Ընդդիմությունը չի կարողանում ընդունել, որ դատաիրավական համակարգը գործում է անկախ, որովհետև դա իրենց համար խորթ է,. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը 

– Տիկի՛ն Ղազարյան, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին դատարան տեղափոխելու տեսանյութը բուռն քննարկումների տեղիք տվեց, ոմանք այն համարեցին խոշտանգում հիվանդ մարդու նկատմամբ, կարծիքներ հնչեցին, որ այս կերպ իշխանությունը փորձում է իր ուժը ցուցադրել, վախի մթնոլորտ սերմանել երկրում: Քննադատություններին ինչպե՞ս կարձագանքեք:

– Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև նմանատիպ խոսակցություններ եղան նաև Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հետ կապված: Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգը չի արել այնպիսի բան, որն իրավաչափ չէր լինի, ավելին՝ խոշտանգում կլիներ, ես կարծում եմ, որ իրավապահներն ունեցել են բավարար վստահություն, որ իրենք Գագիկ Խաչատրյանին որևէ կերպ ցավ չեն պատճառում, ու նման կերպ նրան ձերբակալելը խնդրահարույց չէ: 

Ես հակված եմ այդպես մտածելու, որովհետև մանրամասներին տեղյակ չեմ, միշտ խուսափում եմ նման հարցերին ուղիղ պատասխանելուց, բայց եթե իրավապահները գնացել են այդ քայլին, ապա կարծում եմ, որ ունեցել են այդ գործողությունն իրականացնելու համար հստակ հիմքեր: Հետագայում արդեն պետք է լսենք ՄԻՊ-ին, որովհետև սկսել են ինչ-որ գործողություններ, ես ինքս չեմ կարող գնահատական տալ իրավապահների աշխատանքին:

– Եթե մի կողմ դնենք իրավական գնահատականը, որպես մարդ՝ ինչպիսի՞ տպավորություն թողեց այդ տեսարանը ձեզ վրա։

– Չգիտեմ, ինձ համար անհասկանալի էր ամեն դեպքում, որովհետև մենք մինչ այս նման տեսարանի ականատես չենք եղել, բայց ինչքանով էր իրավաչափ, կրկնում եմ, հստակ գնահատական տալ չեմ կարող: 

– Հիշատակեցիք ԲՀԿ առաջնորդի ձերբակալության մասին, այն ժամանակ էլ հնչեցին քննադատություններ, որ նման կերպ իշխանությունը փորձում է ուժ ցուցադրել: Ձեր քաղաքական թիմում կա՞ այդ մոտիվացիան:

– Այդ ամենը պետք է ունենա տրամաբանություն, ինչի՞ համար է մեզ հիմա պետք ուժի ցուցադրություն, բացարձակապես չկա տրամաբանություն այդ ամենում: Պետք է ուղղակի հստակ փաստենք, որ այս պրոցեսները սպասելի էին՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, թե՛ Գագիկ Ծառուկյանինը և թե՛ մյուսներինը: Անմեղության կանխավարկածն իհարկե չխախտելով, այնուամենայնիվ, դատելով այդ փաստերից, դեռ մի բան էլ ուշացած է այս ամենը: Երբ էլ լինեին այս ձերբակալությունները, միևնույն է, միշտ առիթ կգտնեին այդ ամենը փաթեթավորել այսպես ասած քաղաքական սոուսով: Ես վստահեցնում եմ, որ նման խնդիր ընդհանրապես չկա, բոլորի համար էլ պարզ են այն հիմքերը, որոնցով այդ անձինք կալանավորվել են: 

– Ասում եք, թե սպասելի էին այս կալանավորումները, ընդդիմությունն էլ է դա ասում, և ոչ միայն նրանք, բայց ի տարբերություն ձեզ՝ նրանք դա պայմանավորում են Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղիղ հրահանգով, ինչը վերջերս կրկին Փաշինյանը հաստատեց, նշելով, որ «ասել եմ՝ կզացնելու եմ ու կզացնում եմ»: Ինչո՞ւ հանրության մի մասն այդպես էլ չի վստահում դատական համակարգի անաչառությանն ու անկախությանը:

– Մեր ընդդիմությունը չի կարողանում ընդունել, որ դատաիրավական համակարգը գործում է անկախ, որովհետև դա իրենց համար խորթ է, քանի որ իրենց ժամանակ նման բան չի եղել: Ես ասում եմ՝ սպասելի էին, որովհետև այս գործերը երեկ կամ մեկ տարի առաջ չէ, որ նախաձեռնվել են, մի քանի տարի է, ինչ լսում ենք, որ նման գործեր նախաձեռնվել են:

Չի կարող Երևանի Կենտրոնում մեկ անձ ունենա այդքան անշարժ գույք, ու դա տեսանելի չլինի որևէ մեկի համար, այսինքն՝ կան ակնհայտ փաստեր, որոնց հիմքով էլ գործում է իրավապահ համակարգը: Հրահանգներով եթե լիներ, ապա այս ամենը տեղի կունենար դեռ այն ժամանակ, երբ մենք առաջին անգամ իշխանություն դարձանք:

Կոչ եմ անում վստահել պետական ինստիտուտներին, ու թողնենք, որ իրենք իրենց գործառույթը իրականացնեն, պետք չէ բոլորս դառնանք իրավական հարցերով մասնագետ, վարակաբան կամ այլ ոլորտի ներկայացուցիչ, խնդրում եմ, եկեք ամեն մեկս սահմանափակվենք մեր գործունեության տիրույթով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am