Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է. Ավինյան

ՀՀ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը գրում է.

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։

Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։

Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավինյանը լուսանկարներ էր հրապարակել եւ գրել. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ»։