«Ո՞ւմ էր շահավետ նման գաղտնալսումներ իրականացնելը և հենց Մարտի 1-ի գործով, պարզ է. նրանց, որոնք այդ գործով մեղադրյալներ են». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

– Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը և դրա հրապարակումը։ Սա լուրջ վտանգ չի՞ ներկայացնում երկրի անվտանգության տեսանկյունից։

– Երկու խնդիր կա. առաջինը, որ կարողացել են գաղտնալսել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, և երկրորդ՝ այն թեման, որի շուրջը խոսել են նրանք։ Առաջին խնդրի հետ կապված, հաշվի առնելով, թե ինչ թեմայի շուրջ են խոսում, և հաշվի առնելով, թե ում է վերաբերում այդ խոսակցությունը, կարող ենք արձանագրել, որ Մարտի 1-ի դեպքով նոր հարուցված քրեական գործում որպես մեղադրյալներ և կասկածյալներ ներգրավված մարդիկ բավական լուրջ կարողություն և նաև աջակցություն ունեն, որի նպատակն է ձախողել Մարտի 1-ի հանցագործության՝ սահմանադրական կարգը զինված ուժերի կիրառմամբ տապալելու հիմքով քննությունը։

Այն, որ մենք գիտեինք, որ գործ ունեինք մաֆիոզ կառավարման հետ, այդ գաղտնալսման փաստով ապացուցեցին գաղտնալսողները և նաև նրանց աջակցողները, որոնք տեխնիկապես աջակցել են այս գաղտնալսումը։ Բայց սա ցույց է տալիս, որ բոլոր իշխանությունները՝ հանձինս ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի, պետք է առավել քան զգոն և պատասխանատու լինեն իրենց գործառույթների իրականացման նկատմամբ թե՛ հրապարակային, թե՛ անձնական շփումներում։

Սա նշանակում է նաև, որ Մարտի 1-ի գործի չբացահայտմամբ շահագրգիռ են ոչ միայն անմիջական մեղադրյալները, այդ մաֆիան, այլ նաև նրանց տեխնիկապես աջակցություն ցույց տվող և քաղաքական հովանավորություն ցույց տվող ուժերը։

– Ձեր կարծիքով՝ այս գաղտնալսմամբ չապացուցվե՞ց, որ դատական իշխանությունն այդպես էլ չի անկախացել։ Դատավորները դարձյալ իշխանությանն են դիմում վճիռ կայացնելիս։

– Իհարկե կարող են ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը քննարկել նաև իրավական հարցեր, տեղեկություններ փոխանակել, բայց ինձ մտահոգում է դատական իշխանության հետ առնչություն ունենալու մասին դրվագը։

Որքան ես հասկացա ԱԱԾ տնօրենի այդ գաղտնաձայնագրման տեքստից, դատավորը զանգել է ԱԱԾ տնօրենին։ Այսինքն՝ այդ դատավորն արդեն իսկ որևէ իրավասություն չպետք է ունենա Մարտի 1-ի գործով որևէ հարցի հետ՝ կալանքի միջնորդության քննարկման, էլ չեմ խոսում՝ դատաքննության և ընդհանրապես որևէ քննչական գործողության հետ կապված միջնորդությունների բավարարման հետ։

Ես կարծում էի, որ միայն ԱԱԾ-ն կարող է գաղտնալսել կամ ոստիկանության ստորաբաժանումները։ Բայց բանից պարզվում է, որ կան այդ ուժերը և կառույցները, որոնք կարող են իրենց նման ապօրինություն թույլ տալ։ Սա բավական լրջորեն մտահոգում է, որ փաստորեն Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը հանձինս այդ ուժերի, մեղադրյալների, կասկածյալների և նրանց հովանավորների, ունի լուրջ դիմադրություն և լուրջ հնարավորություններ խոչընդոտելու նախաքննությունը։

Սա վկայում է այն մասին, որ Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալները պետք է գտնվեն կալանքի տակ։ Իհարկե, ուղղակի ապացույց չկա, թե ո՛ւմ կողմից է այդ ապօրինությունը կատարվել, բայց շահագրգռությունը վարկաբեկելու մարդկանց, որոնք անմիջականորեն թե՛ քննությամբ են զբաղվում, թե՛ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման լիազորություն ունեն դատարանի որոշմամբ, խոսում է այն մասին, որ բացի ապատեղեկատվությունից, պատասխանատվությունից խուսափելու նպատակով փորձում են նաև վարկաբեկել մարդկանց, որոնք էական դեր ունեն այդ հանցագործության բացահայտման գործում։

Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները, նրանց ղեկավարները լավ գիտակցեցին, հասկացան, որ թուլանալու կամ անզգույշ պահվածքի որևէ հնարավորություն չունեն։ Իրապես լուրջ պատասխանատվություն է նրանց վրա դրված և պետք է գործեն բացառապես օրինականության և իրավական նորմերի շրջանակներում։ Նրանք պետք է հանրությանն իրազեկեն գործով քննության ընթացքի մասին, այնքանով, որքանով նախաքննության գաղտնիք չէ, հատկապես հնարավոր խոչընդոտող գործոնների մասին։

– Մարտի մեկի հետ կապված ՀՔԾ պետի այսօրվա բացահայտումներն ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք նախաքննության գաղտնիությունը պե՞տք էր հրապարակել։

– Նկատենք, որ Մարտի 1-ի գործը ոչ միայն իշխանության գործն է, այլ նաև բոլորիս գործն է, ՀՀ քաղաքացիների գործն է, և այդ գործով տուժող ենք բոլորս։ Սա լրացուցիչ պատասխանատվություն է դնում պաշտոնատար անձանց վրա, նրանք այդ բացահայտման և քննության իրականացման հետ կապված պատասխանատվություն ունեն առաջին հերթին հանրության նկատմամբ։

Կա ևս մեկ հանգամանք, որ այդ մաֆիան, որը փաստորեն ունի նման կարողություններ, տարիներ շարունակ իր կողմից ձևավորված այդ խոցելի կառավարվող դատական համակարգը փորձում է օգտագործել իր շահերի համար։

Այն մեթոդներով, որ կառավարել են՝ գաղտնալսումներ, դոսիեներ, շանտաժներ, ենթարկեցնելով թե՛ ընդդիմադիրներին, թե՛ գործարարներին, այդ մեթոդներով են շարունակում գործել նաև հիմա, նույն գաղտնալսումների, դոսիեների միջոցներով։

Մարտի 1-ի քննությունը պետք է զերծ պահել բոլոր ապօրինություններից, և դրա համար առաջին հերթին պատասխանատու են թե՛ նախաքննություն իրականացնող մարմինը, թե ԱԱԾ-ն, որովհետև Մարտի 1-ի հանցագործությունն ուղղակի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։

Իհարկե, շատ պարզ է այն հարցի պատասխանը, թե ո՛ւմ է շահավետ, որ Մարտի 1-ի պետական ահաբեկչության կամ սահմանադրական կարգը զինված ուժերի ներգրավմամբ տապալելու մեջ մեղադրվողները ովքեր են, և հասկանալի է, որ նրանց միակ պաշտպանության միջոցը մնում է կամ գործի քննությամբ զբաղվողներին հանել հավասարակշռությունից, կամ այնպիսի գործողություններ կատարել, որը կգայթակղի նրանց կատարել ապօրինություններ։

Ես կարծում եմ, որ պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվության զգացումը բավական են, որ նման գայթակղություններին չտրվեն։ Թե ԱԱԾ տնօրենը, թե ՀՔԾ պետը պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն իրենց գործողությունների մասին։ Թեև ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ այլևս քիչ է մատչելի լինելու, բայց պետք է մատչելի դառնան միայն այսպիսի գաղտնալսումների հետ կապված։ Ո՛չ, պետք է հաշվետվությունն ավելի մեծ լինի, որպեսզի կասկածելի հարցեր չմնան հանրության շրջանում։ Շատ ավելի կարևոր է վստահությունը պետական մարմինների նկատմամբ, քան չպատասխանված հարցերը, որոնք կարող են առաջանալ նման գաղտնալսումների միջոցով։ Պետք է ոչ թե գաղտնալսումների հետ կապված հաշվետվություն ներկայացնեն, այլ նաև դա պետք է լինի իրենց գործունեության բնականոն ձևը։

– Ակնարկում եք Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմի՞ն՝ հաշվի առնելով, որ ինքն իշխանություն է եղել։ Այդ գաղտնալսումն ո՞ւմ էր ձեռնտու։

– Ես հարցը տալիս եմ հետևյալ կերպ. ո՞ւմ էր շահավետ նման գաղտնալսումներ իրականացնելը և հենց Մարտի 1-ի գործով։ Պատասխանը ակամայից պարզ է. նրանց, որոնք այդ գործով մեղադրյալներ են։

Մանե Հարությունյան

MediaLab.am