Ալիևի հոխորտանքի պատճառը Հայաստանի իշխանությունների կեցվածքն է, քաղում ենք Փաշինյանի ցանածի դառը պտուղները. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն դելիմիտացիայի աշխատանքները»: Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանի նախագահի այս հստակ ու բաց հայտարարությունից հետո որքանո՞վ է իրատեսական դառնում այդ խաղաղության պայմանագրի կնքումը, և ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս հայտարարությունից հետո։

– Ալիևի նման հոխորտանքի պատճառը հենց Հայաստանի իշխանությունների կեցվածքն է, որն այս 2,5 տարվա ընթացքում բերեց հասցրեց նրան, երբ Ալիևն արդեն ասում է, թե ինչ պետք է անի այլ պետության ղեկավարը։ Եթե հիշում եք, իր ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Իլհամ Ալիևին, որ վերջինս ասի, թե ի՛նչ սահմաններով է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Փաշինյանի նման պահվածքի հետևանքը պետք է լիներ այն, ինչին այսօր ականատես ենք, ու մենք քաղում ենք Նիկոլ Փաշինյանի ցանածի դառը պտուղները։

– Իսկ Հայաստանի իշխանությունն այդ պայմանով կգնա՞ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքման։

– Ես չեմ կարող ասել, թե ինչ կա Նիկոլ Փաշինյանի մտքում, բայց փաստ է, որ խաղաղություն ձեռք չեն բերում մուրալով, դա ևս մեկ անգամ ապացուցվեց, ու դա ապացուցեց Ալիևը։ Որքան Հայաստանի իշխանությունները շարունակեն խաղաղություն մուրալ, այդքան ժամանակ ստանալու են պատերազմ, անարգանք, անկայուն վիճակ։ 

Խոսել ինչ-որ խաղաղության պայմանագրի մասին ուղղակի անիմաստ է, որովհետև նման վարքագծի տեր իշխանությունը չի կարող իրական խաղաղության հասնել։ Կեղծ փաստաթուղթ է, կեղծ օրակարգ, ու ցանկացած պարագայում միակ փրկությունը կլինի այն, որ ընդհանրապես դադարեցվի այդ խաղաղության պայմանագրի մասին խոսելը։

– Արցախի Հանրապետության իշխանությունն ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի այս պարագայում, Արցախի անելիքը ո՞րն է։

– Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է ուժ գտնեն իրենց մեջ ու այս ողջ ճշմարտությունը բարձրաձայնեն ՀՀ իշխանությունների առաջ, ու Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է հասկանան, որ անհնար է առանց Հայաստանի փրկել Արցախը։ 

Բազմիցս ասել ենք, որ առանց Հայաստանի չկա Արցախ, ու հնարավոր չէ մեկը փրկել՝ առանց մյուսի, Հայաստանն ու Արցախը որպես մեկ մարմին պետք է հանդես գան ու կարողանան փրկել միմյանց։ Թյուր է կարծիքը, որը կարծես թե կա Արցախի Հանրապետության իշխանությունների մոտ, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կամ իրենց արտաքին հարաբերություններին չպետք է խառնվել, այլ պետք է մտածել միայն Արցախը փրկելու մասին։

Անհնար է փրկել Արցախը՝ առանց Հայաստանի, ու այս պարագայում մեծ դերակատարում ունեն նաև Արցախի իշխանությունները, որոնք պետք է կարողանան այս ճշմարտությունը բացահայտել ողջ հայ ժողովրդի առջև։ 

– Լիահո՞ւյս եք, որ Արցախի իշխանությունները կանեն դա, պարո՛ն Հակոբյան։

– Ներկայումս այդ ուղղությամբ տարվող աշխատանքների անգամ միտում չենք տեսնում իշխանությունների կողմից, սակայն կարծում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է նման վարքագիծ դրսևորեն: Եթե իրենք պատրաստ չեն, գալու է նոր իշխանություն, որը պատրաստ կլինի բռնել փրկության այդ ճանապարհը։

– ՀՀ խորհրդարանի նախագահն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք «որևիցե իրավունք կասկածի տակ չենք դնում, խոսում ենք դրանց իրականացման հնարավորության մասին։ Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է, և խոսացել են դրա մասին, ու տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել:

Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն և այդ հնարավորությունը, կարծում եմ, լավագույնս օգտագործում են ու իրենք են զբաղվում իրենց իրավունքներով: Մենք կսպասենք և կաջակցենք ու կտեսնենք, թե արտաքին քաղաքական վեկտորը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանության, Ազգային ժողովի, պատգամավորների, ընդհանուր իշխանության, ինչ փոփոխություններ կապրի, և ուր կտանի այդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Սիմոնյանի այս միտքը։

 – Առնվազն անհեթեթություն է ներկայումս խոսել հնարավորությունների մասին մի իշխանության կողմից, որը 2020-ին Արցախի Հանրապետությունը բերեց հասցրեց այնպիսի մի իրավիճակի, երբ այս պետությունը նույնիսկ հնարավորություն չունի հոգալու իր բնակիչների տարրական կենսական պայմանները։

Այն պայմանները, որոնցում այսօր Արցախի Հանրապետությունն է հայտնվել՝ տոտալ շրջափակում, կապի խզում Հայաստանի հետ, տարածքների 75 %-ի կորուստ, հազարավոր զոհեր ու ամենօրյա ռեժիմով նոր դիվերսիաների սպառնալիք ու իրագործում, այս իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները խոսում են հնարավորությունների, ուղիղ շփումների մասին, սա ոչ այլ ինչ է, քան արյունաքամ եղած Արցախին թողնել թշնամու առջև միայնակ, հենց սա է ձեռքերի լվացումը, որի մասին մենք խոսել ենք դեռ վաղուց։ 

Այն ժամանակ, երբ Արցախն իսկապես հնարավորություններ ուներ, երբ Արցախ-Հայաստան կապը շատ ավելի ամուր էր, մենք ունեինք հզոր, միասնական պաշտպանական ու տնտեսական համակարգ, այդ ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունը երբեք չէր խոսում Ստեփանակերտ-Բաքու շփումների մասին, իսկ հիմա, երբ տեսնում է, որ մեր բոլոր հնարավորությունները, ինչ ունեինք, այլևս չկան, խոսում է այդ մասին։ 

Առնվազն տարակուսելի ու անհասկանալի է, որ նույն միտքն արտահայտում է ՀՀ Ազգային ժողովի նախագահը, փաստորեն ստացվում է, որ նրանք նույն խոսույթի, թեզի շարունակողներն են։ Չի կարելի այսօր խոսել որևէ ուղիղ շփման մասին, երբ մենք այս վիճակում ենք։ 

Ինչ վերաբերում է իրավունքներին, ապա ՀՀ իշխանությունները բազմիցս են խոսել, որ իրենց համար կարևոր են Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ դրանց մեջ իրենք ի նկատի չունեն ինքնորոշման իրավունքը։ Մենք մեր ինքնորոշման իրավունքը վաղուց ենք իրացրել, այսօր պետք է ընդամենը դա պաշտպանել, այլ ոչ թե հումանիտար կամ այլ իրավունքներից խոսել։ 

Նմանատիպ հայտարարություններով իրենք ուզում են արդարացնել իրենց ազգակործան քաղաքականությունը, տպավորություն ստեղծել, թե իրենք ևս մտածում են Արցախի Հանրապետության մասին, բայց մենք բազմիցս ականատես ենք եղել, որ նույն պաշտոնյաները ուղիղ ու հստակ պատասխաններից խուսափում են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am