Շուշին Ադրբեջանին անցնելուց հետո շարունակել է էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից. Արծվիկ Սարգսյան

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը

– Ալիևը վերջերս Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Լուրեր կան, որ Շուշիի էլեկտրաէներգիան շարունակվում է Ստեփանակերտից: Այդպե՞ս է: Եթե այո, ապա ի՞նչ պայմաններով է որոշվել այդ գործարքին գնալ, եւ առհասարակ ինչո՞ւ է նման որոշում ընդունվել։

– Նրանք արդեն Ադրբեջանից են էլեկտրական էներգիա ստանում, որովհետև նոր էլեկտրացանց են կառուցել Քարինտակի և Շուշիի խաչմերուկում, և արդեն Արցախը չէ նրանց լույս մատակարարում, այլ իրենց ցանցը։ 

Լավ, իսկ մինչև կառուցումը՝ Ստեփանակե՞րտն էր մատակարարում էլեկտրաէներգիա։

– Որոշ ժամանակ Արցախից էին մատակարարում էլէներգիա՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հանկարծ մեր էլեկտրագծերը չվնասեն, որովհետև նրանք կարող էին վնասել մեր գծերը։ 

Դրա համար հավանաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Չեմ կարող ասել՝ մի քանի ամիս է էնտեղ Արցախից մատակարարվել, բայց հիմա իրենք էլցանցը կառուցել են հենց խաչմերուկում, շատ ուժեղ սարքած ժամանակակից էլեկտրացանց է, և Ադրբեջանից աշտարակներով հասցրել են Շուշի: 

Պատկերացրեք, որ մեր աշտարակները չեն օգտագործել, մերից 15-20 մետր հեռավորության վրա իրենց աշտարակներն են տեղադրել: Հենց հիմա էլ իրենք այնտեղ համերգ են կազմակերպել, որին մասնակցում է Ալիևը: 

– Դուք ճի՞շտ եք համարում թշնամուն, թեկուզ կարճ ժամանակով, էլեկտրաէներգիա մատակարարելը: 

– Քանի որ իրենք այդ գիծը հսկում են, կարող է ամեն րոպե խփեն, մեր գծերը փրթեն, հետո հնարավորություն չտան սարքելու: Քանի որ մեր գիծը Հայաստանից միայն այդ կողմով է գալիս, դրա համար երևի ժամանակավոր նման պայմանավորվածություն է եղել: 

– Այս պահին դուք հաստատ կարո՞ղ եք պնդել, որ Արցախն ադրբեջանցիներին էլեկտրաէներգիա չի մատակարարում:

– Ես այդպես գիտեմ, որ իրենց էլեկտրացանցը գործում է: Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մեծ էլեկտրացանց են սարքել: 

Այսօր Շուշիում մուղամի երեկո է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Իլհամ Ալիևը: Ի՞նչ զգացողություններ դուք ունեք այս կապակցությամբ:

-Քանի որ այսօր իրենք են գտնվում Շուշիում, ամեն ինչ էլ կարող են անել: Ալիևը հայտարարել է, որ Շուշին Ադրբեջանի մշակութային քաղաքն է:

Նաև ադրբեջանցիները որոշել են ի նշան իրենց հաղթանակի Շուշիում նոր մզկիթ կառուցել:

-Գիտե՞ք ես ինչ կասեմ. Այսքան ժամանակ, որ մենք իրենց մզկիթները պահպանել, նորոգել ենք, այս անգամ, երբ որ մենք գնանք Շուշի, կազմակերպիչներից մեկը ես եմ լինելու, որ պայթեցնենք դրանք: Հիմա թող սարքեն, իրենց ձեռքին է:

– Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ տրամադրություններ են առհասարակ: Մեկնարկել է նախընտարական քարոզարշավը Հայաստանում եւ թեկնածուները նաեւ հայտարարում են, որ պետք է վերադառնանք Շուշի: Դուք Շուշիի վերադարձը հնարավոր համարո՞ւմ եք:

– Իհարկե հնարավոր է, ես իմ հույսը չեմ կտրում: Մեկ տարի լինի, 2 տարի լինի, թե քանի տարի՝ մենք պետք է վերադառնանք: Ուղղակի պետք է ուժեղանանք, որ կարողանանք վերադառնալ: Մենք միշտ պետք է դրան պատրաստ լինենք:

– Պարո՛ն Սարգսյան, այս պահին շուշեցիների քանի տոկոսն է, որ դեռ Հայաստանում է և չի կարողանում վերադառնալ, քանի՞ տոկոսի խնդիրն է մնացել չլուծված։ Որքանո՞վ արագ կլուծվի նրանց բնակարանային խնդիրը։

– Շուշիի բնակչության մոտ 25-30 տոկոսը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, հավանաբար առաջիկա երեք տարվա մեջ կառուցվելու են բնակարաններ։

Ընթացակարգը հետևյալն է. մինչև օգոստոս պետք է բնակարաններ տրամադրվեն զոհվածների ընտանիքներին, վիրավորներին և բազմազավակներին։ Առաջին փուլում նրանք են ստանալու։

– Այդքան արագ կկառուցվե՞ն։

– Բնակարանները կառուցված եղել են, հիմա վերջնական աշխատանքներն են կատարվում, որ մինչև օգոստոս տրամադրեն զոհվածների ընտանիքներին, վիրավորներին և բազմազավակ ընտանիքներին: 

Մանե Հարությունյան

MediaLab.am