմ՝ այս ընդդիմությունն ապացուցել է, որ կենսունակ չէ, ցավոք սրտի, չեմ էլ տեսնում որևէ այլ ուժ, որ հայտ է ներկայացնում ռեալ քայլերով այս իրավիճակը գոնե կանգնեցնել:
Միակ տարբերակը կարող էր լինել իմփիչմենթը, բայց մենք տեսանք, որ «Հայաստան» դաշինքը, ինձ համար բացարձակապես անհասկանալի մոտիվներով, չգնաց դրան: Իրենք խոր թյուրիմացության մեջ են, եթե մտածում են, որ հերթական ընտրություններով հաղթելու են Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանն այսքան բան չի դնում զոհասեղանին, որ 26 թվականին իրենց իշխանություն հանձնի:
Այս պահին ես Եվրոպայում եմ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ոչ միայն հայ համայնքի, այլ նաև տարբեր եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ընդդիմադիր էլ ուտի, եվրոպական կառույցները դա համարելու են ժողովրդավարության պիկը:
Նիկոլ Փաշինյանը հասավ ընտրությունների՝ վերընտրվելու է, ու բոլոր այն ընդդիմադիրները, որոնք կարծում են, թե քաղաքական ցիկլով հաղթելու են Նիկոլին, նրանք կամ քաղաքական անմեղսունակներ են, կա՛մ Նիկոլի հետ ունեն քաղաքական պայմանավորվածություն, ինձ համար երրորդ տարբերակ այլևս գոյություն չունի:
– Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը կարո՞ղ էր այնպես անել, որ Փաշինյանը չհասներ այս քայլերը կատարելուն, բայց չարե՞ց:
– Իհարկե, իհարկե, ի՞նչ է նշանակում՝ թող փողոցում այսքան մարդ հավաքվի, սկսենք իմփիչմենթ, ժողովուրդն էլ ասում է՝ դու սկսիր, ես տեսեմ, որ քայլ ես անում, հետո փողոցը կգեներացվի: Իհարկե կար հնարավորություն, բաց թողեցին, եթե ընդդիմությունը չկարողացավ վարչապետի մեկ թեկնածուի շուրջ կոնսենսուսի գալ, նշանակում է, որ լավագույն թեկնածուն իրենց համար Նիկոլ Փաշինյանն է:
Ժամանակն է, որ արդեն բաց խոսենք այս ընդդիմության մասին, որովհետև քաղաքական մեռելներին պետք է թաղել, դա փաստ է, որովհետև գարշահոտություն են տարածում:
– Տիկի՛ն Զոհրաբյան, նշեցիք, որ Եվրոպան նախընտրում է Փաշինյանի իշխանությանը, ինչո՞ւ:
– Որովհետև նրանց օդի ու ջրի պես անհրաժեշտ է Ռուսաստանի հետքը մաքրել տարածաշրջանից, և Նիկոլը լավագույն գործիքն է, որ լուծում է այդ խնդիրը:
Նիկոլը լուծում է իրենց համար ռազմավարական խնդիր՝ Ռուսաստանին դուրս է թողնում տարածաշրջանից: Ու ամեն գնով աջակցելու են, որ նա մնա իշխանության:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















