Իշխանությունը փորձելու է հասարակության աչքը վախեցնել, որպեսզի իրենց գործողությունների դեմ ընդվզում չլինի. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բերման ենթարկելու հանգամանքը:

– Գիտեք ինչ, եթե միայն այդ բառակապակցության համար է քրեական գործ հարուցվել խուլիգանության հոդվածով, ապա ես վարչապետի համար շատ վատ նորություն ունեմ. այդ նույն բառամթերքը շատ շատերն են օգտագործում։ Եթե նա ավելի հանգիստ է, որ հանրային վայրերում, ու ոչ միայն, շատ ավելի մեծ թվով մարդիկ են անթաքույց իրեն այդպես դիմում, որովհետև նման կարծիք ունեն իր մասին, կամ չի մտահոգում, թե ինչու են իրեն այդպես ասում, շատ տխուր է, իմ կարծիքով, առիթ ունեն մտածելու։ 

Ինչ վերաբերում է Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու ձևին, դա ցանկացած պարագայում ընդունելի չէ: Եթե խոսքը փախուստի դիմող տեռորիստի մասին չէ, եթե բռնությունը կանխելու գործընթաց չէ, չեմ հասկանում, թե ՛ինչ կարիք կար քսան հոգով մարդուն գետնին պառկեցնել։ Առհասարակ այդ ոճը, ուժի ցուցադրումը երբեք չեմ հասկացել, չեմ ընդունել ու դա համարում եմ հանցավոր: Իրականում դա խոսում է ոստիկանության թուլության ու ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Կամ ցանկացել են հատուկ ուժ ցուցադրել։ 

– Այդ դեպքում, ո՞րն էր ուժի ցուցադրության նպատակը: 

– Ժամանակներն էականորեն փոխվել են, ու տեխնոլոգիաների այս դարում որևէ իշխանություն այլևս չի կարող կանխել ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդկանց արտահայտվելու գործընթացը։ Այնպես որ, հիմարություն է կարծել, որ մի հոգու ձերբակալությամբ հնարավոր է գործընթացներ դադարեցնել։ 

Ուրիշ հարց կա, որը շատ կարևոր է․ մեզանում կարծես ավանդույթ է դարձել, հատկապես հանրային դեմքերի մոտ, սեռական բնույթի հայհոյանքներով ելույթներ ունենալը ու դրանով դիտումներ հավաքելը։ Ցանկացած ողջամիտ մարդ, որն իսկապես համարում է, որ ինքը հանրային դեմք է կամ հավակնում է որևէ քաղաքական պաշտոնի, պետք է այդ գործելաոճից ձերբազատվի, որովհետև դու ուղղակի փողոցային լակոտի նման ես քեզ պահում, եթե ի վիճակի չես նորմալ բառամթերքով ասել այն ամենը, ինչ ասում ես այդ երկու բառով։ Այդ նույն միտքը, գաղափարը կարելի է ասել եթերային թույլատրելի բառամթերքով։ 

Մյուս կողմից էլ՝ մի տեսակ սովորություն է դարձել հայհոյանք հնչեցնել՝ առանց դրա համար պատասխան տալու, սա էլ է անընդունելի։ Ես հասկանում եմ, որ հիմա կասեն, թե ես քրեական ենթամշակույթ եմ տարածում, բայց դա այդպես չէ: Կար ժամանակ, որ ցանկացած ասած բառի համար մարդը պետք է պատասխան տար՝ հատկապես հայհոյանքի համար։ Հիմա ցանկացած մեկը համարում է, որ ինքը կարող է սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել հանրային վայրում ու որևէ պատասխան չտալ, պետք է հասկանալ, որ սա էլ նորմալ չէ։ 

– Ձեր գնահատմամբ՝ իշխանությունն իսկապե՞ս վախեցած է ու այս կերպ փորձում է լռեցնել իր դեմ հնչող քննադատությունը, տիկի՛ն Կարապետյանց։

– Փորձում է հասարակության մեջ վախ տարածել, որովհետև ընդդիմությունը միատարր չէ, ու խնդիրը միայն ընդդիմությունը չէ, առհասարակ փորձելու են հասարակության աչքը վախեցնել, որպեսզի իրենց գործողությունների դեմ ընդվզում չլինի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am