Այս տարի կմշակվի նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմը. Փոխնախարար

Այսօր կառավարությունը հաստատել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը և ժամանակացույցը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև նշել է.

«Այս տարի կմշակվի նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմը. մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը, մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշները, անհատական թղթապանակը, անհատական ուսուցման և զարգացման պլանը։

Կմշակվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլները, կվերապատրաստվեն տարածքային կենտրոնների մասնագետները։

Կանցկացվեն իրազեկման արշավներ։

Ներառման գործընթացը կիրականացվի փուլային սկզբունքով՝ յուրաքանչյուր փուլի համար առանձնացված մարզերով»,-նշել է նա։