«Գնաճի ու արտարժույթի շուկայի վրա ազդեցություն ունի նաև աժիոտաժը. ներդրողները սպասում են ընտրությունների արդյունքներին». Արտակ Մանուկյան

MP from ‘My Step’ faction Artak Manukyan gave a press conference at ‘Armenpress’ state news agency

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում դոլարը շարունակում է թանկանալ, արդեն մեկ դոլարի դիմաց դրամի փոխարժեքը հատել է 530-ի սահմանը։ Զուգահեռ, գների աճը շարունակական բնույթ է կրում կարծես։ Ի՞նչ քայլեր են արվում իշխանության կողմից՝ մեղմելու ստեղծված իրավիճակը։

– Դուք գիտեք, որ մեզ մոտ փոխարժեքը լողացող է, և Կենտրոնական բանկն է պատասխանատու գների կայունության ու ֆինանսական կայունության համար։ ԿԲ-ն երբեմն նաև հրապարակումներ է անում, որ միջամտում է այս իրավիճակում։

Ինչ վերաբերում է գնաճին, մենք չպետք է մոռանանք, որ գնաճը ոչ միայն Հայաստանում է առկա, այլ նաև աշխարհի բոլոր երկրներում է և պայմանավորված է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով։ Հատկապես պարենային ապրանքների գներն են բարձրացել, օրինակ՝ Պարենի համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներով՝ 10 տոկոսից ավելի թանկացում է եղել։

Եվ այս առումով մի կարևոր դիտարկում՝ եթե նայեք մեր ապրանքային կառուցվածքը, Հայաստանում ավանդաբար և մշտապես ապրանքների ներմուծումն ավելի շատ է եղել, քան արտահանումը։

Եվ այն ավանդական շուկաներում, որտեղից ներմուծումն իրականացվում է՝ Ռուսաստան և այլն, ակնհայտ է, որ այնտեղ բուն գները բարձրացել են։

Եվ այդ դեպքում, այո՛, փոխարժեքի բարձրացումից ավելի ընդհանրական թանկացում է եղել։ Բայց դրա խորքային պատճառը նաև այն է, որ Հայաստանը գնաճ ներմուծող երկիր է, այսինքն՝ եթե այդ երկրներում գնաճ է տեղի ունենում, դա որոշակիորեն նաև ներմուծվում է այստեղ։

Հիմա ի՞նչ քայլեր է արվում պետական մակարդակով։ Կենտրոնական բանկը պատասխանատու է գների կայունության առումով, ընթացիկ ինտերվենցիաներ է անում։ Իհարկե, այս պարագայում որոշակի գնաճային ճնշումներ կան, որ թիրախի վերին մակարդակում է, այսինքն՝ 4+-1,5 տոկոսի շրջանակներում է։

Այս ամենի ֆոնին կառավարությունը սոցիալական որոշ աջակցության ծրագրեր է իրականացնում, բայց էլի մենք պետք է հասկանանք, որ գնաճը նաև որոշակիորեն տնտեսական զարգացումներին ուղեկցող օբյեկտիվ երևույթ է։

– Գնաճի ֆոնին մարդկանց եկամուտները չեն ավելանում՝ կա՛մ նվազել են, կա՛մ նույնն են մնացել։

– Դուք ինչի՞ց ելնելով եք նման գնահատական տալիս։

– Օրինակ՝ պետական համակարգում էլ շարքային աշխատակիցները շատ դեպքերում չեն ստանում հավելավճարները, որոնք ստանում էին նախկինում, ճգնաժամի հետևանքով շատ գործատուներ են խնդրի առաջ, աշխատավարձեր են նվազել, աշխատատեղեր են փակվել։

– Ընդհանուր տնտեսական իրավիճակի պայմաններում ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում սոցիալական վիճակի մասով, այո՛, առկա է որոշակի ճնշում, որը որպես կանոն հանգեցնում է աղքատության մակարդակի բարձրացման, նաև գործազրկության աճի։

Այս մասով կառավարությունն իր հնարավորության սահմաններում իրականացրել է և հիմա էլ իրականացնում է աջակցող միջոցառումներ։ Օրինակ՝ 2019 թվականին տնտեսական աճի պայմաններում կենսաթոշառուների թոշակը բարձրացնելու հնարավորություն եղավ, 2020 թվականին անկում է գրանցվել, այդ հնարավորությունը չկար։

Հիմա 2021 թվականին, եթե այն միտումները, որոնք առաջին եռամսյակում արձանագրվել են, շարունակական լինեն, ապա հնարավորություն կլինի, որ սոցիալական այլ խմբեր ևս թիրախային աջակցություն ստանան։ Այս պահին առավելապես զինծառայողների, պատերազմում տուժած անձանց և նաև արցախահայերի հետ կապված աջակցության փաթեթն է, որի մասով կառավարությունը հավելյալ պարտավորություն է ստանձնել։

– Հատկապես այս փուլում առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներն են թանկանում։ Կարծես որոշ ոլորտներում անվերահսկելի վիճակ է, որոշ տնտեսվարողներ ստեղծված առիթից օգտվելով՝ ավելի են թանկացրել ապրանքը, քան օբյեկտիվ ազդեցությունն է։ Սա մտահոգիչ չէ՞։

– Մենք ունենք ապրանքներ, որոնք և՛ տեղում են արտադրվում, և՛ ներմուծվում, և ունենք ապրանքատեսակներ, որոնք միայն ներմուծվում են։ Կաթնամթերքի շուկայում կարծես չկան գնային էական տատանումներ, չնայած ողջ աշխարհում գնային ճնշումներ կան։

Այս շուկայում մեր տեղական բիզնեսն իր մասնաբաժինն էական մեծացրել է։ Հիմա ձվի ոլորտում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ իրականացրեց, վարույթ է հարուցել։ Առնվազն կանխավարկածն այն է, որ այստեղ կա որոշակի արհեստական ազդեցություն կամ հնարավորություն, որպեսզի խաթարեն արդար մրցակցության սկզբունքները։

Կա նաև երրորդ սեգմենտը՝ դա ներմուծվող ապրանքներն են, որոնք հենց արտադրվող երկրներում թանկացել են։ Եվ քանի որ ներմուծման դեպքում, որպես կանոն, պայմանագրերը կնքվում են արտարժույթով, հետևաբար, արտարժույթի փոփոխությունն իր հերթին բերում է այս գների բարձրացման։

Եվ ես կարծում եմ, այս իրավիճակը պայմանավորված է նաև անորոշություններով։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո անորոշությունները կավարտվեն, և շատ ավելի տնտեսական հիմնարարներ դերակատարում կունենան շուկայում, քան ունեն հիմա։

Գնաճի և արտարժույթի շուկայի վրա ազդեցություն ունի նաև աժիոտաժը։ Օրինակ՝ երբ մարդիկ գնում են մեծ քանակությամբ ձու, սպառողը, որպես կանոն, հետևում է այդ վարքագծին, մտածում է՝ կարող է դեֆիցիտ կա, սկսում է ավտոմատ գնել։ Սրանք քայլեր են, որոնք նաև հանգեցնում են արհեստական զարգացումների։ Նման երևույթներ կան նաև արտարժույթի շուկայում։

Իհարկե, այստեղ որոշակի կապ կա նաև ներքաղաքական իրավիճակի հետ, տատանումները որոշակի կապ ունեն ներքաղաքական կայունության հետ։ Պատերազմի ավարտի սկզբնական փուլում շատ մեծ խումբ քաղաքացիներ իրենց դրամային ավանդները հանեցին բանկից, կորցրեցին իրենց եկամուտները, հետ բերեցին դրեցին։

Մենք մեր ֆինանսական հատվածները մի քանի ցուցանիշներով նայում ենք, որևէ մտահոգիչ խնդիր չկա։ Էլի ես վերահաստատում եմ, որ այն ներդրողները կամ խաղացողները, որոնց համար որոշակիությունը կարևոր է, այսօր սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի կարողանան իրենց վարքագիծը հստակ դրսևորել շուկայում։ 

Արտակ Մանուկյան

MediaLab.am