Սա միջազգային իրավունքի,  Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ձեռառնոցի է. Ստեփանյանը՝ ՄԱԿ-ի առաքելության աշխատանքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ՄԱԿ-ի առաքելության այցն Արցախ ու տարածած ամփոփիչ հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես հենց հիմա գտնվում եմ Գորիսում, որտեղ բերել եմ շվեյցարացի լրագրողի, հանդիպել եմ մի խումբ արցախցի փախստականների հետ, որոնք Մարտունուց են, Ասկերանից, Ստեփանակերտից: Նրանց հարցրել եմ՝ ինչո՞ւ եք թողել, եկել, մարդիկ ինձ ասում են հետևյալը. «Թուրքը եկել, մտել է մեր գյուղի մեջ, մորթել է կանանց ու երեխաներին, մենք, տեսնելով դա, թե ինչպես են թուրքերը ասֆալտով գյուղ մտնում, կածաններով դուրս ենք եկել, փախել Ստեփանակերտ»: Կոնկրետ սա պատմել են Մարտունուց փախստականները, որոնք երկու ժամում հասել են Ստեփանակերտ: 

«Մենք երբեք հետ չենք գնալու, մենք չենք ցանկանում ապրել Ադրբեջանում, որտեղ մեր երեխաներին ու կանանց մորթում են մեր աչքի առաջ»,- սա այդ մարդկանց ասածն է, այսինքն՝ ՄԱԿ-ի այդ առաքելությունը զբաղվում է ամեն ինչով, բացի փաստեր հավաքելուց: Առաքելության ներկայացուցիչները թող գան ու այս մարդկանց հետ զրուցեն, որոնք իրենց աչքի տեսածն են պատմում: 

Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում բառի բուն իմաստով, եթե մարդկանց սպանում, մորթում են մյուսների աչքի առաջ, դա էթնիկ զտում է ու նշանակում է, որ սպանելու են մնացածին, և դա արվում է ամենացինիկ ձևով: Ի՛նչ ինտեգրում, ի՛նչ իրավունքներ, ամեն ինչ արել են, որ այս մարդիկ փախչեն, ու նորից եմ ստիպված հղում կատարելու նրանց ասածներին: Հարցրի՝ ռուս խաղաղապահներն ինչո՞վ էին այնտեղ զբաղված, ասում են. «Ռուս խաղաղապահներն ամեն ինչ արել են, որ մեզ գաղթի ճանապարհ դնեն, մեզ մեր տներից հանեն, թուրքին բերեն»: Գաղթի ճանապարհը բացել են ու ասել՝ գնացեք, հաջողություն ձեզ, իրականում սա է տեղի ունեցել Արցախում: 

ՄԱԿ-ի առաքելության ասածներն առնվազն կապիկություն է, սա ծիծաղ է, ձեռ առնել է այդ մարդկանց, որոնք էթնիկ զտման զոհ են, եղեռն չեմ ասում, որովհետև զանգվածային սպանություններ չեն եղել, բայց սպանություններ եղել են: Մարդիկ եկել են այստեղ ու չգիտեն՝ որտե՛ղ են իրենց բարեկամները, անհետ կորած են, չկան՝ սա է իրավիճակը: ՄԱԿ-ի այդ առաքելությունը թող խաբեությամբ չզբաղվի ու փաստերը հավաքագրի, իսկ փաստը հետևյալն է՝ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, ու դա արել է Ադրբեջանը Ռուսաստանի հովանու ներքո: 

– Այդ առաքելությունն ինչո՞ւ որոշեց այն ժամանակ Արցախ գնալ, երբ այն, ըստ էության, հայաթափված է:

– Գնացել են Ալիևի դեմքն ու ձեռքերը մաքրեն արյունից, ուրիշ ոչինչ: Վստահ չեմ, բայց կա ինֆորմացիա, որ Պակիստանից, Հունգարիայից, Ռուսաստանից ու Թուրքիայից են ներգրավված եղել այդ առաքելության կազմում, իրենք եկել են Ալիևի ու ռուսի ձեռքերն արյունից մաքրելու համար: Սա միջազգային իրավունքի, հայ ժողովրդի ու Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ձեռառնոցի է:

– Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պետք է անի, որպեսզի այդ հայտարարությունը որպես իրականություն չընկալվի, այլ իսկապես ցույց տրվի աշխարհին Արցախում կատարվածը:

– Առաջին քայլն Արարատ Միրզոյանն արդեն արել է այսօր, եթե չեմ սխալվում՝ հայտարարել է, որ այնտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում: Ես կարծում եմ, որ այս ամենը պետք է փաստաթղթավորվի, ամեն ինչ շատ կարևոր է փաստաթղթավորել, բոլոր փաստերը պետք է փաստաթղթավորվեն. կան և՛ նկարներ, և՛ վկայություններ, կան փաստաթղթեր, այդ ամենը պետք է հավաքագրել ու նորից տանել Միջազգային դատարան, ՄԱԿ ու մտցնել նրանց աչքը, որ իրենց առաքելություններով մարդկանց չխաբեն ու չմոլորեցնեն: 

Մենք պետք է իրականությունը ցույց տանք, աշխարհը պետք է պատասխան տա սրա համար, սա 21-րդ դարն է, ես բազմիցս եմ ասել, որ սա տեղի է ունենալու, տասը ամիս է՝ դրա մասին խոսում էի: Մենք չկանխեցինք դա, առաջին հերթին արցախցիները չկանխեցին դա, ու սա արդեն տեղի է ունեցել: Հիմա կա՛մ մենք ձեռքներս ծալած ու սպասում ենք՝ ի՛նչ է տեղի ունենալու հետագայում, կա՛մ փորձում ենք ցույց տալ՝ ի՛նչ է տեղի ունեցել իրականում: 

– Որ կարողանանք ցույց տալ իրականում տեղի ունեցածը, դրանից ի՞նչ ենք շահելու, արդյունքը ո՞րն է լինելու:

– Ցույց կտանք, որ Ալիևի ձեռքերն արյունոտված են, ցույց կտանք, որ Ռուսաստանն այստեղ անելիքներ չունի, դրանով իսկ հիմքեր կստեղծենք այստեղից Ռուսաստանին հեռացնելու: Խոսքը Հայաստանի մասին է, Արցախի մասին չեմ ասում, վե՛րջ, Արցախը վերջացավ, ու այդ ճանապարհով կկանխենք Ալիևի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ, իսկ այն, որ իրենք ամեն ինչ անում են, որ այդ ագրեսիան տեղի ունենա, կարծում եմ՝ փաստ է: Այսինքն՝ սա փաստարկում է մեր ձեռքին, որն իրավունք չունենք բաց թողնելու: Պետք է ամեն ինչ անենք, որ ապացուցենք, որ Արցախում եղել է էթնիկ զտում, որը հանցագործություն է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am