Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանի Հանրապետության քրդական համայնքը մարտի 19-ին բողոքի խաղաղ ակցիա է անցկացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն՝ քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի առողջության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Քրդական կոմիտեի կազմակերպած ակցիայի մասնակիցները Երևանի Ազատության հրապարակից քայլերթով հասել են ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններին և գերտերություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել թուրքական բանտում պահվող Աբդուլլահ  Օջալանի առողջության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրման և նրա հետ հանդիպում կազմակերպելու համար:

«Մենք կրկին բացասական տեղեկություններ ենք ստացել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի  մասին: Նա պայքարում է մարդու իրավունքների, ժողովուրդների ազատության ու խաղաղ գոյակցության համար:Ուստի մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային կազմակերպություններն պետք է իրականացնեն իրենց առաքելությունը և պարզեն Օջալանի առողջական վիճակն ու հանդիպում կազմակերպեն նրա ընտանիքի հետ:Այլապես՝ քուրդ ժողովուրդը տարբեր միջոցներով շարունակելու է իր պայքարը՝ ընդհուպ պահանջելով առաջնորդի ազատությունը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քուրդ հոգևորական Մահար Բրոյանը: